Թուրքիայում տեղակայված գերմանական ոստիկանությանը հստակ հրաման էր տրված. փետրվարի 23-ին նրանք պետք է Գերմանիայի պաշտպանության նախարարի ավտոշարասյան համար, որը պետք է այցելեր թուրքական զորամաս, ապահովեին ազատ և անխափան երթ:
Հստակ կատարելով հրամանը` գերմանացի զինվորականները, արմունկներն իրար մեջ անցկացնելով, շղթա կազմած, փակում են ճանապարհները` ընդհուպ զորամասի տարածքում գտնվող մի երկրորդական ճանապարհը, որը հատում էր նախարարի ավտոշարասյան երթուղուն:
Նախարարի անցնելուց մոտ 1 րոպե առաջ հանկարծ զինվորականների հետևից բարձր արագությամբ մեծ քանակությամբ թուրքական զինվորական մեքենաների շարասյուն է գալիս և ընդհուպ 10 սմ մոտենալով գերմանացի զինվորականներին` փորձում են ստիպել գերմանացիներին բացել ճանապարհը: Բայց գերմանացիները, հստակ կատարելով իրենց վրա դրված հրամանը, տեղից չեն էլ շարժվում:
Թուրք գեներալը, տեսնելով, որ ճամփա չեն տալիս, մեքենայից ցատկելով ներքև, գոռգոռոցով ու թուրքերեն անիմաստ խոսելով` հարձակվում է գերմանացիների վրա:
Թուրքերենով նա «ոռնալով» զինվորականների վրա` վիրավորում է նրանց` ասելով` «չքվիր տականք»: Հետո նա բռնելով աջ կողմում կանգնած զինվորի ձեռքից` նրան դժվարությամբ հրում է մի կողմ ու հարվածում զինվորի կողքին կանգնած կրտսեր հրամանատարին:
Գեներալը նաև իր զայրույթն է թափում վազեվազ միջադեպի վայր հասած գերմանացի ավագ լեյտենանտի վրա, որը փորձում էր վեճը հարթել: Ինչպես գերմանական բանակի գաղտնի հաշվետվության մեջ ավագ լեյտենանտն է նշել «Նա շարունակում էր շատ բարձր, անդադար ու անիմաստ գոռգոռալ ինձ վրա, ակնհայտ երևում էր, որ հոգեբանորեն ու ֆիզիկապես նա այլևս ի վիճակի չէր իրեն զսպել. նրա բարձր տոնը, ձեռքով-ոտքով խոսելը և իմ դեմքին շատ մոտ կանգնած գոռգոռալը համարում եմ անընդունելի»:
Մի ուրիշ թուրք պաշտոնյա, տեսնելով այս ամենը, գեներալին օգնելու նպատակով վազքով մոտենում և ամբողջ ուժով այնպես է հարվածում գերմանացի ավագ լեյտենանտի կողերին, որ նա կանգնած տեղը սկսում է տատանվել: Միջադեպից անմիջապես հետո բժիշկները նրա մոտ կողոսկրերի ծանր վնասվածքներ են ախտորոշում:
Հեղինակ` Յուրիկ Գյուլբեկյան
Դանիա