▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շարմազանովը՝ Սերժ Սարգսյանի՝ Ազատության հրապարակ չայցելելու մասին

Սերժ Սարգսյանը չի պատրաստվում այցելել Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Ժառանգություն կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին:

Գգրել էր galatv.am-ը, որի թղթակցի հետ զրույցում այդ մասին ասել էր ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը. «Չեմ կարծում, որ կգնա, որովհետև հանդիպումը, բնական է, չի կարող քաղաքական լինել, դա ակնհայտ է»,- ասել էր նա:

Ինչու՞ Սերժ Սարգսյանը չի այցելում Րաֆֆի Հովհաննիսյանին,  galatv.am-ի այս հարցին ՀՀԿ մամլո խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տվել է հետևյալ պատասխանը. «Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին երկխոսության առաջարկ է արել, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է, և եթե մեր նպատակը երկխոսությունն է, ապա կարծում եմ, որ երկխոսությունը լինում է համապատասխան ֆորմատով և համապատասխան տեղում: Մենք երբեք հրապարակային երկխոսությունից չենք հրաժարվել, բայց հրապարակներում երկխոսություն չի լինում, հրապարակներում միտինգներ է լինում»:

ՀՀԿ խոսնակի գնահատմամբ՝ այս օրերին իրենց քաղաքական թիմի բազմաթիվ անդամներ արդեն իսկ այցելել են Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Ժառանգության առաջնորդին: «Սկսած հանրապետության երկրորդ դեմքից՝ Հովիկ Աբրահամյանից, պատգամավորներ Մարգարիտ Եսայան, Խոսրով Հարությունյան, կոալիցիոն էլի գործընկերներ, այնպես որ չեմ կարծում, թե այստեղ կարիք կա մութ սենյակում կատու փնտրել»:

Այն հարցին, թե՝ Դուք Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը որակել եք որպես շանտաժ, այն, ըստ Ձեզ, ո՞ւմ դեմ է ուղղված, Էդուարդ Շարմազանովը տվել է հետևյալ պատասխանը. «Ես կարծիք հայտնել եմ ու պնդում եմ, որ այն քաղաքական գործիչները, ովքեր որ իրականացնում են քայլեր, որոնք որ փակուղի են տանում, դրանք շանտաժ են: Եթե որևէ մեկը ինձ կարող է ասել, որ մարդ կարող է կանգնել ու ասել, թե ինագուրացիան լինի միայն ու միայն իմ դիակի վրայով, այստեղ իր անձնական առողջության խնդիրը բերել, բնականաբար սա շանտաժ է: Իհարկե մենք քրիստոնյա մարդիկ ենք, և որևէ քրիստոնյա մարդու առողջություն և նաև կյանքը չի կարող մեզ համար գնահատելի չլինել, մտահոգիչ չլինել: Այս իմաստով եթե մարդիկ ասում են՝ եթե այս բանը չանես, ես ինձ կսպանեմ, կամ՝ իմ դիակի վրայով, ապա դա շանտաժ է»: Ըստ ՀՀԿ մամուլի խոսնակի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը շանտաժ է՝ նաև ուղղված քաղաքական պրոցեսներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more