Համացանցում տարածվել է ֆեյսբուքյան օգտատեր Գրիգոր Հովակիմյանի գրառումն այն մասին, որ իբր հունիսի 1-ից երթուղային տրանսպորտի գինը բարձրանալու է ' միկրոավտոբուսները 200 դր, իսկ ավտոբուսները 150 դրամով:
ASEKOSEam-ի թղթակիցը համացանցում շրջանառվող լուրի հավաստիությունը ճշտելու նպատակով կապ է հաստատել Տրանսպորտի և կապի նախարարության Փոխադրումների քաղաքականության բաժնի պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ տրանսպորտի գների բարձրացման վերաբերյալ ներկա դրությամբ որևիցե դիմում և հիմնավորում չկա: Նա երթուղայինների հնարավոր թանկացումը կապում է գազի գնի հնարավոր թանկացման հետ: «Եթե գազի գինը թանկանա, բնականաբար, գազով աշխատող երթուղայինները ևս կթանկանան: Նույնը չենք կարող ասել դիզվառելիքով աշխատող երթուղայինների մասին»,- բացատրեց Դ. Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ այս հարցի վերաբերյալ մեր թղթակցի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը տեղեկացրեց, որ թանկացում չի սպասվում: