▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թբիլիսահայ պատանին հաղթել է ադրբեջանցի մարզիկին

«…Թուրքիայում հայերի համար միշտ էլ ավելի դժվար է ներկայանալ, քան ցանկացած ուրիշ մարզիկի: Առաջին հերթին զգացվում է հանդիսատեսի վերաբերմունքը, երկրորդ հերթին ելույթի ժամանակ դու ինքդ ավելի մեծ պատասխանատվություն ես զգում …»

Հոկտեմբերի 24-28 Ստամբուլում կայացել է Մարտարվեստի 4-րդ Միջազգային Փառատոնը, որտեղ Մուայ Թայի (թաեքվոնդոյի ոճ) 70կգ. քաշային կատեգորիայում կրտսեր մասնակիցների շարքում առաջին տեղն է զբաղեցրել 17-ամյա Դավիթ Շահբազյանը:

«Ես զբաղվում եմ մարտարվեստով 7 տարեկանից: Սկզբում, իհարկե, ես չէի պատրաստվում լրջորեն զբաղվել դրանով, բայց հետո մոտ 11 տարեկանից արդեն հասկացա, որ դա ինձ հետաքրքրում է, և ես ուզում եմ գնալ այդ ուղիով: Առաջ ես զբաղվում էի կարատեով, բայց ավելի ուշ տարվեցի թաեքվոնդոյով և հիմա փորձում եմ կատարելագործվել մարտարվեստի այս տեսակի մեջ: Թաեքվոնդոյով, ինչպես նաև ցանկացած այլ տեսակի մարզաձև և մարտական արվեստով զբաղվել, բոլորովին դժվար չէ: Պետք է ուղղակի իմանալ` ինչ ես դու ուզում և աշխատել ինքդ քեզ վրա: Ամենադժվարը ելույթ ունենալն է: Որովհետև դու չգիտես աշխատո՞ւմ է արդյոք իր վրա քո հակառակորդը, որո՞նք են նրա թույլ տեղերը և այլն… Բայց մարտի առաջին րոպեներից հետո, եթե դու ուշադիր ես, դու հասկանում ես, ում հետ ես կռվում և ընթացքում արդեն հասկանում ես հակառակորդին…», -խմբագրության հետ զրույցի ընթացքում պատմել է երիտասարդ մարզիկ Դավիթ Շահբազյանը:

Ուղիղ մեկ շաբաթ առաջ ք.Թբիլիսիի 168-րդ. միջնակարգ դպրոցի XII դասարանի աշակերտը և «Վրաստանի Հայ Համայնք»-ի Պատանեկան Միության անդամ Դավիթ Շահբազյանը գրավել է Առաջին տեղը Մարտարվեստի IV-րդ Միջազգային Փառատոնին, որն անցկացվում էր Ստամբուլում: Փառատոնին մասնակցում էր 73 մարզիկ տարբեր երկրներից: Ինչպես պատմում է Դավիթը, ելնելով իր տարիքից` իրավունք չուներ մասնկացելու փառատոնին (փառատոնի մրցույթի ժամանակ Դավիթ Շահբազյանի 18 տարին չէր լրացել), բայց, այնուամենայնիվ,  նա մասնակցելու դիմում էր ներկայացրել: Ինչքան էլ որ տարօրինակ է, նրան ընդունել էին:

«Երբ տեղի էր ունենում խաղարկությունը, պարզվեց, որ բացի նրանից, որ ես մրցույթի ամենակրտսեր մասնակիցն եմ, ես նաև ամենաթեթևն էի: Ես հայտնվեցի 70 կգ. քաշային խմբում, բայց իմ քաշը մի քիչ պակաս է: Բայց ետդարձի ճանապարհ չկար: Առաջին մարտը ես անցկացրի հույնի հետ: Նա շատ լավ էր կռվում, այնուամենայնիվ, ես կարողացա նրան հաղթել: Իմ երկրորդ հակառակորդը ադրբեջանցի մարզիկն էր:

Անկեղծ ասած` կռվից առաջ ես հուզվում էի: Բացի նրանից, որ այդ մրցույթի մեկնելուց առաջ ես հարազատներիս և ընկերներիս խոստացել էի, որ կվերադառնամ հաղթանակով. ի հայտ եկավ ավելի մեծ ցանկություն` հաղթել ադրբեջանցուն Թուրքիայում: Բայց ես ագրեսիվորեն տրամադրված չէի: Ուղղակի հասկանում էի, որ իմ հաթանակն այդ կռվում կդառնա ոչ միայն մի մարզիկի հաղթանակ մյուսի հանդեպ, այլև ինչ-որ մի բանով ավելին:

Ես թուրքերեն չէի հասկանում, բայց մարտի ընթացքում հասկանում էի, որ սրահն աջակցում էր ադրբեջանցուն: Չգիտեմ, դրանք նրա ծանոթներն էին, թե ուղղակի հանդիսատես, բայց դահլիճը նրա կողմից էր, ոչ թե իմ: Բայց ընդհանուր առմամբ ինձ համար միևնույն էր` ինչ են բղավում դահլիճից: Ես նպատակ ունեի` հաղթել:

Մարտի սկզբից ևեթ ադրբեջանցին իրեն ագրեսիվ էր պահում: Ընդհանրապես մարզաձևի մեր տեսակում մարտիկների ողջույնից հետո ընդունված է հեռանալ և հետո միայն սկսել մարտը: Իսկ ադրբեջանցին ողջույնից անմիջապես հետո հարձակվեց: Անկեղծ ասած` ես դա չէի սպասում… Ինչպես երևում է, նրա համար էլ ինձ հաղթելը շատ կարևոր էր: Երբ ես տեսա, թե ո՞ւմ հետ գործ ունեմ, հավաքեցի մտքերս, կենտրոնացա, արեցի այն ամենը, ինչ ինձնից կախված էր: Եվ արդյունքում ես հաղթեցի:

Թուրքիայում հայերի համար շատ ավելի դժվար է ներկայանալ, քան ցանկացած ուրիշի: Առաջին հերթին զգում ես հանդիսատեսի վերաբերմունքը, երկրորդ հերթին` ելույթի ժամանակ դու ինքդ ավելի մեծ պատասխանատվություն ես զգում: Թուրքիայում ադրբեջանցուն հաղթելով առաջին տեղը գրավելը ինձ համար, իհարկե, շատ կարևոր է: Ես ուրախ եմ, որ կարողացա հաղթանակած վերադառնալ:

Հիմա ես մտադիր եմ մարզվել ավելի ծանրաբեռնված, որովհետև հասկանում եմ, որ ես կարող եմ ավելիին հասնել: Մնացած ամեն ինչն ինձնից է կախված: Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ մարզչին` Վրաստանի Թաեքվոնդոյի Ֆեդերացիայի նախագահին Իգոր Դենիսենկոյին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել իմ հովանավորին «Կուպերսբերգ» ընկերությանը և նրա տնօրեն Զազա Գոգիջանովին», -պատմում է Դավիթը:

Աղբյուր` Վրաստանի Հայ Համայնքի «Միություն» թերթի կայք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more