▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում ՀՀ հավաքականի ֆուտբոլիստները գոլ են խփում Հայաստանին և պարտվում 10:1 հաշվով

Առաջին լրատվականը գրում է. Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության Էլիտ-ռաունդի առաջին մրցավեճում Հայաստանի հավաքականը ոչ ֆուտբոլային՝ 10:1 հաշվով զիջեց Գերմանիային: Հատկանշական է, որ 10 գնդակներից 2-ը հեղինակել են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները: 35-րդ րոպեին «աչքի է ընկել» Գերման Կուրբաշյանը, իսկ 55-րդ րոպեին՝ Ազատ Հարությունյանը:

Ըստ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի՝ Գերմանիայի հավաքականը հանդիպման 80 րոպեների ընթացքում ձեռնարկել է 47 վտանգավոր գրոհ, որոնցից 24-ը որակվել է որպես գոլային պահ: Ողջ հանդիպման ընթացքում մեր հավաքականին չի հաջողվել վաստակել գեթ մեկ անկյունային հարվածի իրավունք:

Փաստորեն, եթե Հայաստանի հավաքականի մրցակիցը մի փոքր ավելի դիպուկ գտնվեր, կարող էինք պարտվել, օրինակ, 17:1 կամ 20:1 հաշվով: Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են:

Պարտությունների մեջ կարելի է պատճառաբանություններ փնտրել, դրանք օբյետիվ և սուբյեկտիվ կերպով արդարացնել: 10:1 հաշիվը, սակայն, այն դեպքն է, երբ պարտությունը կարելի է որակել մեկ բառով՝ ամոթալի:

Դեռևս այս տարվա հունվարին Մինսկում կայացած «Զարգացման գավաթ» մրցաշարում Հայաստանի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը զբաղեցրել էր վերջին՝ 12-րդ հորիզոնականը: Այս մրցաշարում մեր հավաքականը պարտվել էր բոլոր 5 մրցավեճերում: Խմբային փուլում Հայաստանը նախ՝ 5:0 հաշվով զիջել էր Ռուսաստանին, այնուհետև 4:1 հաշվով՝ Մոլդովային, և 3:1 հաշվով՝ Բելգիային: 10-12-րդ հորիզոնականների համար պայքարում հայաստանցի պատանիները նույն՝ 4:1 հաշով պարտվել էին Լատվիային, իսկ վերջին մրցավեճում 3:0 հաշվով՝ հարևան Վրաստանին:

Փաստորեն, 5 մրցավեճից չորսում Հայաստանը պարտվել էր խոշոր հաշվով՝ ընդհանուր առմամբ բաց թողնելով 19 գնդակ: Եվս մեկ ամոթալի արդյունք, որն արտացոլում է հայկական մանկապատանեկան ֆուտբոլի ներկայիս վիճակը:

Ցավալի է, բայց նման անհաջողությունները հոգեբանական առումով ծանր հարված են հասցնում պատանի ֆուտբոլիստներին, որոնք գտնվում են ձևավորման փուլում: Ցավալի է նաև, որ պատանի խաղացողներն այսուհետ կգիտակցեն նաև, որ ամենաթույլն են: Ո՞վ է պատասխանատու նման անհաջողության համար: Մեր երկրում սովորական երևույթ է դարձել պատասխանատվությունից խուսափելն ու տարատեսակ պատճառաբանություններ ներկայացնելը:

Հայկական ֆուտբոլի ղեկավարությունը ֆուտբոլասերներին շարունակ համոզում էր, որ 2002 թվականից հետո ստեղծված ենթակառուցվածքները և պայմանները զգալիորեն կնպաստեն մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը: Սա՞ է մեր ֆուտբոլի ապագան:

Ինչևէ, Անթալիայում ընթացող մրցաշարում Հայաստանի պատանեկան հավաքականը ևս երկու հանդիպում է անցկացնելու: Ընդամենը երկու օր անց մեր հավաքականը խաղալու է մրցաշարի կազմակերպիչ Թուրքիայի հավաքականի, իսկ մարտի 28-ին՝ Ֆինլանդիայի ընտրանու հետ: Թեև դժվար է պատկերացնել, որ 10:1 հաշվով պարտվելուց հետո կարելի է ուշքի գալ և դրական արդյունքի հասնել, այդուհանդերձ՝ մնում է հուսալ, որ առաջիկա երկու հանդիպումներին Հայաստանի հավաքականը պատվով կներկայանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more