Telcell-ի և Shtigen Group-ի համատեղ ջանքերով Նոյեմբերյանի պետական քոլեջը ձեռք կբերի էներգետիկ անկախություն։ Կրթական հաստատությունում տեղադրվել է 24․6 կՎտ հզորությամբ արևային կայան ու 300 լիտր տարողությամբ արևային ջրատաքացուցիչ:
«Արևածագ» խորհրդանշական անվանումը ստացած ծրագիրն իրականացվում է նախաձեռնող ընկերությունների կորպորատիվ ազգային պատասխանատվության շրջանակում, նպատակն է՝ արևային տեխնոլոգիաների միջոցով երկրում հաստատել էներգետիկ անկախություն՝ առաջնահերթություն տալով սահմանամերձ բնակավայրերին։ «Արևածագ»-ի շարունակականությունն ապահովելու նպատակով խրախուսվում են նվիրատվությունները, որոնք կարելի է կատարել նաև Telcell տերմինալներով և Telcell Wallet հավելվածով։
«Մենք 17 տարի շարունակ օգնում ենք կյանքի կոչել նախաձեռնություններ, որոնք նպաստում են Հայաստանի բնակչության բարօրությանը։ Կոչ ենք անում այլ ընկերությունների ևս ներդրում կատարել և օգնել Նոյեմբերյանի պետական քոլեջին էներգետիկ անկախություն ձեռք բերել արևային տեխնոլոգիաների միջոցով․ դա բազմաթիվ հնարավորություններ կստեղծի ուսանողների համար»,- նշում է Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը։
Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանն իր հերթին հավաստիացնում է, որ նշված ռազմավարական նշանակության նախագծի շարունակական ընթացքը, անկախ հանգամանքներից, շատ կարևոր է։ «Մեր երկրի առջև ծառացած էներգետիկ մարտահրավերները հաղթահարելու համար պետք է համախմբել ջանքերը՝ առանց ժամանակ կորցնելու և հետ նայելու։ Ուրախ եմ, որ մեր գործընկերների շարքում են սոցիալական պատասխանատու վարքագիծ որդեգրած այնպիսի ընկերություններ, ինչպիսին Telcell-ն է, որը գիտակցում է էներգետիկ կայունության կարևորությունը»,- ասում է Shtigen Group-ի հիմնադիր տնօրենը։
Արևային կայանն ու ջրատաքացուցիչը երկար տարիներ կբավարարեն Նոյեմբերյանի պետական քոլեջի էներգետիկ կարիքները։ Ծրագրի շրջանակում քոլեջին կտրամադրվեն նաև ուսումնական ջրատաքացուցիչներ, դիդակտիկ պարագաներ, անվտանգության համակարգեր (բարձրության վրա աշխատանքների համար), կրթական նյութեր, որպեսզի ուսումնարանում զարգանա նաև վերականգնվող էներգետիկայի ճյուղը։
«Նոյեմբերյանի պետական քոլեջում մեկ տասնյակից ավելի մասնագիտական բաժին կա, այդ թվում՝ վերականգնվող էներգետիկայի։ Տարեկան մոտ 2 մլն դրամի խնայված միջոցներով կվերանորոգվի մասնագիտական լաբորատորիան, կթարմացվի նյութատեխնիկական բազան, ձեռք կբերենք համակարգչային տեխնիկա։ Նախատեսում ենք նաև գերազանց առաջադիմությամբ ուսանողներին տալ կրթաթոշակ»,- նշում է կրթական հաստատության տնօրեն Կարեն Նազարյանը։
Telcell-ի և Shtigen Group-ի միջև դեռ 2022 թվականին կնքվել էր համագործակցության հուշագիր, որի շրջանակում ֆինանսական ոլորտի առաջատար ընկերությունը 7,4 մլն դրամ էր հատկացրել «Արևածագ Արցախում» նախագծին, որպեսզի Մարտունու արհեստագործական ուսումնարանը լիակատար անցում կատարեր վերականգնվող էներգետիկային։ Նախագիծը չէր իրականացվել Արցախի շրջափակման, հետագայում՝ հայաթափման պատճառով: Նվիրաբերված գումարը նպատակին ծառայեցնելու համար անցած մեկ տարում բազմաթիվ նախագծեր էին քննարկվել։ Արդյունքում՝ երկու ընկերությունները կանգ են առել Նոյեմբերյանի պետական քոլեջում էներգետիկ անկախություն հաստատելու ծրագրի վրա՝ խթանելով ոչ միայն վերականգնվող էներգետիկայի զարգացումը, այլև՝ կրթական բաղադրիչը։