▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոցիալական բունտի նախադրյալներն առկա են, հեռանկարը չի երևում…

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին ընդդիմացող «Դեմ եմ» շարժումն այսօր հանրահավաք–երթեր է անցկացրել Լոռվա մարզի Վանաձոր ու Ալավերդի քաղաքներում։
Սա, թերևս, առաջին դեպքն է, որ քաղաքացիական շարժումը դադարում է զուտ երևանյան լինելուց։
Փաստն ինքնին դրական է։
Այս համատեքստում՝ բնական հարց է առաջանում. արդյո՞ք Հայաստանում հնարավոր է սոցիալական բունտ։
Միանգամից ասեմ, որ դրա նախադրյալները կան ու ընդ որում՝ նման հեռանկարի դեպքում, բունտը քաղաքական դեմք չի ունենա, ինչը հղի է վտանգավոր հետևանքներով(հիշենք՝ արաբական իրադարձությունները, կամ թեկուզ՝ Մայդանի որոշ դրսևորումներ)։
Սոցիալական բունտի նախադրյալներ են՝ կոռումպացված իշխանության ու օլիգարխների առկայությունը, համատարած աղքատությունն ու գործազրկությունը, փոքր և միջին ձեռնարկատիրության անկումը։
Այս ամենը Հայաստանում կա, դրան գումարած նաև՝ քաղաքական համակարգի տոտալ ճգնաժամը, քաղաքացիական հատվածի օտարումն այդ համակարգից։
Բայց նույն «Դեմ եմ» շարժումը լոկալ պայքարի դրսևորում է, ձևով «էլիտար» է՝ հասարակության լայն շերտերին չմիավորող։
Ու եթե քաղաքացիական խմբերը չկարողացան միավորվել ու միավորել հասարակությանը գլոբալ այնպիսի խնդրում՝ ինչպիսին է գազի սակագնի թանկացման դեմ պայքարը, որը հարված է յուրաքանչյուր ընտանիքի գրպանին, ապա սոցիալական բունտի հեռանկար մոտ ապագայում տեսանելի չէ։ Մեր հասարակությունը պայքարում է «ոտքերով»՝ արտագաղթում է։ Սա ողբերգություն է, բայց՝ փաստ։
Սակայն իշխանությանը չպետք է ոգևորի այս վիճակը, որովհետև անարդյունավետ կառավարման շարունակելիության դեպքում՝ սոցիալական բունտ կոչվող ուրվականը մի օր կթակի նրա դուռը…

Սուրեն Սուրենյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more