▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանո Սիրադեղյան` «Սա «ՀԱՅԻ ԲԱԽՏ» չի, այլ ՀԱՅԻ ԽԵԼՔ»

«Առավոտ»-ը խմբագրականում տպագրել է հատված 21.09.2000թ. «Հայք»-ում Վանո Սիրադեղյանի խոսքից. «...Երբ ժողովուրդը մթան մեջ էր և օրը 1-2 ժամ լույս ուներ, այնպիսի կարծիք կար, ոչ միայն ժողովրդի մեջ (մեր պետականության անփորձության մասին եմ ասում և ժողովրդի հոգեբանության մասին), այլև հենց «Ղարաբաղ» կոմիտեի մեջ, Շարժման ղեկավարների մեջ, որ, օրինակ, նախագահի նստավայրում և ղեկավարների տներում էլ պիտի լույս չլինի, իրենք էլ պիտի լույս չունենան, որ ժողովրդի հետ հավասար տառապեն: Պատերազմի ժամանակ, դուք պատկերացրեք: Ոչ միայն անփորձությունը, այլև ես կասեի` հազար տարի պատկանություն չունեցող ժողովրդի ընդհանրապես հետ սովորելը համակեցության որևէ կանոնից: Զուտ ազգային համակեցության որևէ կանոն Հայաստանում չի եղել: Եվ այդ համակեցության կանոնները, այնուամենայնիվ, մտցնելը բոլորի և առաջին հերթին ՆԳ նախարարի խնդիրն էր: Ես ՆԳ նախարար ասելով` նկատի չունեմ միայն ոստիկանության նախարար: Աշխարհում կան և հասարակական կարգի պահպանության նախարարություն, և քրեական ոստիկանություն... Մերը ընդհանուր էր, և երբ ես խառնվում էի շատ գործերի, ասում էին` քիթը ամեն տեղ խոթում է: Բայց իմաստը, միտքը այն էր, որ չեղած, հազար տարի չեղած համակեցության կանոնները, պետության հետ հարաբերվելու կանոնը ժողովուրդը ձեռք բերի: Ճաշակի օրենսդիր պետք է լինի և´ նախագահը, և´ ներքին գործերի նախարարը: Էլ չեմ ասում` վարչապետը: Որպեսզի համակեցության այդ կանոններին վարժեցնի մարդկանց: Տարիներ շարունակ մտցնի մարդկանց գլուխը, որ կարելի է ունենալ նաև սեփական պետություն և սեփական իշխանավոր:

Ժողովրդի անվտանգությանը սպառնալիք է, երբ նախագահը կես օր լույս չի ունենում: Եթե նա գիշերը վատ է քնում և առավոտյան ուռած գլխով կամ ուռած աչքերով է գնում աշխատանքի և ղեկավարում է երկիրը, դու պատկերացրու... Եվ հարաբերվում է ուրիշ երկրների հետ: Կոմերիտական, ՆԷՊ-ից առաջ եղած կոմունիստական բարքերը, որ անմիջապես վերացրին, Լենինը արագ վերացրեց, և լեգենդը թողեցին, թե Լենինը, իբր, սև հաց էր ուտում, սուտը... Եվ հայերը հավատացին միանգամից, և մտածում էին, որ հովհարային ռեժիմով պետք է անջատել նաև պրեզիդենտի նստավայրի լույսերը, որն ապահովում է կապ, նորմալ մարդկային կենցաղ, ռազմաճակատի հետ կապ, աշխարհի հարևան երկրների հետ կապ, վերջապես` ջերմություն, որ երկրի ղեկավարները բյուլետենների մեջ չլինեն, անկողինների մեջ պառկած չլինեն և թաշկինակները քթերին պահած` չքայլեն ժողովրդի մեջ: Սա երկրի պատիվն է, անվտանգությունն է: Հարկ էր լինում տարրական պարզունակ բաներ սովորեցնել ոչ միայն ժողովրդին, այլև ղեկավարության մեջ եղածներին, «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more