▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վատ ռաբիսը բանանի պես սևանում է». Արտաշ Ասատրյան

Արտաշ Ասատրյանը երգում է դեռ մանկուց. երգարվեստում առաջին քայլերն արել է հոր` Արամ Ասատրյանի հետ նույն բեմում: 1998 թվականին նա թողարկեց իր առաջին ձայնասկավառակը` «Տաքսի, տաքսի»: Այսօր արդեն Արտաշ Ասատրյանը ձայնագրել է 10 ձայնասկավառակ, գրեթե 100 երգ, շրջագայություններով հադես եկել աշխարհի տարբեր երկրներում, հայաշատ համայնքներում:

-Երբևէ չե՞ք զղջացել կյանքի այս ուղին ընտրելու համար, չե՞ք հոգնել շրջագայություններից, բեմերից, առհասարակ` երգից:

- Մինչև կյանքիս վերջը զբաղվելու եմ իմ սիրած գործով, որը հենց ծնողիցս եմ ժառանգություն ստացել: Սա ի վերուստ է տրված, ես ինքս երաժշտական կրթություն չունեմ, ինքնուս եմ, երգն ինձ հոգով է փոխանցվել:

-Ի՞նչ դեր է ունեցել Ձեր հայրը` Արամ Ասատրյանը, Ձեր ստեղծագործական կյանքում:

-Հայրիկիս դերը շատ մեծ է. շատ բան ենք ես և եղբայրս` Տիգրանն իրենից սովորել: Հավերժ շնորհակալ ենք մեր հորից` գուսան Արամից: Մեր հայրիկից միշտ լսել ենք` երգը եկեղեցի է, երգելը եկեղեցի մտնելու է նման: Պետք է երգել անկեղծ, հոգով: Մեր հոր թողած պատգամին սրբորեն հետևում ենք ոչ միայն ես և եղբայրս, այլև` մեր երեխաները: Մենք երգը շատ ենք սիրում, երգն անընդհատ մեզ հետ է, ամեն րոպե, ամեն վայրկյան: Զարթնում ենք երգով, քնում ենք երգով: Այն մեր կյանքի անբաժան ուղեկիցն է: Երգը հավատքի պես մի բան է, դրա համար պետք է հոգով ընդունես: Ժողովուրդն էլ այն սիրում է, երբ սրտից է բխում:

-Շատերն են փորձել և փորձում Ձեր հայրիկին նմանակել: Ինչպե՞ս եք սրան վերաբերվում:

-Արամ Ասատրյանի ֆենոմենը մինչև այսօր դեռ բացահայտված չէ: Բայց մի բան կարող եմ հաստատ ասել` Արամի քաղցր ձայնը, բարությունը Աստծո կամքն ու շնորհն է: Շատերն են այսօր փորձում Արամ Ասատրյանի ճանապարհով գնալ, բայց չի ստացվում, Արամ Ասատրյանը մեկն էր: Այն, ինչ Աստված չի տվել, հնարավոր չէ հորինել, կեղծել.  ժողովուրդն իրականը կեղծից միշտ է տարբերում, անկեղծությունն առաջինն է զգում: Արամ Ասատրյան մարդու և երգչի կայացման գործում Աստծո մատը հաստատ խառն էր:

-Էջմիածնում շուտով պետք է կայանա նաև Արամ Ասատրյանի թանգարանի բացումը: Կարծու՞մ եք` թանգարան հիմնադրելու պահը հասունացել է:

-Թանգարանը մեկ օրով բացվեց մարտի 3-ին` հայրիկիս 60-ամյակի կապակցությամբ, իսկ պաշտոնական բացումը սպասվում է  աշնանը: Թանգարանում տարբեր իրեր են ներկայացված, որոնք պատկանել են Արամ Ասատրյանին` տարբեր մրցանակներ, ընկերներից ստացած նվերներ, ձայնասկավառակներ, գիրքը` «Արդյոք ինձ չե՞ս մոռացել» և այլն: Թանգարանը բացվում է ժողովրդի ցանկությամբ. մարդիկ սիրում են Արամ Ասատրյանին, չեն ուզում նրան մոռանալ, ուզում են միշտ կենդանի հիշել: Մեր ցանկությունն էլ այն է, որ թանգարանում ստեղծված անմիջական միջավայրում այցելուները կարծեք թե կարողանան հոգով շփվել Արամ Ասատրյանի հետ, զգան նրա ներկայությունը:

-Ի՞նչ ծրագրեր ունեք, ստեղծագործական ի՞նչ նորություններ են սպասվում:

-2010թվականին մեծ մենահամերգ ունեցա Երևանում` Մարզահամերգային համալիրում, հիմա արդեն նախապատրաստվում եմ 2014 թվականին մեծ մենահամերգին` կրկին Հայաստանում: Ստեղծագործական կյանքումս եղած այս թվացյալ դադարն իրականում արված է այն բանի համար, որ մենահամերգիս ժամանակ նոր ու դեռևս չերգած հնչեն: Բայց այս ընթացքում էլ, իհարկե, հրավերներով հանդես եմ եկել սփյուռքահայ մի շարք համայնքներում: Բացի այդ Միացյալ Նահանգներում զբաղված էի տեսահոլովակներիս նկարահանումներով: Հիմա նոր ձայնասկավառի աշխատանքներով եմ զբաղված` Լևոն Աբրահամյանի, Խաչիկ Սահակյանի հետ միասին, կլինեն նոր տեսահոլովակներ, պատրաստվում են մենահամերգների դրսում` ՌԴ, Եվրոպայում:

-Որտե՞ղ է հանդիսատեսն ավելի ջերմ` Հայաստանու՞մ, թե՞ Սփյուռքում:

-Չեմ կարող այդ հարցին պատասխանել: Ամեն տեղ նույն ջերմությամբ եմ ընդունվում:

-Ասում են` Սփյուռքում հանդիսատեսն այնքան էլ խստապահանջ չէ, իրենց մատուցված գրեթե ամեն ինչն ընդունում է, միայն թե հայկական լինի: Համաձա՞յն եք:

-Ոչ, իհարկե ոչ. սփյուռքահայ հանդիսատեսին շատ բան է մատուցվում, բայց ընդունվում է միայն այն, ինչն անկեղծ է: Իհարկե շատերն են փորձում կայանալ Սփյուռքում, ժամանակին հայրս շատերին է օգնել ինչով կարողացել է` ստուդիա է տրամադրել և այլն: Գիտեք, հայրս վախ կամ նախանձ չուներ, թե ինքն իր համար մրցակից է ստեղծում, որովհետև լավ գիտեր` ժողովուրդն առաջին հերթին անկեղծությունն է գնահատում: Հայրս իսկապես բարության տիպար էր:

-Ընտանիքին բավարար ժամանակ կարողանու՞մ եք հատկացնել:

-Իհարկե շատ դժվար է, բայց ստացվում է, փառք Աստծո, ընտանիքի համար ժամանակը ստեղծվում է: Տիկինս` Աննան, հնարավորության դեպքում համերգային շրջագայություններիս ընթացքում ինձ հետ է լինում: Ժամանակ եմ ունենում նաև երեք բալիկներիս համար… Առայժմ` երեք… Գրիշոն` 9 տարեկան է, Սյուզին 13, իսկ Մարին` մեկ տարեկան շուտով կլինի:

-Երգում եք ոչ միայն Դուք և Ձեր եղբայրը, այլև արդեն Ձեր երեխաները: Փաստորեն ձեր ընտանիքում չերգողներ չկա՞ն:

-Այո, Արամ Ասատրյանի բոլոր թոռնիկներն էլ երգում են, երգելու շնորհը բոլորիս է փոխանցվել: Արամ Ասատրյանի ընտանիքը երգում է ոչ թե պարտադրանքով, այլ, այսպես ասած, «երգով է կնքված»: Տիգրանի որդու` Արամի մոտ հիմա ձայնային մուտացիայի շրջանն է, բայց նա անպայման երգելու է, վստահ ենք, որ Արամ Ասատրյան JUNIOR ենք ունենալու: Որդիս` Գրիշոն, շուտով 2-3 նոր երգ կունենա, նաև տեսահոլովակ: Գրիշոն նաև ջութակի դասերի է հաճախում, բազմաթիվ հաջողություններ ունի: Անցած տարի Եվրոպայում կայացած միջազգային մրցույթում 6-9 տարեկանների խմբում Գրիշոն երկրորդ տեղը զբաղեցրեց, հիմա նոր միջազգային մրցույթի է պատրաստվում, Իտալիա է մեկնելու: Աստծո կամքով` շատ մեծ երաժիշտներ կանխորոշել են, որ Գրիշոն պիտի հայտնի երաժիշտ դառնա:

-Աստծո անունը Ձեր խոսքում հաճախ եք տալիս, աստվածավա՞խ եք:

-Մենք ապրում ենք սուրբ քաղաքում` Էջմիածնում, հոգևոր կենտրոնում, ամեն օր մեր եկեղեցու զանգերն ենք լսում, հավատքով ապրում, Աստծո կամքով ենք ամեն առավոտ արթնանում: Շատ եմ սիրում Աստծուն: Աստված լսում է մեր աղոթքներն ու մեր հետ է:

-Երկար ժամանակ ԱՄՆ-ում եք ապրել, ինչու՞ վերադարձաք:

-Ովքեր Հայաստանից գնացել են, շատ բան են կորցրել: Ես էլ շատ բան կկորցնեի, եթե չվերադառնայի: Հայաստանն առանց հայերի ինչի՞ է նման… կամ էլ հայերն առանց Հայաստանի գնչու կդառնան` անհայրենիք. ու՞մ է պետք: Աստված տա այն օրը գա, երբ մեր ժողովուրդը, երբ մեր ղարիբները Հայաստան կվերադառնան, սա մեր տունն է, մեր պապերի հողն ու ջուրը: Հայը պիտի իր հայրենիքում ապրի: Հասկանում եմ գնացողներին, բայց հույսով եմ, որ հետ կգան: Օտարության մեջ միշտ օտար ես. կարծեք գեղեցիկ հյուրանոցում ապրես, բայց ինչքա՞ն ժամանակ կարող ես հյուրանոցում ապրել:

-Ի՞նչ կասեք բոլոր նրանց, որոնք քննադատում են ռաբիս երաժշտությունը, այն համարում ցածրաճաշակ:

-Առողջ քննադատությունը ես ընդունում եմ, բայց այդ ասողներին, որ հետևեք տարբեր միջոցառումների ժամանակ, իրենք ավելի շատ են այդ երգերի տակ ուրախանում, պարում: Մենք Ամերկայում ունենք Star records, որ երգերի ձայնագրմամբ, նաև հայ երգի տարածմամբ, սփռմամբ է զբաղվում. այստեղ շատ լավ երևում է` ինչպիսի երգն է ավելի ընդունվում, սիրվում: Ես միշտ ասում եմ` երգչի անձնագիրը իր ձայնասկավառակն է, դրա վաճառքը, ինչպես են մարդիկ ընդունում: Ռաբիս երգը մեր ժողովուրդը շատ է սիրում և ընդունում, դրա համար էլ ռաբիսը լավ է վաճառվում: Չի կարող մի ամբողջ ժողովուրդ սխալ լինել: Իհարկե շատ ռաբիս երգողներ կան, որ մենք ինքներս էլ չէինք ուզենա, որ էդ մարդիկ ռաբիս երգեին, պախարակում են, այսպես ասած, ամբողջ դաշտը: Շատերն են փորձում ռաբիս երգել, բայց այդ երգը բանանի պես սևանում է, մնում է այն, ինչն իսկական է ու անկեղծ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more