▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսները պատարագ կմատուցեն. «Ժողովուրդ»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ փետրվարի 21-ին լրանում է Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի մահվան 40 օրը: Մի քանի օր շարունակ քաղաքում լուրեր էին պտտվում, թե փետրվարի 22-ին՝ ռուսական «մասլենիցայի» օրը, ռուս սպաները մեծ տոնախմբություն են անելու: Այս լուրերը ոտքի էին հանել մի խումբ գյումրեցիների: Եվ եթե նախօրեին տեղական իշխանությունները տեղյակ չէին սպասվելիք միջոցառումներից, ապա երեկ արդեն այլ հավաստիացումներ էին տրվում:

«Փետրվարի 21-ին եւ 22-ին որեւէ միջոցառում Գյումրիում ռուսական ռազմաբազաների կողմից չի նախատեսվում»,-մեզ հետ զրույցում պաշտոնապես հայտարարեց Շիրակի մարզպետի օգնական Արաքսյա Կիրակոսյանը:

Զրուցելով Գյումրու ռուս ուղղափառ եկեղեցու հոգեւոր հայր Անդրեյ Վալցի հետ՝ տեղեկացանք, որ դեռեւս հունվարի վերջին եկեղեցին իր օրակարգում առանձնահատուկ է նշել փետրվարի 21-ը՝ այդ օրը պատարագ մատուցելու նպատակով:

«Մենք մեծ ափսոսանք ու ցավ ենք ապրում զոհված Ավետիսյանների համար: Փետրվարի 21-ին նրանց մահվան 40 օրվա կապակցությամբ պատարագ է մատուցվում, ցանկացողները՝ հայ, ռուս, թող ներկա լինեն: Փետրվարի 22-ին մենք ոչ մի տոնախմբություն չենք պատրաստում, միայն կրկին պատարագ է մատուցվելու՝ օրվա խորհրդի հետ կապված,-պարզաբանեց հոգեւոր հայրը` ավելացնելով,-ես չգիտեմ, թե ում է պետք գժտություն մտցնել հայերի եւ ռուսների միջեւ՝ շարունակ նման լուրեր տարածելով ու կրակի վրա յուղ լցնելով»:

Իսկ, ահա, ոտքի ելած գյումրեցիները համոզված են, որ եթե չլիներ իրենց անհամաձայնության նման դրսեւորումը, գուցե հակառակը տեղի ունենար:

Հեղինակ` ԱՐԵՎԻԿ  ՀԱԿՈԲՅԱՆ  

Գյումրի

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more