▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոթքի և Ագարակի հանքավայրերը շահագործող «Գեոպրոմայնինգ»-ի ակտիվները տեղափոխվել են Էմիրություններ

«Հետք»-ը գրում է․ Հայաստանում Սոթքի ոսկու հանքավայրը, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ում զարգացումներ կան. այստեղ նոր բաժնետերեր են հայտնվել, տեղափոխություններ են գրանցվել նաև ակտիվները կառավարող բաժնետեր ընկերությունում:  

«Գեոպրոմայնինգ Գոլդ»-ի նոր բաժնետերը՝ «Նեո Մետալս» ՍՊԸ-ն, Հայաստանում գրանցվել է 2023թ. մարտի 16-ին: Իր հերթին, «Նեո Մետալս» ՍՊԸ-ի բաժնետեր է «Նեո Մետալս Հոլդինգ լիմիթեդ» բաժնետոմսերով սահմանափակ մասնավոր ընկերությունը: Վերջինը գրանցված է Արաբական Միացյալ Էմիրություններում: 

Համաձայն իրական շահառուների հայտարարագրի՝ «Նեո Մետալս Հոլդինգ լիմիթեդ»-ը 18,15 % մասնակցությամբ 5 հավասար բաժնետեր ունի, բոլորը ՌԴ քաղաքացիներ են։ Նրանցից 2-ը մնացել են նախկինից և ծանոթ են մեր ընթերցողներին՝ Միրզաազիզ Մուսախանովը և Ելենա Երշովան։ Երկուսն էլ օլիգարխ Ռոման Տրոցենկոյին փոխկապակցված բիզնեսներում ընդգրկված անձինք են։ 

Այստեղ ավելացել են Իրինա Գորշկովան, Եվգենյա Վասիլևան և Ալեքսանդր Տրունովը։ Վերջինների մասին ինֆորմացիան սահմանափակ է, եթե հավատանք ռուսական որոշ կայքերի, ապա Տրոնովը նույնպես Տրոցենկոյի բիզնեսի մասնակիցներից է։ 

Այժմ անդրադառնանք ԱՄԷ-ում գրանցված հիմնական ընկերությանը․  դրա տնօրենը նույն Միրզաազիզ Մուսախանովն է։ «Նեո Մետալս Հոլդինգ լիմիթեդ»-ը նաև բաժնետեր է դարձել ՌԴ-ում գրանցված «Ալրու» միջազգային սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում, որը ղեկավարում է Եվգենյա Գրիգորևան։ Ռուսաստանյան լրատվամիջոցների տվյալներով՝ Եվգենյա Գրիգորևան ղեկավարում է նաև Տրոցենկոյի ընկերություններից մեկը։ 

ՌԴ իրավաբանական անձանց միասնական ռեեստրի տվյալներով՝ «Ալրու»-ն նույն Նիդերլանդներում գրանցված «KARLOU B.V.»-ն է, «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ի նախկին բաժնետերն էր։ Այն ռեդոմիցիլացվել է և դարձել «Ալրու» ՄՍՊԸ։ (Ռեդոմիցիլացումը իրավաբանական անձի տեղափոխումն է մեկ իրավազորությունից (jurisdiction) մեկ այլ իրավազորության ներքո)։ 

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) հրապարակած տվյալները վկայում են, որ 2020-2021թթ․ «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի համար արտահանման նոր երկիր է դարձել Արաբական Միացյալ էմիրությունները։

Եթե նախկինում ընկերությունն իր արտադրանքը՝ ոսկի, արծաթ պարունակող Դորե ձուլակտորներն արտահանում էր հիմնականում Շվեյցարիա, ապա 2020 և 2021թթ․ (2022 և 2023թթ-ի տվյալները դեռևս հասանելի չեն) սկսել է արտանահել նաև ԱՄԷ։   

Հայաստանում գրանցված «Նեո Մետալս» ՍՊԸ-ի տնօրեն է նշանակվել ՌԴ քաղաքացի Բախրոմժոն Աբդուգանիևը: Վերջինս, համաձայն ռուսական աղբյուրների և Linkedin-ի իր գրառման, «Նովապորտի» գլխավոր ֆինանսական տնօերնն է: Նովապորտը, հիշեցնենք, ռուսաստանյան մարզային օդանավակայանները կառավարող ընկերությունն է, որը կրկին պատկանում է ռուս գործարար Ռոման Տրոցենկոյին, մասնավորապես, մաս է կազմում նրա հիմնադրած АЕОN Corporation-ի խմբի ընկերություններին:

Չնայած ռուսական աղբյուրները գրեցին, որ անցյալ տարի Տրոցենկոն վաճառել է АЕОN Corporation-ի իր վերահսկիչ փաթեթը, այստեղ իրեն մնացել է 31%, այդուհանդերձ, հայտնի դարձավ, որ Նովապորտը այդ գործարքի մաս չի կազմել: Ռուսական որոշ աղբյուրներ գրում են, որ Տրոցենկոն վաճառում կամ «բաժանում» է իր բիզնեսը, որպեսզի հեռանա Ռուսաստանից արտահոսած սկանդալային ձայնագրությունից հետո, որտեղ վերջինս մեկ այլ գործարարի խորհուրդ էր տալիս լքել ՌԴ-ն ստեղծված պատերազմական վիճակից հետո։ 

Ավելին, չի բացառվում նրա և ՌԴ կառավարության ղեկավարության հարաբերությունների վատթարացումը, նրա բիզնեսի նկատմամբ իրականացված հետապնդումները։ Այս տարվա հուլիսին Ռոստեխնադզորը(Ростехнадзор) 90 օրով դադարեցրել է Տրոցենկոյին պատկանող ոսկու հանքավայրը շահագործող «Սարիլախ-Սուրմա» (Сарылах-Сурьма) բաց բաժնետիրական ընկերության գործունեությունը կատարած ստուգումների և արձանագրած խախտումների հետևանքով։ Խախտումները վերաբերել են արդյունաբերական անվտանգության պահանջներին: Ընկերությունը գործում է Սախայի Հանրապետությունում (Յակուտիա):«Սարիլախ-Սուրմա» ԲԲԸ-ն «Գեոպրոմայնինգի» ակտիվներից մեկն է, միակ ձեռնարկությունն է Ռուսաստանում, որը մասնագիտացած է ոսկի-անտիմոնիտի հանքաքարի արդյունահանման և վերամշակման մեջ: 

Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Տրոցենկոն նույնպես ուզում է հեռանալ Ռուսաստանից, սակայն, հիշեցնենք, նա ամերիկյան պատժամիջոցների և սահմանափակումների ցուցակներում է։ 

Տրոցենկոյի համար այս տարի փակվել են նաև Եվրամիության դռները։ Հուլիսի 24-ից «Նովապորտը» հայտնվել է ԵՄ բոլոր երկրների սահմանափակումների ցուցակում` ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով: Այդ նույն սահմանափակումների ցուցակում է նաև ինքը՝ Ռոման Տրոցենկոն, քանի որ ՌԴ կառավարությանը պատկանող «Ռոսնեվթ» ընկերության ղեկավար Իգոր Սեչինի խորհրդականն է: Նշվում է, որ Տրոցենկոն նաև Geopromining Investment (CYP) Limited-ի տնօրենն է, նրա ղեկավարած բիզնեսները ՌԴ կառավարության եկամտի զգալի աղբյուր են, հետևաբար, Ռոման Տրոցենկոն նյութապես աջակցում է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, որը սանձազերծել է Ուկրաինա ներխուժումը։   

Geopromining Investment (CYP) Limited-ը նաև հայաստանյան «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի բաժնետերն էր մինչև 2023թ․ ապրիլի 18-ը, որից հետո և նախաձեռնվել է բաժնետերերի փոփոխությունը՝ հայտնվել է «Նեոմետալս»-ը։  

Տրոցենկոն և որդին, իրար հաջորդելով, մինչ այս փոփոխությունները, «Գեոպրոմայնինգի» գլխավոր բաժնետերերն են եղել: Նրանք ամերիկյան պատժամիջոցներից հետո դուրս եկան բաժնետերերի ցանկից: 

Ռուսական լրատվամիջոցներըն ակնարկում և գրում են, որ Տրոցենկոն փորձում է առերևույթ վաճառել իր բիզնեսը և զբաղվել բարեգործություններով, սակայն ստվերում ինքն է մնում նույն բիզնեսի տերն ու կառավարիչը։ Օրինակ՝ նույն АЕОN Corporation-ի իր վերահսկիչ փաթեթի վաճառքը կասկածելի գործարք է համարվում, քանի որ վերահսկիչ փաթեթը վաճառել է հենց АЕОN Corporation-ի ղեկավար կազմին՝ գլխավոր տնօրեն Դմիտրի Միրոնենկոյին և Տրոցենկոյի ածուխյան բիզնեսը կառավարող Ալեքսանդր Օրեխովին։

Ըստ ամենայնի, նա նույն կերպ վարվում է հայաստանյան ակտիվների հետ՝ դրանք բաշխելով իր մտերիմների միջև։ Հետևաբար, պատահական չէ նաև Բախրոմժոն Աբդուգանիևի՝ ֆինանսական հոսքի կառավարչի նշանակումը Հայաստանյան ակտիվների վերահսկողության համար։  

Ինչ է տեղի ունեցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատում 

Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Նեո Մետալս Հոլդինգ լիմիթեդ»-ը բաժնետեր է դարձել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Այստեղ մասնակցությունը մի փոքր այլ է՝ քանի որ շուրջ 21,9%-ը Հայաստանի կառավարությանն է պատակնում,  «Նեո Մետալս Հոլդինգ լիմիթեդ»-ի բաժնեմասը, որը բաժանված է ՌԴ 5 քաղաքացու միջև, շուրջ 60 տոկոս է կազմում․ յուրաքանչյուրը հավասարապես 11,9 % բաժնեմաս ունի։  

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more