▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկանդալ Ստամբուլի հայ համայնքում

Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը բանադրել է (հեռացնել եկեղեցու շարքերից) պոլսահայ համայնքի ներկայացուցիչներից մեկին: Պատրիարքարանի այս որոշումը աղմուկ է բարձրացրել համայնքում, քանի որ նման որոշում եկեղեցին չէր կայացրել իր հոտի անդամների վերաբերյալ ավելի քան մեկ դար: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ պոլսահայ ոսկերիչ Լևոն Գագաչյանի՝ հայ առաքելական եկեղեցուն անդամակցելը կասեցնելու որոշման պատճառը եղել է սոցիալական ցանցերում պատրիարքարանի ու դրա ղեկավար հոգևորականների հասցեին նրա արած գրառումները: Պատրիարքարանի հայտարարության մեջ նշվում է, որ Գագաչյանին 1 շաբաթ ժամանակ է տրվել սոցմեդիայում պատրիարքի ու եկեղեցու մյուս ծառայողների մասին գրառումները դադարեցնելու, եղածները ջնջելու և ապաշխարելու համար:

Այնուհետև այդ ժամանակը երկարացվել է Սուրբ Ծնունդի կապակցությամբ, սակայն Գագաչյանը շարունակել է գործել նույն կերպ։

«Հանրությանը հայտնում ենք, որ սկսյալ հունվարի 14-ից նրա կապերն այլևս խզված են հայ եկեղեցու հետ»,- ասված է պատրիարքոարանի հայտարարությունում:

Իրադարձությունները, սակայն, այսքանով չեն վերջացել: Գագաչյանն այդ թեմայով հարցազրույց է տվել թուրքական առաջատար «Hürriyet» իշխանամերձ թերթի կայքին: Նա պնդել է, որ պարտիարքարանի որոշումն իր համար անակնկալ է եղել, քանի որ դրանից առաջ պատրիարքը իրեն հրավիրել էր իր մոտ, նրանք զրուցել ու համաձայնության էին եկել: Ըստ Գագաչյանի՝ նրանք պայմանավորվել էին, որ ինքը կջնջի գրառումներն ու այսուհետև խնդիրների մասին կասի ուղիղ պատրիարքին: (Ըստ տեղեկությունների՝ Գագաչյանը չի ջնջել գրառումները):

«Բանադրման որոշումը կարդալիս շատ զարմացա: Թուրքիայի պատրիարքությունը այդ բանն անելու իրավունքը չունի: Իմ խնդիրը եկեղեցին չէ, անձերն են: Ինձ ուղարկած որոշման տակ ստորագրած բոլոր անձանց դատի եմ տալու»,- ասել է Գագաչյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more