▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տավուշում ոստիկանները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, տարել անհայտ ուղղությամբ

Ավելի քան 20 քաղաքացու ոստիկանները բերման են ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ գյուղերի բնակիչները փակել էին՝ ընդվզելով Տավուշում մեկնարկած սահմանազատման գործընթացի դեմ՝ պահանջելով տարածքներ չզիջել Ադրբեջանին։
Հիշեցնենք, որ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։

***

Ըստ Տավուշում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների, ոստիկաններն առանձնակի դաժանությամբ բերման են ենթարկել նաև պահեստազորի գնդապետ, ոսկեպարցի Միհրան Մախսուդյանին, նրա որդուն ու եղբորը:

* * * 

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին ոստիկանների բիրտ ուժից ստացած վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։ Այս պահին նա գտնվում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում, հայտնել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

***

Ոսկեպար-Կիրանց հատվածում իրավիճակը գերլարված է, արդեն մի քանի օր փողոցը փակած քաղաքացիներին ծեծելով ու նվաստացնելով տանում են անհայտ ուղղությամբ: Ոստիկանությունն առանձնակի ագրեսիվություն ու վայրագություն է դրսևորում: Մարդկանց գույքն են փչացնում:

Լրագրող Անի Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտնել է, որ կապի խնդիրներ կան, ինչի պատճառով ուղիղ եթերները ընդհատվում են: Նրա հետ զրույցում Բագրատ Սրբազանը հայտնեց, որ իրեն էլ են փորձել հրմշտելով տանել, սակայն չեն հաջողել:

***

Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, նրան տանում են Նոյեմբերյանի բաժին: Այս մասին տեղեկանում ենք քաղաքագետի ֆեյսբուքյան էջից:

***

Ոսկեպար-Կիրանց հատվածում 5 շերտ պատ կազմած ոստիկանները սպառնացել են, որ եթե մեկ րոպե էլ փորձեն փակել Բագրատաշեն տանող ճանապարհը, կդիմեն հատուկ միջոցների:

Տավուշում պարբերաբար տեխնիկական խնդիրներ են առաջանում, ուստի այս պահին ուղիղ եթերները գրեթե դադարեցվել են: Այնինչ այս պահին, ըստ ականատեսների, մի ամբողջ զորք է դուրս հանվել ժողովրդի դեմ: Նրանց հանդեպ բիրտ ուժ է կիրառվում, քաղաքացիներին տանում են անհայտ ուղղությամբ: Իրավիճակը չափազանց լարված է:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more