▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Tonus»-ից «քաշված» բնակիչները նամակ են հղել Սերժ Սարգսյանին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 16-ին մի խումբ երևանցիներ բողոքի ակցիա են անցկացրել Կառավարության շենքի դիմաց`  բողոքելով, որ էլիտար շենքերում բնակարաններ են գնել` վճարել ամբողջական արժեքի մոտ 80 տոկոսը, սակայն մինչ այժմ սեփականության վկայական չեն ստացել, իսկ մի քանի օր առաջ էլ տեղեկացել են, որ շենքը գրավի տակ է դրված: Այս խնդրի վերաբերյալ շենքի բնակիչները նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որում, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ Նախագահ՝ պարոն Ս. Սարգսյանին

Մեծարգո պարոն Նախագահ,

Նամակը Ձեզ է հասցեագրված Երևան քաղաքի Դավիթաշեն համայնքի 2-րդ թաղամասի թիվ 46 շենքի հարևանությամբ, որպես կառուցապատող «ՏՈՆՈՒՍ ՔՈՆՍԹՐԱՔՇՆՍ» ՍՊԸ-ի կողմից կառուցվող բազմաբնակարան շենքի 140 ընտանիքների կողմից:

Նամակը Ձեզ հասցեագրելու անհրաժեշտությունը պայմանավորված է մեր ընտանիքների հուսահատ և անորոշ վիճակով, շարունակաբար մեր նկատմամբ ընկերության կողմից իրականացվող անօրինականությունների շղթան բացահայտելու ակնկալիքով:

Հավատում ենք, որ իրավական երկիր կառուցելու ճանապարհն ընտրած մեր հայրենիքում մեզ չեն կարող բացահայտ կողոպտել և խաբել, առավելևս, որ օրեցօր տեսանելի են դառնում երկրում անպատժելության վերացմանն ուղղված ստույգ քայլեր: 2006 թվականից 140 ընտանիքներ «Տոնուս Քոնսթրաքշնս» ՍՊԸ –ի հետ կնքել ենք անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիր, կատարել պարբերական վճարումներ վերը նշված բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերելու նպատակով: Տարիներ շարունակ սպասել ենք և վստահել Հայաստանում շինարարական գործունեություն իրականացնող ընկերությանը, նրա ղեկավարի հավաստիացումներին՝ պետության կողմից իրեն վստահությանը և որ գրանցված ձեռնարկատիրական ընկերություն է, ունի մեր պետության կողմից ստացած կնիք: Ունենալով «Տոնուս Քոնսթրաքշնս» ՍՊԸ –ի հետ անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիր, որը համաձայն ՀՀ օրենսդրության հաստատված է նոտարական կարգով, այսօր անգամ զրկված ենք օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի չկատարման մասին պարզաբանում ստանալու մեր իրավունքից:

Երկրի իշխանության ներկայացուցիչները բազմիցս իրենց ելույթներում նշում են, որ քաղաքացիները պետք է գիտակցեն, թե ում են գումար տալիս և օրենքով սահմանված կարգով ձևակերպեն քաղաքացիաիրավական հարաբերությունները կառուցապատող ընկերությունների հետ: Լիովին համամիտ լինելով այդ մտքին տեղեկացնում ենք, որ ամեն ինչ կատարել ենք գործող օրենսդրության շրջանակներում նոտարական կարգով հաստատված անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիր, «ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ-ի միջոցով «Տոնուս Քոնսթրաքշնս» ՍՊԸ-ի հաշվին կատարված ամսեկան վճարումներ՝ բանկային փաստաթղթերով, «Տոնուս Քոնսթրաքշնս» ընկերությունում կատարված վճարումները հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև բազում այլ վճարման միջոցներ, որոնք առաջարկվել է «Տոնուս Քոնսթրաքշնս» ՍՊԸ-ի կողմից:

Այս ամենից հետո «Տոնուս Քոնսթրաքշնս» ընկերությունը շին հրապարակի պահակային ծառայությունը փոխարինել է անվտանգության աշխատակիցներով, որպեսզի բնակիչներին թուլ չտան մուտք գործել իրենց խոստացված բնակարանները, որի համար բնակիչները մի երկու ամիս առաջ նույնիսկ հավելյալ վճարներ էին կատարում հարդարման աշխատանքները իրականացնելու նպատակով, իսկ հիմա պատասխանում են « Դուք բնակարանների նկատմամբ իրավունքներ չունեք, շենքը գրավ է դրված «ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ-ում, դեռ պարզ չէ թե ինչ կլինի, եթե կարողանան գոնե Ձեր գումարներն էլ վերադարձնեն, շնորհակալ պիտի լինեք»: Էդպես էլ չհասկացանք ու՞մ և ինչի՞ համար պետք է շնորհակալ լինենք, որ մեր գումարները 8 տարի օգտագործվել է և դեռ իրենք կորոշեն վերադարձնեն գումարները թե ոչ:

Բնակիչներից գումարները վերցնելուց դեռևս 2006թ-ին հավաստիացնում էին, թե մինչև 2008 թ-ի դեկտեմբերը կստանաք ձեր բնակարանները, այնուհետև նույն խոստումը երկարացվեց մինչև 2009 թվականը, դրանից հետո 2012թ դեկտեմբեր, իսկ մեկ ամիս անց ասում էին 2013-ի մարտին կտանք Ձեր օրդերները, հիմա էլ պարզվում է, ինչ ուզել այն ասել են:

Հարգելով Ձեր ժամանակը, չենք ներկայացնում թե ինչ վիճակում են այն ընտանիքները, որոնք իրենց երեխաներից, իրենցից կտրելով, Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս վաստակած գումարներով վճարել են «Տոնուս Քոնսթրաքշնս» ՍՊԸ-ին և հույս ունեցել, որ մի օր մենք էլ ենք սեփական տանիք ունենալու մեր գլխին, մեր հայրենիքում, մի օր մեր բալիկներն էլ կարող են ապրել լուսավոր և նորմալ բնակարանում:

Խնդիրը սոցիալական հարթություն տեղափոխելու միտում չունենալով, սակայն չենք կարող չնշել, որ ունենք բնակիչներ, որոնք իսկապես անմխիթար պայմաններում ապրելով վարձակալական հիմունքներով, ութ տարի երազել ու երազում են ստանալ իրենց վճարած գումարներերով կառուցված բնակարանները:

Հարցերի իրավական կողմը մանրամասնելու համար պատրաստ ենք տրամադրել բոլոր հիմքերը, որոնք մեր ձեռքում են, բայց նամակը գրում ենք Ձեզ ոչ միայն իրավական, այլև մարդկային առումով՝ հավատալով և համոզված լինելով, որ միայն Ձեր անմիջական հսկողության դեպքում հնարավոր կլինի 8 տարի շարունակ ձգձգվող հարցը վերջնական լուծում ստանա ի օգուտ այն մարդկանց, որոնք ուզում են ապրել իրենց երկրում, այլ ոչ թե հիասթափված անպատժելիության և ամենաթողության մթնոլորտից նորից բռնեն գաղթի ճամփան:

Մեծարգո պարոն Նախագահ, մեր հույսը կապելով Ձեզ հետ, թախանձագին խնդրում ենք հանձնարարեք իրավասու մարմիններին մեր գործով ուսումնասիրություն իրականացնելու և օրենքի տառի համաձայն վերջնական լուծում տալու համար:

Սպասում ու հավատում ենք, որ մի օր արթնանալու ենք մեր տանը, մեր սեփականությունը հանդիսացող բնակարանում, որի համար վճարել ենք:

Կից ներկայացնում ենք մեր տվյալները և տորագրությունները:

Մեծագույն հարգանքով՝ շենքի բնակիչներ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more