▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարեց կինը մեր աչքի առաջ մահանում է դանդաղ ու դաժան մահով, և մենք որևէ բան չենք անում

80-ին մոտ մի տարեց կին Երևանի Խանջյան փողոցի նստարաններից մեկի վրա նստած էր կիսամեռ վիճակում: Նրա ոտքերին կոշիկ չկար և ըստ երևույթին, փտած ոտքերի քորին կամ ցավին չդիմանալով` նա պարբերաբար ջրով թրջում էր ոտքերը: Ամբողջ շրջապատում տհաճ հոտ էր տարածված` դատելով նրա նստած նստարանի վիճակից: Կինը, արդեն ինքն էլ չդիմանալով իր շուրջը ստեղծված աղբանոցին, հերթով փոխում է նստարանները: Նստարանների մոտ խաղում են մանկահասակ երեխաներ, ովքեր մոտենում են ու նստում կամ ձեռք տալիս նստարաններին, որոնք ակնհայտորեն հակահիգիենիկ, հակասանիտարական վիճակում են, առկա են մեզի, հետ տվածի և այլ արտաթորումների հետքեր: Ես դիմեցի մոտակա ոստիկանական կետին, ովքեր բացատրեցին, որ իրենք իրավունք չունեն տատիկին իր կամքին հակառակ տանել ծերանոց կամ թեկուզ հիվանդանոց: Իմ հարցին, թե արդյոք պարզ չէ՞, որ կինը ի վիճակի չէ մտածել կամ որոշում կայացնել, նա բոլորի աչքի առաջ դանդաղ մահանում է և իհարկե հոգեպես կայուն չէ նման որոշում կայացնելու, ոստիկանները պատասխանեցին, որ դիմեմ բժիշկների օգնությանը…

 Ես զանգեցի շտապ օգնություն, որտեղ ասացին, որ ևս մի քաղաքացու զանգով եկել են, ստորագրություն վերցրել տատիկից, որ նա հրաժարվում է հիվանդանոց գնալուց և բուժվելուց, ինչին ի պատասխան ես բարկացա ու պահանջեցի, որ գան ու թեկուզ հոգեբույժի հետ որոշեն տեղում, թե արդյոք հնարավո՞ր է նման վիճակում գտնվող մարդը ադեկվատ որոշումներ կայացնի: Նրանք ստիպված էին գալ կրկին, և ես խնդրեցի ոստիկաններին հետևել, որ տատիկին տանեն բուժման: Շտապ օգնությունը զանգեց, երբ ես արդեն հեռացել էի ու հայտնեց, որ քաղաքապետարանը և թաղապետարանը տեղյակ են խնդրին, և որ իրենք, միևնույնն է, չեն կարող մարդու կամքին հակառակ տանել թեկուզ հոգեբուժարան: Ակամայից հիշեցի տատիկին, ում իր տնից զրկելու համար տարել էին հոգեբուժարան ու միայն լրատվամիջոցների միջամտությունից հետո նրան բաց թողեցին` 3 ամիս հոգեբուժարանում իր կամքին հակառակ պահելուց հետո: Իհարկե, նույնիսկ չեմ էլ ուզում կրկին ակնարկել ոստիկանության հնչեցրած «մենք քաղաքացու կամքին հակառակ նրան չենք կարող տանել որևէ տեղ» (ակտիվիստները վկա), իսկ այս դեպքում առկա է հասարակական կարգի ակնհայտ խախտում և քաղաքացու առողջությանը սպառնացող իրավիճակ: Ես հատուկ մոտիկից չնկարեցի տատիկին, չեմ ուզում նրա առանց այդ էլ ծանր վիճակը էլ ավելի ծանրացնել` հրապարակելով անուն կամ որևէ այլ տվյալ, բայց փաստը մնում է փաստ, որ ինչ-որ մեկի մայրը, մեր երկրի քաղաքացին, մի մարդ արարած վերջապես, մեր աչքի առաջ մահանում է դանդաղ ու դաժան մահով, և մենք որևէ բան չենք անում...

Գրառումն ու տեսանյութը` Արշակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more