Սպարապետի մայր,
տիկին Գրետա Սարգսյանին
Հարգարժան տիկին Սարգսյան
Փառք ու պատի՛վ Վազգեն Սարգսյանին, մեր բոլոր նահատակներին, փառք ու պատի՛վ մեր իրական երկրապահին:
Սիրելի Գրետա, ցավալի է սակայն, որ Դուք շնորհավորում եք այն երկրապահին, ով քար լռություն պահպանեց,
-երբ օրը ցերեկով սառնասրտորեն գնդակահարեցին Արցախյան գոյամարտի հերոս հրամանատար Հրաչ Մուրադյանին,
-երբ Երևան քաղաքում դաժանորեն ծեծելով սպանեցին բանակի բժիշկ, սպա Վահե Ավետյանին:
Եվ ամենասարսափելին՝
ԵԿՄ վարչության անդամ է ընտրվում Արցախյան ազատամարտին իրականում ոչ մի օր չծառայած (դա նաև տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիների և Արցախի մեր հայրենակիցների միանշանակ կարծիքն է), միայն թալանով զբաղված, Հորադիզի «մսաղացների» ժամանակ դիրքերը լքած (որը պատճառ է դարձել մարդկային մեծ կորուստների), 2013թ. Հունիսի 1-ին իր որդու և թիկնապահի միջոցով լավագույն հայորդի,ողջ գիտակցական կյանքը բանակաշինությանը նվիրած Ավետիք Բուդաղյանի սպանությունը կազմակերպած Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա):
Տիկի՛ն Գրետա
Վազգենը այս ամենը չէր ների.
Սպարապետը մոտիկից ճանաչում էր Բուդաղյանների ընտանիքին, նրա միջնորդությամբ է գնդապետ Արտակ Բուդաղյանը ժամանակին ուսանել Մոսկվայի Ֆրունզեի անվան ակադեմիայում:
Մի՞թե Երկրապահը այսպես է ապահովում սերնդափոխությունը:
Վազգենը թույլ չէր տա, որ այդ ստահակը հայտնվեր ԵԿՄ վարչությունում:
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանը Գուրգեն Մարգարյանի սպանության 10-ր տարելիցի առթիվ նշվեց, որ «մեծապես մտահոգիչ է այն փաստը, որ 2004թ.-ին մարդասպան Սաֆարովի իրականացրած սարսափելի հանցագործությունը շարունակում է փառաբանվել Ադրբեջանի կառավարական և հասարակական շրջանակների կողմից՝ հանդիսանալով հայրենասիրության օրինակ երիտասարդության համար»: Դեսպանը հույս հայտնեց, որ «միջազգային հանրությունը կշարունակի իր մտահոգությունը բարձրաձայնել այս աղաղակող քայլի վերաբերյալ,որի արդյունքում ոտնահարվել են արդարադատության ,մարդու իրավունքների ու արժանապատվության նորմերը…»:
Մեկը հարցնի պարոն Կ. Նազարյանին՝
Ինչո՞վ է տարբերվում Լիսկայի և նրա շրջապատի կողմից հունիսի 1-ին իրականացրած սարսափելի հանցագործությունը մարդասպան Սաֆարովի իրականացրած հանցագործությունից:
Մի՞թե Կ. Նազարյանին հայտնի չէ, որ միջազգային հանրությունը խիստ մտահոգություն է հայտնել և բարձրաձայնել Բուդաղյանների նկատմամբ իրականացված ոճրագործության դեպքի վերաբերյալ, և որ այս գործի արդյունքում է նաև ոտնահարվել արդարադատության, մարդու իրավունքների ու արժանապատվության նորմերը:
Մի՞թե մեր հասարակական կազմակերպությունը՝ ԵԿՄ-ն այս անպատվությունը պետք է փոխանցի նոր սերնդին:
Տիկի՛ն Գրետա իմ և Բուդաղյանների անունից ցանկանում եմ Ձեզ առողջություն և Սպարապետի նպատակների, երազանքների իրականացում:
Անժելա Բուդայան (Ավետիք Բուդաղյանի հորաքույր,
Խորհրդային Հայաստանի Գորիսի շրջկոմի քարտուղար,
շրջսովետի գործկոմի նախագահ)
ք. Գորիս