Տղան գիտեր, որ դժվարը կռվին նախորդող րոպեներն են։ Սաստկացող թշնամանքի մթնոլորտին նրա սիրտը չէր ընտելանում։ Թշնամանքի թույնը կաթում էր անքեն սրտի նուրբ թաղանթին եւ սրտխփոցը դղրդում էր ականջներում։ Բայց դա անցնում էր առաջին, երկրորդ, երրորդ հարվածից հետո․ ստանալուց կամ հասցնելուց։
Նա քաջ գիտեր առաջին զարկի առավելությունը, բայց չէր կարող առանց ուղեղի մթանգնումի մարդու աչքերին նայել ու խփել եւ, որպես կանոն, առաջինը խփում էին իրեն։ Դա այնքան սարսափելի չէր։ Վատը կռվից մնացող քենն էր։ Այդ ոխակալ անվստահության տեւողությանը նրա սիրտը չէր դիմանում։ Ելքը այն էր, որ հակակշիռ թշնամանքով մտասեւեռվեր, թշնամանքի օդով սնվելով՝ իր կորովը տեղը պահեր․․․ Բայց դա ի՞նչ կյանք էր։ Շուրջբոլորը այնքա՜ն ներդաշնակ ու կոպտությունից շեղող բան կար, տղայի միտքը հափշտակող այնքա՜ն գաղտնիք կար ծալ-ծալ բացվող աշխարհի վրա, եւ նա այնքան ցրված էր լինում, այնքան անպատրաստ, զգոնությունը կորցրած այնքան, որ այս անգամ էլ առաջինը խփում էին իրեն։ Եվ շատ դեպքերում պատասխան չէին ստանում։
Հիմա այդ կյանքը անցած շրջան էր։ Եթե առաջ կարելի էր անձնական վիրավորվածությանը կարեւորություն այնքան էլ չտալ, կարելի էր մի բան էլ կուլ տալ, ― հիմա ուրիշ էր։ Իր արժանապատվությունը այսուհետեւ իրենից բացի վերաբերելու է նաեւ մեկին։ Հարաբերությունները պարզելու համար ընդամենը երեք-չորս օր ժամանակ կար։ Օր կորցնել չէր կարելի։ Մինչեւ իր աղջկա գալը ինքը պիտի Մեծառեխին կա՛մ ծեծած լինի, կա՛մ աչքի փուշը կոտրած լինի։ Իր աղջկան շենում ծուռ նայող չպիտի լինի։ Իր աղջկա ներկայությամբ իրեն բան ասող չպիտի լինի։
«Վերջ, ― ասաց տղան՝ հայելու առաջ դաստակը վիրակապով փաթաթելիս, ― խելոք ենք եղել, ծեծ ենք կերել, ծաղր ենք հանդուրժել ― անցած լինի։ Ձեր արածը ձեզ հալալ լինի ― այսօրվանից՝ վերջ։ Բանաստեղծություն-բան գրելը հետաձգվում է անորոշ ժամանակով»։
Նա դժվար հասավ այս որոշմանը։ Երբ մտածում էր աղջկա մասին, համակվում էր վճռականությամբ, բայց վճռականությունից բան չէր մնում աղջիկը մտքում չեղած ժամանակ։ Իսկ երբ վերստին մտաբերում էր, հարկ էր լինում ոգու կորովը շնչի բերել մեռյալ կետից։ Բայց ամառային արձակուրդները մոտենում էին, ամեն ամառ հովեկ աղջիկը արդեն մտքում կար անբացակա եւ մտադրությունը դարձավ վճիռ։
Այնինչ մարմնով պատրաստվում էր գարնան սկզբից։ Ակումբի բակից տուն էր քարշ տվել երկու փթանոց գիրերից մեկը ու կպել դրան․․․ Նրա մարզվելը սկզբում, իրոք, նման էր կպչել-մնալու։ Մետաղը հաստոտ ըմբիշի նման իրար չէր գալիս, տղան թպրտում էր ու պարում էր դրա շուրջը, երկաթը տղային ծալում-ծալծլում-հակում էր հողին, ասես ուզում էր կլանել իր պաղ, հոծ ընդերքը։ Տղան գալարվում, բայց պոկ չէր գալիս։ Երկու ելք կար․ կամ պիտի ինքը երկաթին հլու՝ գետինը մտներ, կամ՝ երկաթը գետնից կտրեր։ Երրորդը չկար։ Թողնել գնալը բացառված էր։ Տղան ասում էր ինքն իրեն․ «Ես՝ չէ, երկաթն է ձեռս բռնել, մինչեւ գետնից չկտրվի՝ բաց չի թողնելու։ Պիտի կտրվի»։
Նա շատ լավ գիտեր, որ մնացած մի քանի ամսում ուժից չի տրաքվելու, բայց որ երկաթը գլխից վեր հանելու ձեւը պիտի գտնվի՝ դա անկասկած էր։ Այն օրը, երբ ծանրությունը գլխից վեր հանես, իր գորժելու ժամն էր լինելու։ Ծրագրված էր երկու կռիվ։ Նույնիսկ երեքը։ Քանիսը որ անհրաժեշտ եղավ։
Հիմա կանգնած է զգեստապահարանի հայելու առաջ, հագած ունի անթեւ շապիկ, բազուկների մկանունքը նորվա ջանքից դեռ փքված են, դաստակը՝ պնդված, եւ կենտրոնացած պատրաստվում է կռվի գնալու մի ոհմակի դեմ եւ հետը գնացող մեկը չունի՝ թիկունքին կանգնի։ Եղբայրը մեծ է, ընկերների ոչ բարով թիկունքը ինքն է, ― այսպես անթիկունք գնալու է նրանց թաղը, ովքեր կռվում են միշտ ոհմակով, միշտ՝ թաղովի, միշտ՝ գեղովի ― նույնիսկ մեկի դեմ։
Տղան անուշ մի թախիծով խղճում էր իրեն։ Կռվի մասին մտածում էր որպես եղած բանի, իրեն տեսնում էր ջարդված, բայց աղջկա աչքերի մեջ շիտակ նայելիս։
Վանո Սիրադեղյան