▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թոշակային տարիքում գտնվող անձը` ամբիոնի վարիչի թափուր աշխատատեղի թեկնածո՞ւ

Մեր ընթերցողներից ստացած նամակի համաձայն 2014 թվականին ուշացումով Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի մի շարք ամբիոններում հայտարարվել են ամբիոնների վարիչների թափուր տեղերի հերթական մրցույթներ:

Նամակում մասնավորապես ասված է. «Ամբիոնի վարիչի ընտրության մրցույթ է հայտարարվել նաև վերջերս վերանվանված «Պատմության, իրավագիտության և դրանց դասավանդման մեթոդիկաների» ամբիոնում: Զարմանալիորեն ամբիոնի նախկին վարիչ և ներկայումս ժամանակավոր պաշտոնակատար Ելենա Վարդանյանի և նրա մի քանի խամաճիկների կողմից ակտիվորեն շրջանառվում է, որ միայն ինքը կարող է ամբիոնի վարիչի ընտրության մրցույթին մասնակցել: Իսկ, ինչու 1992 թվականից մինչև հիմա անընդմեջ գործող ամբիոնի վարիչ, դոցենտ Ելենա Վարդանյանը պետք է շարունակի իր պաշտոնավարությունը, երբ արդեն թոշակային տարիքում է և 2014 թվականի ապրիլին լրանում է նրա 65-ամյակը: Խնդիրն այն է, որ Ելենա Վարդանյանը և նույն ինստիտուտում աշխատող նրա ամուսինը (երկարամյա դեկան, որը մեկ ամսից կազատվի պաշտոնից), որդին (մասնագիտությամբ քաղաքագետ, բայց նշված ամբիոնի դասախոս), դուստրը (վերջինս շուտով կընտրվի ռուս գրականության ամբիոնի վարիչ պաշտոնում, երբ նման ամբիոնի գոյությունը ինստիտուտում կասկածելի է) խիստ ագրեսիվ վարքագծով ցույց են տալիս, որ ինստիտուտը իրենց ընտանիքի համար «արքունիք» է, այսինքն` անազնիվ ապրուստի անսպառ աղբյուր»,-ասված է նամակում:

Խնդրի առիթով ASEKOSE.am-ի թղթակիցը կապ հաստատեց  Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի հետ, ով պարզաբանելով ստացված տեղեկությունը` պատասխանեց.

«Որևէ մեկը չի ասում` մեկ թեկնածու կլինի, թե տասը, բայց, եթե խոսքը վերաբերում է Ելենա Վարդանյանին, ապա նա իրավունք ունի դիմել, քանի դեռ չի  լրացել 65 ամյակը և թոշակային տարիքում չէ: Եթե դիմողներ կլինեն` որևէ մեկը չի արգելում:  Հայտարարությունը տրված է, դեռ համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացրել` մրցույթին մասնակցելու համար»:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք այս պահին պատմության, իրավագիտության և դրանց դասավանդման մեթոդիկաների ամբիոնի միակ թեկնածուն, ով փաստաթղթեր է ներկայացրել,   տիկին Վարդանյանն է, պարոն Գրիգորյանը փաստեց, որ դեռևս որևէ մեկը փաստաթուղթ չի ներկայացրել:

«Ուղղակի հաշվարկը լավ չեն կատարել: Այդ նամակի հեղինակը որևէ ինֆորմացիայի չի տիրապետում: 20-ից ավելի դասախոսներ կան և ում գիտական աստիճանը համապատասխանում է, կարող է դիմել»,-ասաց ռեկտորը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպե՞ս է հնարավոր մի քանի ամսից թոշակառու համարվող թեկնածուին ընդգրկել վարիչի թափուր պաշտոնի համար պայքարողների ցուցակում, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորը պատասխանեց, որ ընտրությունը լինելու է մարտ ամսին, ինչը նշանակում է, որ Ելենա Վարդանյանը կարող է մասնակցել:

Ռեկտորը տեղեկացրեց նաև, որ թափուր են ռուսաց լեզվի, արտասահմանյան գրականության, կենսաբանության, հայոց լեզվի և գրականության և պատմության ամբիոնների  վարիչների  տեղերը:

                                                                                Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more