▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ

Դեկտեմբերի 2-3-ը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 114-րդ նստաշրջանը, որի ընթացքում քննարկվել են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի դրույթների իրականացման վերաբերյալ ՀՀ 12-14-րդ համատեղ պարբերական զեկույցները:

168.am-ն է գրում ու հավելում․ «Նստաշրջանին ՀՀ-ից մասնակցել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։ Համացանցում տարածվող տեսանյութերից պարզ է դառնում, որ զեկուցող Յունգ Քամ Ջոնը իբրև թե որոշ մտահոգություններ է հայտնում, թե կոմիտեն տեղեկատվություն է ստացել այն մասին, որ Հայաստանում այնպիսի անձանց հուշարձաններ են տեղադրվել, ինչպիսին Գարեգին Նժդեհն է։ Ըստ զեկուցողի՝ նա «համագործակցել է ֆաշիստական ​​ռեժիմի հետ և հանցագործություններ է կատարել մարդկության դեմ»։

Զեկուցողի խոսքով, վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Նժդեհը կարևոր է հայ ժողովրդի համար։ Նա հայկական պատվիրակությանը խնդրել է պարզաբանել, թե Հայաստանում դպրոցական ծրագրերն ինչպե՞ս են անդրադառնում պատմության բոլոր հարցերին, նպաստում հանդուրժողական, առանց խտրականության միջավայրի ձևավորմանը։

Վահան Կոստանյանը փորձել է արդարանալ զեկուցողի, այսպես կոչված, մտահոգություններին ի պատասխան, ըստ էության, ընդունելով Յունգ Քամ Ջոնի որակումը Գարեգին Նժդեհի վերաբերյալ։

Կոստանյանն ասել է՝ ինչ վերաբերում է հայկական պատմական ֆիգուրներին և նրանց կապին պատերազմական հանցագործութունների հետ, ներկայումս ՀՀ կրթական ծրագիրը վերանայվում է։ Նա չի օգտագործել Գարեգին Նժդեհ անունը։

«Բայց այն անձը, ում Դուք անդրադառնում եք, եղել է կարևոր պատմական ֆիգուր Հայաստանի ու հայ հասարակության համար 20-ական թթ․ սկզբներին: Խոսքը նրա կյանքի վերջին փուլերի մասին չէ»,- ասել է Կոստանյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն այս նիստի մասին մամուլի հաղորդագրություն է տարածել, որում նշել է․ «Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը պատասխանել է Կոմիտեի անդամների կողմից բարձրացված բազմաթիվ հարցերի, ներկայացրել է իրավահավասարության և խտրականության բացառման ուղղությամբ օրենսդրական բարեփոխումների իրականացման ընթացքը, ազգային փոքրամասնությունների կրթական և մշակութային իրավունքների ապահովմանն ուղղված քայլերը, երկրի քաղաքականությունն օտարերկրացիների, միգրանտների, ապաստան հայցողների և տարբեր խոցելի խմբերի նկատմամբ»»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more