▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի աշխատակազմի փոխղեկավարի կեղծ պնդումները՝ Առաջինի եթերում

Փաստերի ստուգման հարթակը գրում է․ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը մարտի 9-ին Հանրային հեռուստաընկերությանՊետրոս Ղազարյանի մոտ հարցազրույցում մի շարք մանիպուլյատիվ և կեղծ տեղեկություններ է տարածել, ինչպես նաև կրկնել է ամիսներ առաջ իր հետ կապ ունեցող կայքի տարածած ապատեղեկատվությունը: 

Հարցազրույցի հիմնական թեման օրերս երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ճեպազրույցն էր, որի ժամանակ Սարգսյանը խոսել էր հայ-ադրբեջանական բանակցային պրոցեսից՝ մասնավորապես հայտարարելով, որ անհրաժեշտ է բանակցողին փոխել։

 

Քոչարյանի բանակցածը

Ի պատասխան բանակցողին փոխելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարության՝ Չախոյանը պնդեց, որ նախկին նախագահները բանակցային պրոցեսում արել են ավելի կոպիտ սխալներ, քան ներկա իշխանությունները։

«Լավ, էդ դեպքում ո՞վ պետք է բանակցի։ Ռոբերտ Քոչարյա՞նը, ով բանակցում էր Մեղրիի փոխանակման պլանի շուրջ»։

Խոսքը Քոչարյանի օրոք բանակցված և հանրության շրջանում «Մեղրիի պլան» անվանումը ստացած տարբերակը Քի Վեսթի փաստաթուղթն է։ 

Այս փաստաթղթին դեռևս 2005-06թթ․ հնարավորություն է ստացել ծանոթանալու Արցախի հարցի մեջ մասնագիտացած լրագրող փորձագետ Թաթուլ Հակոբյանը։

Ըստ այդմ՝ Տարածքների փոխանակման կամ Մեղրիի տարբերակ քննարկվել է, սակայն Քոչարյանը մերժել է այն, քանի որ Հայաստանը չէր կարող ամբողջությամբ կորցնել Իրանի հետ սահմանը:

Ըստ Քի Վեսթի տարբերակի՝ Արցախը Լաչինի 20 կիլոմետր լայնությամբ միջանցքով, միացվում էր Հայաստանի Հանրապետությանը։ Միևնույն ժամանակ Նախիջևանը Արաքսի ափով՝ Մեղրիի հատվածում 8 մետր լայնությամբ սուվերեն անցումով կամ ինչպես նշված է փաստաթղթում՝ sovereign passage, կապի հնարավորություն է ստանում Ադրբեջանի հետ:

Այսինքն Տարոն Չախոյանի պնդումը, թե Ռոբերտ Քոչարյանը բանակցել է Մեղրին փախանակելու շուրջ՝ մնաիպուլյատիվ է։

 

Սարգսյանի բանակցածը. դրվագ

Չախոյանը հայտարարեց, թե նոր իշխանությունները այլ տարբերակ չեն ունեցել, քանի որ Սերժ Սարգսյանը իրենց է փոխանցել տապալված բանակցային ժառանգություն։

«Իշխանությունը ստանձնելուց հետո վարչապետ Փաշինյանը ընդամենը փորձել է ինչ-որ կետից նոր շունչ տալ բանակցային պրոցեսին, որովհետև այլ ելք չկար, չէր մնացել։ 2018-ի ապրիլի դրությամբ Սերժ Սարգսյանը բանակցային պրոցեսը ամբողջությամբ տապալել էր [․․․] կամ հնազանդվում էինք ու կատարում էինք Ադրբեջանի պահանջները, կամ ի վերջո պատերազմ էր լինելու»։

Իրականում, սակայն, բանակցությունների այդ փուլի վերաբերյալ կարևոր հայտարարություն է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իր թիմակիցների հետ տեղի ունեցած փակ հանդիպմանը, Նիկոլ Փաշինյանը խոսելով 2018 թվականին վարչապետ ընտրվելուց 4 օր անց Սոչիում ԱՊՀ առաջնորդների հետ հանդիպումից՝ պատմել էր, որ Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն հորդորել են իրեն՝ օգտվել ժողովրդական մեծ վստահությունից և լուծել ղարաբաղյան հարցը, և շեշտել․ «Ադրբեջանի նախագահ Ալիևը հասկանում է, որ Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի լինի»։

Սրանով, ըստ էության Նիկոլ Փաշինյանն ինքն էր փաստում, որ ըստ ԱՊՀ երկրների որոշ ղեկավարների՝ բանակցությունները հասել էին այնպիսի փուլի, երբ «Ղարաբաղը երբեք չէր լինելու Ադրբեջանի կազմում»։ Հետևաբար՝ Չախոյանի պնդումը, թե նոր իշխանությունների օրոք արդեն իսկ բանակցությունները տապալված էին՝ նույնպես մանիպուլյատիվ է։

Փակ հանդիպման ընթացքում Փաշինյանի ձայնագրությունը՝ այստեղ։ 

 

«Հող հանձնողին կհանձնե՞ն հողին»

Հարցազրույցի ընթացքում Տարոն Չախոյանն ու Պետրոս Ղազարյանը, խոսելով Արցախի հարցում նախկին իշխանությունների քաղաքականության մասին անդրադարձան նաև հայտնի «հող հանձնողին կհանձնենք հողին» կարգախոսին։

Չախոյանը հայտարարեց, թե նախկին իշխանությունները «ոչմիթիզական» էին։

«Լևոն Տեր Պետրոսյանը կարծում էր, որ Արցախյան առաջին պատերազմը հաղթելուց հետո [․․․] փոխզիջումների տարբերակով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծենք։ Իսկ էս մարդիկ ի՞նչ էին ասում։ Հակառակ կողմն ի՞նչ էր ասում. Վերցրել ենք, մերն է, ստացել ենք մեզ ինչ պետք է, մենք քննարկելու բան չունենք»,- ասաց Չախոյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը բանակցում էր 5 շրջանները հանձնելու մասին, Չախոյանը պատասխանեց, որ Սարգսյանը դրա մասին հայտարարել է 2017 թվականին, և հռետորական հարց հնչեցրեց․ «Իսկ մինչև այդ, պետական քարոզչությունը մեր երկրում ի՞նչ էր ասում»։

Պետրոս Ղազարյանը պատասխանեց․ «Հող հանձնողին կհանձնենք հողին։ Դա էր պետական քարոզչությունը»։ 

Իրականում բանակցությունների ընթացքում փոխզիջումների այդ թվում՝ տարածքային զիջումների գնալու անհրաժեշտության մասին Սերժ Սարգսյանն աղմկահարույց հայտարարություն է արել 2001 թվականին Ազգային ժողովում: Այդ ժամանակ զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սարգսյանը  ԼՂ հակամարտության վերաբերյալ լսումների ընթացքում հայտարարել էր, որ ինքը փոխզիջումների անհրաժեշտության մասին խոսում է 90-ական թվականներից։

«Ընդհանրապես, ցանկացած երկրի, այդ թվում և մեր սահմանները անցնում են այն տեղով, որտեղով կարողանում ես անցկացնել այդ սահմանը։ Այո՛, ես համարում եմ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ։ Եթե բանակցային պրոցես է գնում ու դու փորձում ես դիմացինիդ հիմարի տեղ դնել, նրա մոտ միայն հեգնանք է առաջանում»։

Սարգսյանն ընդգծել էր, որ չի կարող տուրք տալ հասարակության մեջ տարածվող այն կարծիքներին, որ հայերն Աղդամն ազատագրել են. «Պետք չէ դիմացինին անլուրջ մարդու տեղ դնել: Այո, եղել են տարածքներ, որոնք մենք գրավել ենք: Եվ դրանից մենք երբեք չպետք է ամաչենք: Այդ տարածքները գրավել ենք, որպեսզի ապահովենք մեր հայրենիքի անվտանգությունը: […] Հարցին չի կարելի միակողմանի մոտենալ և ամեն քայլափոխի ասել, որ մենք ազատագրել ենք, Աղդամը մերն է, Միրբաշիրը մերն է»,- նշել էր Սերժ Սարգսյանը:

Արդեն նախագահ դառնալուց հետո ևս Սերժ Սարգսյանը հրապարակային մի քանի հայտարարություն էր արել 7 շրջանները վերադարձնելու մասին: Օրինակ, 2010-ին Սիրիական «Ալ Վաթան» թերթին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը, նշել էր. «… երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն, և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը»։ 

Այսինքն պնդումը, թե Սերժ Սարգսյանը տարածքների վերադարձի մասին խոսել է միայն 2017-ին, կեղծիք է:

 

Հղում կեղծ լուրերին, կամ «ինքնացիտում»

Հարցազրույցի մեկ այլ հատվածում Չախոյանը խոսելով Արթուր Վանեցյանի մասին, հայտարարում է, որ վերջինս հայտարարել էր, թե ցանկացած պահի կարող է հարյուր հազարավոր քաղաքացիների հանել փողոց։

«Հա, Վանեցյանն էլ 22 թվականի գարնանը, կամ ամռանը ավելի շուտ, որքան հիշում եմ, հայտարարում էր, թե առանց ոտքը գետնին խփելու 200 հազար մարդ է փողոց հանելու։ Լո՞ւրջ։ Դուրս էկա՞ն էդ մարդիկ»,- հեռտորական հարց է հնչեցնում Չախոյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» դեռևս անցյալ տարվա գարնանը անդրադարձել էր այս թեմային, ցույց տալով, որ Վանեցյանը նմանատիպ հայտարարություն չի արել։

Ապացուցել էինք, որ այս կեղծ լուրի սկզբնաղբյուրը armenianews.net անունով սունկ կայքն էր, որը, ի դեպ, գրանցված է Տարոն Չախոյանի անունով։

Ավելին՝ սունկ կայքի հրապարակումից հետո այն տարածել էին իշխանամերձ  freenews.amararatnews.am լրատվական կայքերը։ 

Ստացվում է, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի հետ կապ ունեցող կայքում հրապարակված և իշխանամերձ լրատվական հարթակներով տարածված ապատեղեկատվությունը ամիսներ անց կրկնվում է Հանրային ՀԸ եթերում, դրա հերքումից եւ կեղծիքը բացահայտելուց շուրջ տասն ամիս անց:

Armenianews.net սունկ կայքի ու Տարոն Չախոյանի կապի վերաբերյալ ապացույցները՝ այստեղ։

Վանեցյանին վերագրվող կեղծ հայտարարության մասին՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more