▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թույլ չտալ աղետաբեր հանքի շահագործումը. «Առողջ Հրազդան»-ի կոչը

Մեր տրամադրության տակ է  «ՖՈՐՉՆ ՌԻԶՈՐՍԻՍ» ընկերության կողմից 17.07.2013 թ-ով թվագրված  «Հայջրմուղկոյուղի»  ՓԲԸ-ին հասցեագրված մի գրություն: Սույն գրության առկայությունը փաստում է, որ վերջին 1.5 տարվա ընթացքում «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ի կանխամտածված լռությունն ու երբեմն-երբեմն, առանց աղբյուրի նշման, մամուլով տարածած ստահոդ լուրերը,  թե «Հրազդանի «չարաբաստիկ»  երկաթահանքի շահագործումից հրաժարվում ենք»,  սոսկ խորամանկ և խարդախ մարտավարություն էր` միտված հասարակության զգոնության թուլացմանը:

Նամակին կցված հենց առաջին նախադասությունը շեշտում է ՀՀ Էներգետիկայի նախարարության կողմից տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման թիվ ՇԱԹՎ-29/169 (նախկին 14/453) լիցենզիաների փաստը` միտումնավոր մոռանալով նշել դրանց տրման տարեթվերն ու գործունեության ժամկետները:

Ցանկանում ենք հիշեցնել կամ տեղեկացնել նամակը ստորագրած լիազորված անձ պարոն Սիաոխե Լինին, որ, ի հեճուկս իրենց գործադրած խորամանկ ու խարդախ մարտավարության, սույն լիցենզիաների իրավական հիմքերը խախուտ են, ինչի վկայությունն է մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարների, Ազգային Ժողովի պատգամավորների, Հանրային Խորհրդի ներկայացուցիչների, խնդրին առնչվող պետական գերատեսչությունների անդամների, «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ի պատասխանատուների` ՀՀ Բնապահպանության նախարարի մոտ 14.12.2011թ-ին կայացրած խորհրդակցությունը, որի ժամանակ բազմաթիվ իրավական ակտերի ու փաստերի համադրմամբ  «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ի տնօրեն պարոն      Ջ. Գորմանը ընդունեց սույն լիցենզիաների` «մեռելածին»  լինելու փաստը, և ի լուր ամենքի, պարտավորվեց պատվիրել հանքի շահագործման նոր նախագիծ` հավակնելով անցնել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան  բոլոր ընթացակարգերը:

Այս ամենից հետևում է, որ իրավական հիմքով մահվան վկայական ստացած սույն լիցենզիաների վերակենդանացման փորձեր են կատարվում: Ի հեճուկս Հրազդան քաղաքի կենտրոնում գտնվող երկաթահանքի շահագործման նախաձեռնողների խորամանկ ու խարդախ փորձերի, խրոխտ հայտարարում ենք` ազգաբնակչության և, մասնավորապես, «Առողջ Հրազդան» քազաքացիական նախաձեռնության խմբի զգոնությունը մշտարթուն է` օրինականության սահմաններում թույլ չտալու այս աղետաբեր հանքի շահագործումը:

«Առողջ Հրազդան»

քաղաքացիական նախաձեռնության խումբ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more