▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստորոտում գտնվող ուժեղները չեն հանդուրժում թույլիկների իշխանությունը

Իրեն հարգող պետության համար իշխանության իրավահաջորդության ապահովման խնդիրը ֆունդամենտալ նշանակություն ունի պետական համակարգի ամրապնդման եւ ժողովրդավարական ինստիտուտների անշրջելիության գործընթացում: 
Հայաստանի պարագան մի փոքր այլ է: Մենք ինքներս հանդուրժեցինք, ստեղծեցինք պարարտ հող, որպեսզի մեր աչքի առաջ սրբագրվի, երբեմն նույնիսկ նենգափոխվի նույնիսկ այն ժամանակաշրջանը, որի ականատեսն ենք բոլորս:
Անշուշտ, պատմությունն այլ կերպ կդասավորվեր, եթե 1996թ. սեպտեմբերին հասարակական մտածողության դաշտ չներարկվեր «ցանկապատ ջարդելու միջոցով» իշխանության գալու համենայնդեպս մինչ օրս իրեն չարդարացրած թեզը, եւ ժողովրդի մի ճնշող հատված մինչ օրս չէր տապակվի սին պատրանքներով:
Բոլորովին այլ կերպ կդասավորվեր Հայաստանի քաղաքական ճակատագիրը, եթե ՛՛անկախ Ղարաբաղի նախագահը՛՛ չնշանակվեր Հայաստանի վարչապետ:
Միանգամայն այլ կլիներ պետության զարգացման կոնցեպտը, եթե Հայաստանի ԱԺ նախագահն ու վարչապետը չգնդակահարվեին երկրի պառլամենտում: 
Եվ վերջապես, այսօր ոչ մեկը չի կարող միանշանակորեն ասել, թե 2008 թվականից մինչ օրս ո՞ւր է գնում Հայաստանը...
Իմ կարծիքով, քաղաքական համակրանքներն ու հակակրանքները որեւէ աղերս չունեն պատմական փաստերի հետ: Իսկ փաստերի շարադրանքը դառնում է առավել գայթակղիչ, մանավանդ որ Հայաստանի անկախությունը ծնվել էր ժողովրդավարության գրկում: 
Քաղաքական համակարգի այն կանոնները, որոնք հաստատվել էին Հայաստանում անկախության հռչակումից հետո, սկզբնական շրջանում բացառում էին կրիմինալ կոնտինգենտի ներթափանցումը քաղաքական իշխանության վերնահարկ, եւ Հայաստանի առաջին իշխանության տարիներին երկրում, իր բոլոր թերություններով, մեծ վրիպումներով հանդերձ, հստակորեն արտացոլված էր քաղաքական ուժերի հարաբերակցությունը, ավելին` բուն իշխանության գործադիր հատվածում ուժային տարբեր կառույցների միջոցով հակակշռվում եւ չեզոքացվում էր միաբեւեռ իշխանական բուրգի ձեւավորման վտանգը` ապահովելով պետության ներքին անվտանգությունը:
Չենք ուզում գիտակցել, որ քաղաքականությունը չի հանդուրժում ՛՛եթե՛՛-ներով առաջնորդվելու տրամաբանությունը, սակայն շատ հաճախ էլ չի դիմանում դրա գայթակղությանը: 
Անկախության առաջին տարիներն իրենց դրամատիզմով, թերեւս, պատմական այս փուլում անգերազանցելի է, առավել եւս, որ հենց այդ ժամանակահատվածում վճռվում էր Հայաստանի` որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտի հարաբերությունների ճշգրտումն ու հաստատումը փլուզման եզրին գտնվող բազմաբեւեռ աշխարհի, հարեւան երկրների եւ առհասարակ մոլորակի ՛՛հարց լուծողների՛՛ հետ: 
Փոքրիկ Հայաստանը փորձում էր ձեւավորել իր անվտանգության համակարգը, պետության ներսում ներդնել ժողովրդավարական եւ պետական ինստիտուցիոնալ համակարգերը` զուգահեռ դիմագրավելով էներգետիկ ճգնաժամին, հարեւանների կողմից սահմանների տոտալ շրջափակմանը, տնտեսական կատաստրոֆային եւ, որ ամենակարեւորն է` Ղարաբաղի ուժգնացող պատերազմին:
Հետո աստիճանաբար ներարկվեց ձեռքբերածի մսխման գաղափարը, որն, անշուշտ, հետագայում հասավ գերզարգացման ընթացքի: Արդյունքը բոլորիս ծանոթ է…
Ցավալիորեն, լավից դեպի վատ տանող ճանապարհն անցնելիս մենք անգերազանցելի ենք, իսկ հակառակ ուղղությամբ շարժվելու համար մշտապես բողոքավոր ու անզոր…
Թեև սիրում ենք մշտապես պատի տակ շշնջալ, որ քաղաքականության մեջ չգրված հայտնի մի օրենք կա. ստորոտում գտնվող ուժեղները չեն հանդուրժում թույլիկների իշխանությունը:

Նորայր Նորիկյանի գրառումը

Ֆեյսբուք  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more