▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան մեզ օրինակը տալիս է, թե ինչպես կարելի է ՌԴ-ի հետ աշխատել կոնֆլիկտների դեպքում․ Արա Սահակյան

«Ռուսաստանի ազդեցությունն, իրոք, Հարավային Կովկասում նվազել է։ Այս իշխանության վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ իր խորքում ստորության, երախտամոռության երանգ ունի. օգտվել երկու դար բարեկամական հարաբերություն ունեցող դաշնակցի նեղ վիճակից»,-«Դեպի ուր է գնում տարածաշրջանը. նոր զարգացումներ» թեմայով քննարկմանն ասաց դիվանագետ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան  Արա Սահակյանը։

Բանախոսը խնդրեց թույլ տալ փոքրիկ ուղղում կատարել ու քննարկումը վերնագրել այսպես. «Ո՞ւր են տանում տարածաշրջանը»։

«Ո՞ւր են տանում  գերտերությունները, քանի որ Հարվային Կովկասի երեք երկրները՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանն իրենց բոլոր պարամետրերով մի քանի կարգ զիջում են Թուրքիային, Իրանին, Ռուսաստանին, մեծ, խոշոր խաղացողներին ամեն ինչով։ Եկեք խոստովանենք, որ հարվկովկասյան երեք պետություններից ամենաթույլը մենք ենք՝ տարածք, բնակչություն, տնտեսություն, հաղորդակցության ուղիներ, բնական պաշարներ։ Այս ամենին գումարվեց պատերազմում պարտված լինելու հանգամանքը, որը հոգեբանորեն ազդում է ոչ միայն հասարակության, այլև իշխողների»,-ասաց Սահակյանը։

Նրա ներկայացմամբ, իշխողները չեն էլ թաքցնում ու հայտարարում են, այո, պարտված են, ինչ անում են՝ նպատակը նոր պատերազմը կանխելն է, կորուստներից խուսափելը։

«Ես համոզված եմ, որ սա ամենավտանգավոր ճանապարհն է, որը շատ արագ մեզ մոտեցնում է նոր աղետների»,-ասաց նա։

Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին ու հնչած հայտարարություններին, Սահակյանն ասաց՝ չգիտի, անգրագիտությո՞ւն է, կենսափորձի պակա՞ս, հատուկ հանձնարարությո՞ւն, թե՞ բոլորը միասին։

«Իհարկե, Ռուսաստանից սպասելիքները շատ մեծ են։ Բայց ես ինքս ինձ հաճախ բռնացնում են այն մտքի վրա, որ ունենալով նույն սպասելիքները, ես ակամա ընդունում եմ, որ մենք Ռուսաստանի հետ միասին պետք է մի պետության կազմում լինենք, որովհետև այն ինչ մենք ուզում ենք Ռուսաստանից, կարող ենք ուզել, եթե լինենք նույն պետության կազմում։ Բայց մենք նույն պետության կազմում չենք, տարբեր պետություններ ենք, ունենք դաշնակցային հարաբերություններ։ Թուրքիան մեզ օրինակը տալիս է, թե ինչպես կարելի է Ռուսաստանի հետ աշխատել կոնֆլիկտների դեպքում։ Թուրքիան և Ռուսաստանը նրբորեն իրականացրեցին անհամաձայնությունները համաձայնեցնելու ուղեգիծը։ Այսօր Ռուսաստանը Թուրքիայից կարող է պոկել այսպիսի դիրքորոշումը, Թուրքիան պրոուկրաինական դիրքորոշում ունի, բայց ընդգծված հակառուսական դիրքորոշում չունի։ Մենք ուզում ենք Եվրոպայի հետ մերձենալ, բայց դա չի նշանակում, որ պետք է ոչնչացնես գոյություն ունեցող անվտանգային համակարգը՝ ՀԱՊԿ-ը։ Մենք Ռուսաստանի հետ կարող ենք գնալ այդ ճանապարհով, ասենք, լավ, մենք ՀԱՊԿ-ից չենք պահանջում դատապարտող բանաձև, բայց մենք ձեզանից պահանջում ենք օրինակ ռազմական աջակցություն»,-ասաց նա։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more