▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թամադան նշանակվել է ՊՈԱԿ-ի ղեկավար

Կառավարության սեպտեմբերի 16-ի որոշմամբ, Հայաստանի պարի պետական անսամբլը, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը եւ Հայաստանի պարարվեստի Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթը միաձուլվեցին եւ վերակազմակերպվեցին «Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի: Նորաստեղծ ՊՈԱԿ-ի կազմում ընդգրկվելու է նաեւ ժողովրդական ժանրում մշակութային գործունեություն ծավալող եւս 3 ստեղծագործական խումբ՝ Հայաստանի ազգային նվագարանների նվագախումբը, Հայաստանի գուսանական եւ ժողովրդական երգի պետական եւ Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական համույթները:

Հրապարակ․am-ն է գրում ու մանրամասնում․ 

«Նորաստեղծ ՊՈԱԿ-ը, որը դեռ չունի ոչ հասցե, ոչ տանիք, ինչպես տեղեկացանք, արդեն ունի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Նա «Իմ քայլը» դաշինքից Երեւանի ավագանու անդամ, պրոդյուսեր, հաղորդավար, թամադա Արմեն Սարգսյանն է, ում նշանակումը տեղի է ունեցել օրերս՝ ԿԳՄՍ նախարարի հրամանով։ ԿԳՄՍ նախարարությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ երբ ՊՈԱԿ-ի կանոնադրությունը պատրաստ լինի, այդ ժամանակ էլ տնօրենի մրցույթ կհայտարարվի: «Քանի որ նոր ՊՈԱԿ է, պետք է կանոնադրություն գրեն, հետո դա հաստատվի, նոր` ըստ այդմ, կհայտարարվի մրցույթ»,-փոխանցեցին նախարարությունից՝ հավելելով, որ պարզ չէ, թե տնօրենի մրցույթը երբ կհայտարարվի։ 

Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանին, ապա նրա նշանակումը շատերին եւ զարմացրել է, եւ չի զարմացրել։ Նախ՝ զարմացրել է, որովհետեւ մասնագիտությամբ լրագրող Արմեն Սարգսյանը ոչ երգի, ոչ էլ պարի մասնագետ է եւ հանրային լայն շրջանակներում հայտնի է որպես թամադա, ով տարբեր խնջույքներ ու հարսանիքներ է վարում։ Պարզ չէ, թե ինչ սկզբունքով է ընտրվել եւ նշանակվել հենց նա, ինչու ԿԳՄՍ նախարարի ընտրությունը կանգ չի առել 6 կոլեկտիվներից մեկի տնօրենի վրա, որոնցից որ մեկն էլ նշանակվեր տնօրենի ԺՊ այս անցումային շրջանում՝ մինչեւ նոր ՊՈԱԿ-ի ձեւավորումը, կոլեկտիվները միայն ու միայն կշահեին։ Մյուս կողմից՝ շատերի համար զարմանալի չէ այս նշանակումը, որովհետեւ Արմեն Սարգսյանը «քայլողներից» մեկն է, ում 2 տարի առաջ տեղավորեցին Երգի պետական թատրոնում՝ տնօրենի պաշտոնում, բայց Արթուր Գրիգորյանի մահից հետո տնօրենի պաշտոնը զիջեցին նրա աղջկան` Արմեն Սարգսյանին թողնելով ձեռնունայն, ուստի թիմակցի հանդեպ պարտքի զգացումից ելնելով, նրան որոշեցին տեղավորել նորաստեղծ «Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում։       

Այս առիթով Արմեն Սարգսյանին մի քանի հարց ուղղեցինք․

- Հասցրե՞լ եք ծանոթանալ բոլոր կոլեկտիվների հետ, ի՞նչ տեսլական ունեք նորաստեղծ ՊՈԱԿ-ի հետագա գործունեության հետ կապված։

- Ես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար եմ նշանակվել, մինչեւ մրցույթը կայանա։ Բնականաբար, ուսումնասիրել եմ եւ նոր ընդունել եմ առաջարկը նախարարության կողմից։ Գործը շատ է, ի վերջո, հիմնարկներ են միացել իրար։ Հանդիպել եմ, աշխատում եմ հիմնարկների հետ։

- Իսկ որտե՞ղ եք գնում աշխատանքի, երբ նորաստեղծ ՊՈԱԿ-ը տարածք չունի, եւ այդ բոլոր կառույցները, որպես այդպիսին, մի տանիքի տակ չեն։

- Դե, պետք է հավաքել, դա էլ ամենաառաջնային խնդիրն է, որ պետք է կառույց լինի, որտեղ պայմաններ լինեն։

- Տեղյա՞կ եք, թե որտեղ են այդ 6 ՊՈԱԿ-ներին տարածք տալու։

- Դեռ իրենք իրենց տեղերում կշարունակեն իրենց գործունեությունը` մինչեւ հարցի լուծումը:

- Դուք ոչ երգի մասնագետ եք, ոչ պարի, դժվար չի՞ լինի լեզու գտնել այս խիստ մասնագիտական կոլեկտիվների հետ, ուղղորդել նրանց աշխատանքը։

- Ես մշակութային հիմնարկ եմ ղեկավարել 6 տարի, որից հետո պետական մշակութային հիմնարկ եմ ղեկավարել 3 տարի ու ճանաչում եմ ոլորտի մեծ մասին․․․

- Ի՞նչ եք կարծում՝ Ձեր ո՞ր արժանիքի համար է նախարարությունը տնօրենի ԺՊ-ի պաշտոնում նշանակել հենց Ձեզ, մատնանշում են, որ քայլել եք, ՔՊ-ական եք, ինչը մեր ժամանակներում արդեն բավարար է․․․

- Ես կուսակցական չեմ եւ երբեւէ չեմ եղել որեւէ կուսակցության անդամ․․․

- Բայց ավագանիում «Իմ քայլը» դաշինքն էիք ներկայացնում։

- Ավագանիում առաջարկ է եղել խմբակցության կազմում լինելու, բայց ես կուսակցական չեմ․․․

- Այսինքն` իրենց գաղափարները ոչ կիսում եք, ոչ էլ սատարում եք ներկա իշխանությանը։ 

- Սրանք արդեն քաղաքական հարցեր են, իսկ ես մշակութային ոլորտում եմ գործունեություն ծավալում եւ քաղաքականությունից մաքսիմում հեռու եմ․․․»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more