▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեխնոլոգիաներին ծանոթ եղեք ու ճիշտ ընտրեք պայքարի թիրախները. Ծովինար Նազարյան

Մի բան եմ ուզում ասել: Ոմանց գուցե մանրուք թվա, բայց էդպես չէ: Եվ սա ասում եմ, որովհետեւ անձնական ցավալի փորձառություն էլ ունեմ եւ այլ դեպքերով էլ եմ բազմիցս ականատես եղել նման տեսարանների: Եթե ուշադիր նայեք Լյուքս Ստեփանյանի հարազատների բողոքի ժամանակ նրանց շրջապատող ծանոթ-մտերիմ մարդկանց եւ նրանցից ոմանց վարքը, կհամոզվեք, որ ճիշտ եմ ասում:

Ուրեմն, ամեն անգամ երբ այսպիսի դեպք է լինում, ընտանիքին ցավակցելու այցելողների շարքերում ելումուտ են անում նաեւ մարդիկ, ովքեր փորձում են ամեն կերպ զսպել մարդկանց զայրույթը, նրանց մեջ ատելություն ներշնչել կասկածյալի նկատմամբ, բայց թեւերը փռում են պետական պաշտոնյաների եւ համակարգի վրա՝ պնդելով, թե նրանք մեղք չունեն: Երբ որդեկորույս ծնողը թքում է պաշտոնյայի երեսին, դեմը կտրում են ու նույնիսկ «ամոթ է» ասում են: Ծնողի թեւից բռնում ու հեռացնում են պաշտոնյայից: Ծնողին մտքեր են ներշնչում թե իրենց որդին երեւի էդքան էլ օրինավոր չի եղել, ավելի լավ է մի քիչ սուս մնալ: Ծնողին համոզում են, թե քննչական մարմիններն ամեն ինչ անում են եւ ամեն ինչ կբացահայտվի: Զոհվածի ջահել հարազատներին առաջարկում են գնալ ու ՌՈ-ում ծեծել կասկածյալներին՝ խոստանալով ապահովել նրանց մուտքը ՌՈ: Առաջարկում են օգտվել պաշտոնյաների «բարեհոգության» ցույցերից:

Այդ մարդիկ ընկերոջ ազգական են կամ ազգականի ընկեր, նմանները միշտ գտնվում են: Էնպես որ երեկվա բարեկամը էսօր կարող է որդուդ սպանությունը կոծկողների կողմից գործի: Պատահում է նաեւ ակամա, բայց ակաման հետ է կանգնում զոհվածի հարզատի առաջին իսկ հակադարձումից, իսկ վարձուների երեսին ինչքան էլ թքում ես, հետ են գալիս ու շարունակում ականջ լվանալ՝ ձեւացնելով, թե չեն նեղանում զուտ էն պատճառով, որ վշտի մեջ ես, չես հասկանում, որ անարդար ես իրեն կոպտում:

Եվ նույնպիսի մի բան անում են արդեն զանազան «բլոգերներ»՝ ավելի լայն հասարակության ականջները լցնելու համար: Նույնպիսի մի բան արել էր Մառոզ Մարգոն՝ Վալերի Մուրադյանի վշտակորույս ծնողներին համոզելով Հանրապետության հրապարակ չբերել տղայի դին՝ խոստանալով, որ գործն արդար լուծում կստանա, իսկ Նանա Մուրադյանը արդեն քանի տարի է արդարություն է փնտրում ու չի գտնում:

Վայ նրան, ով ականջ կկախի սրանց: Գործը կկոծկեն առանց աչք թարթելու...

Սա գրեցի բազմաթիվ վիդեոներ նայելուց հետո: Քանի առիթ էր եղել, էս միտքս ուզեցի կիսեմ, թեեւ սա գլխավորը չէր, որ մնաց էսօրվա տպավորություններից:


Ուրեմն այդ կեղծ «բարեկամները», կեղծ «իրավապաշտպանները», ինչպիսին օրինակ Մառոզ Մարգոն է, եւ կեղծ հայրենասերները, ինչպիսին օրինակ իշխանության վարձու բլոգերներն են, ամեն ինչ անում են տուժողի աչքում վարկաբեկելու համար իրավապաշտպաններին, անաչառ լրագրողներին եւ փաստաբաններին: Մեկ ասում են թե նրանք անգրագետ են, մեկ ասում են թե անազնիվ են, ապակողմնորոշում են ձեզ, մեկ ասում են թե անտեղյակ են, մեկ էլ թե ամբաստանյալի կողմից են... Այդ ամենը շարունակ պնդում են նաեւ քննիչները, դատախազներն ու դատավորները, որպեսզի անվստահություն սերմանեն տուժող կողմում ու պառակտեն նրանց: Օրինակ մեր գործով քննիչ Սարգիս Մադաթյանը պնդում էր, թե փաստաբան Սեդա Սաֆարյանը կոմպետենտ չի, մինչդեռ Սեդան դատավորի քննությունը 100/100-ով էր հանձնում, իսկ Սաքոն կտրվեց փաստաբանի քննություններից: Երբ էսպիսի բաներ ասողը էս «իրավապահ» կոչեցյալներն են, հստակ է, որ քեզ հակառակ են գործում, բայց երբ երբեմնի բարեկամդ է, կարող ես միամտաբար հավատալ: Համ էլ հիմա իշխանությունը հասարակության ականջին նստում է ոչ թե/ոչ միայն պաշտոնապես, այլ/եւ իր բլոգերիկների միջոցով: Պատահական չէ, որ նրանք հիմա հարձակում են գործել իրավապաշտպանների դեմ: Սա վրեժ է եւ հակադարձում այն բանի համար, որ վերջիններս համարձակվել են կասկածի տակ առնել Ռազմական ոստիկանության մեկուսարանի՝ ոչ մի օրենքում չգրված «անձեռնմխելիությունը»: Հիմա բլոգերիկները ոտուձեռ են ընկել իրավիճակը ներկայացնելու այնպես, թե զոհի միակ թշնամին Վանաձորի ՌՈ-ում պահվող զինվորն է, ու որ ՊՆ պաշտոնյաները նույնպես նրան թշնամի են համարում, հետեւաբար ՊՆ-ն զոհի կողմից է, իսկ իրավապաշտպանները՝ ոչ: Էս մի տեխնոլոգիային նույնպես ծանոթ եղեք ու ճիշտ ընտրեք պայքարի թիրախները:

 

Լրագրող Ծովինար Նազարյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more