▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա ֆեդերացիայի գիտակցված որոշումն է՝ հեռացնել լեգենդար ակումբին Հայաստանի առաջնությունից

Երևանի «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը Championat.com-ին տված հարցազրույցում խոսել է ՀՖՖ-ի կողմից Հայաստանի առաջնության տնային հանդիպումների համար օգտագործվող Աբովյանի մարզադաշտի վարձակալության պայմանագրի միակողմանի լուծման, ինչպես նաև պահեստային համարվող Արմավիրի մարզադաշտի տրամադրումը մերժելու մասին։

Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

«Իրավիճակը բավականին բարդ է զարգանում, քանի որ առաջնության միջնամասում «Փյունիկը» միանգամից զրկվեց և՛ հիմնական, և՛ պահեստային մարզադաշտերից։ Նրբությունն այն է, որ բոլոր ազատ դաշտերը պատկանում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, և մենք հնարավորություն ունենք խաղալ միայն այլ թիմերի խաղադաշտերում, եթե նրանք համաձայնվեն։ Շնորհակալություն Գյումրի քաղաքի «Շիրակ» ակումբին. նրանք թույլ տվեցին, և մենք հաջորդ տուրի հանդիպումը կանցկացնենք իրենց մարզադաշտում։ Բայց մենք ստիպված ենք լինելու մեկնել մեկ այլ քաղաք, որը գտնվում է Երևանից մոտ 200 կիլոմետր հեռավորության վրա։ Հասկանալի է, որ երկրպագուները չեն կարողանա մասնակցել դրան, քանի որ ճանապարհը երկար է։ Իրավիճակը շատ ծանր է:

Սա ֆեդերացիայի գիտակցված որոշումն է՝ հեռացնել լեգենդար ակումբին Հայաստանի առաջնությունից։ Կարծում եմ, որ սրանից հետո «Փյունիկը» կդադարի գոյություն ունենալ։ Դժվար կլինի։ Ընդ որում, պայմանագրերով բազմաթիվ ֆուտբոլիստներ ունենք՝ թե՛ տեղացի, թե՛ արտասահմանցի։ Այսօր մեր խաղացող Արտակ Դաշյանը ազգային հավաքականի առաջատարներից է. նա գոլի հեղինակ է դարձել Թուրքիայի հետ խաղում։ Այդուհանդերձ, ֆեդերացիան փորձում է նրան զրկել խաղալու հնարավորությունից։ Այս որոշումների մեջ շատ անհեթեթություն կա»,- ասել է Սողոմոնյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more