▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրուշոյի` «ՊռեԳոմեշ» տեսահոլովակում կրած զարդերի պատմությունը

Բոլոր նրանք, որոնք տեսել են Սիրուշոյի «ՊռեԳոմեշ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, նշում են երգչուհու գեղեցիկ զարդերի մասին:

ԳԱԼԱ հեռուստաընկերությունը  զրուցել է Լուսիկ Ագուլեցու հետ, որին  էլ հենց պատկանում են այդ զարդերը: Նա  պատմել է զարդերի պատմությունը, խոսել խորհրդանիշների մասին:

- Տիկին Ագուլեցի, ինչե՞ր են հաշվի առնվել Սիրուշոյի կերպարը ստանալու ժամանակ:

- Յուրաքանչյուր զարդ իր տեղում է. քունքազարդ, ճակատնոց, վզնոց: Բոլորն իրենց տեղում են, դրա պատճառով էլ զարդերը նայվում էին այդքան լավ և համապատասխանում էին կերպարին:

- Որտեղի՞ց եք վերցրել զարդերը:

- Դրանք իմ անձնական հավաքածուից են, թվագրվում են` 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ: Զարդերի հիմնական մասը բերված է Արևմտյան Հայաստանից:

- Այնուամենայնիվ, կայի՞ն այնպիսի զարդեր, որոնք Սիրուշոն չկրեց:

- Այո, դա լուսնի և եռանկյունու խորհրդանիշով զարդն էր, որը նա չկրեց, որովհետև ծանր էր: Լուսինը կնոջ ցիկլի նշանն է, եռանկյունին՝  տիեզերքի խորհրդանիշը:

- Սիրուշոն իր տեսահոլովակում հատուկ կերպով ցուցադրում է ձեռքի զարդերը: Կպատմե՞ք, ինչ զարդեր են դրանք:

- Ձեռքի երեսինը թռչնազարդ է, որը թուխսի պատկեր է: Դա մայրության խորհրդանիշ է: Դաստակին երկնային մարմիններ են, ինչպես նաև կան կողպեքի, բանալու, կակաչի միջուկ պատկերող զարդեր, որոնք բերանը փակ պահելու խորհրդանիշներ են:

- Այսինքն` կարող ենք ասել, որ Սիրուշոն կրել է այն զարդերը, որոնք հնում կրում էին իր հասակակիցները:

- Իհարկե: Դրանք կրում էին երիտասարդ կանայք, որպես պտղաբերության նշան:

- Վերջում կխնդրեի, որ որպես խորհուրդ նշեիք, թե ինչպես պետք է կրել մատանի:

- Ամեն մի գավառում մի ձև է եղել: Կային վայրեր, որտեղ չամուսնացած աղջիկներին արգելված էր մատանի կրել, որոշ տեղերում՝ միջնամատին: Ամուսնացած կանայք մատանին հագցնում էին մատնեմատին, իսկ տատիկները՝ ճկույթին: Երբ կինը դառնում էր պատկառելի տարիքի և համարվում էր տան մեծը՝ բոլոր տասը մատներին մատանիներ էր դնում: Այստեղ ավելի շատ կարգավիճակի հարց է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more