▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Ղուկասյանի կոշտ պատասխանից միայն օրեր անց է ԵԿՄ-ն որոշել արձագանքել Հայրիկյանին

Վազգեն Սարգսյանին, ինչպես նաև Կարեն Դեմիրճյանի մասին՝ ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանի արտահայտած աղմկահարույց մտքերի մասին ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի կոշտ անդրադարձից  օրեր անց հետո միայն ԵԿՄ-ն որոշել է ևս արձագանքել ԱԻՄ ղեկավարին․ նշենք, որ Վարդան Ղուկասյանի արձագանքից հետո Հայրիկյանը հեռացրել է իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ձայնագրությունը։

Երկրապահ կամավորականների միության վարչությունը հայտարարությունը՝ ստորև. «Վերջերս համացանցում տարածում գտավ պարույր հայրիկյանի տեսասելֆին, որը վերաբերվում է մեր նորագույն պատմության ամենահեղինակավոր պետական և ազգային գործիչներին՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին։ հայրիկյանը ավելորդ էր համարում Ազգային հերոսներ` Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի մեծարումը, մասնավորապես նրանց կերպարների արժևորումը որպես բացարձակ արժեք, որոնց ազգային և պետականամետ գործունեությունը դնում է կասկածի տակ։ Տարիները չհասունացրին պարույր հայրիկյանին որպես մտածողի, մտավորականի, քաղաքական գործչի։ Նա մարտիրոսացած անունների հետ կռիվ տալով դեռ նույն 90-ականների պարույր հայրիկյանն է, խորհրդային բանտերի ազդեցությամբ դաստիարակված։ Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը մեր ժամանակների բարոյական, հանճարեղ, հայրենանվեր գործիչներ են: Դրա ապացույցը իրենց թողած հսկայական ժառանգությունն է՝ Վազգենինը ազատագրված Արցախը, ամուր սահմանները, ուժեղ բանակը, երկրապահը, բարձրարժեք գրականությունը, Դեմիրճյանինը՝ երկրի շենացումը, գիտության, արվեստների և տնտեսության զարգացումը: Իրենց գործունեության արդյունքում չկա ոչ մի պատմական փաստ, որտեղ նրանք չդրսևորեն օրինակելի, տաղանդավոր գործչի կերպար։ Իզուր չէր, որ ժողովուրդը Վազգենին կենդանության օրոք տվեց Սպարապետ կոչումը: Նույնիսկ քաղաքական հակառակորդները նրան մեղադրում էին ծայրահեղ ազգապաշտության մեջ, որը իր հրապարակումներում մերժում էր Վազգենը։ հայրիկյանի տեսասելֆին նման է չստացված գործչի չարացած, նախանձկոտ բամբասանքի, ով կարծես ոչնչացումից փրկություն է փնտրում՝ պատմական հերոսների ստվերների հետ կռիվ տալով։ Այս գործելաոճը նոր չէ՝ հայտնի հայրիկյանի բամբասանքը Զորավար Անդրանիկի մասին. միևնույնն է քաղաքական գործիչների գնահատականը տալիս է ժողովուրդը, որին դու այդպես էլ չարժանացար: Երկրապահ կամավորականների միության վարչությունը նման անհեթեթ հրապարակումների չէր անդրադառնա, եթե արդյունքում այսպիսի բամբասանքները մեծ տարածում չգտնեին։
ԵԿՄ վարչությունը դատապարտում է նման անհեթեթ հրապարակումները և կոչ անում բոլորին, որ մեր հերոսների, առավել ևս Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի մասին հիշատակելուց զգույշ լինեն, որպեսզի հետո սեփական ստի բեռի տակ չմնան: Դուք վարպետ եք սուտը արվեստորեն ճիշտ մատուցելու, բայց ձեր խոսքը միայն սուտ ու կեղծիք է»:

Հիշեցնենք՝ օրեր առաջ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, խոսելով Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի մասին, ասել էր. «Սարսափով տեղեկացա, որ ֆիլմ են պատրաստում Վազգեն Սարգսյանի մասին... Ո՞վ պղծեց հայկական բանակի ոգին, ո՞վ դարձրեց չարչիանոց, կաշառակերության վայր, այսօր այդ մարդու մասին ֆիլմ եք հանում... Կուզեի՝ Դեմիրճյանի արձանը տեսնող, մոտով անցնողը չասեր՝ էս կաշառակեր սպասավորը Մոսկվայի»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more