▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վերմակիդ գյորա ոտքդ մեկնիր» ասացվածքն ինձ համար է ասված. Նառա

ASEKOSE.am-ի հարցերին պատասխանում է երգչուհի Նառան

-Երազանք, որն արդեն իսկ իրականություն է դարձել:

-Ընդհանրապես իմ բոլոր երազանքներն իրականություն են դառնում, քանի որ ես միշտ այնպիսի երազանքներ եմ ունենում, որոնք  կարողանում եմ  իրականություն դարձնել: Մի ասացվածք կա ` «Վերմակիդ գյորա ոտքդ մեկնիր», ինձ համար է ասված:  (ժպտում է…):

-Ասում են`  առանց  երգի կյանքը սխալմունք կլիներ... Առանց երգի  ի՞նչ կպակասեր Ձեր կյանքում:

-Ընդհանրապես առանց սիրելի աշխատանքի` կյանքը կիսատ է: Երգն էլ իմ սիրած  աշխատանքն  է, իսկ սիրած աշխատանք  միշտ լրացնում է կյանքը, ինչպես լրացնում են ընտանիքը, ծնողները, ընկերները: Աշխատանքն էլ քո կյանքի անելիքն է,  մի մասնիկը, որպեսզի դու քեզ լիարժեք զգաս` անկախ նրանից, թե ով ինչ մասնագիտություն է ընտրում  ու  սիրում:

-Ո՞վ    է   Ձեզ համար  ուսուցիչ եղել երգարվեստում:

-Շատ ուսուցիչներ եմ ունեցել, ավելի շատ իրենց կատարած գործերից եմ սովորել, քան խոսքով: Ինձ համար որպես ուսուցիչ ու լավ ընկեր եղել է  Կոնստանտին Օրբելյանը, ումից շատ ու շատ բաներ եմ սովորել, թե ինչպես կարելի է երիտասրդներին սիրել ու գնահատել: Կառանձնացնեմ Արթուր Գրիգորյանի, ում կյանքի փորձից  կարելի է  սովորել  օրինակ վերցնել:

-Մարդկային ո՞ր որակներն եք առաջնային համարում:

-Միմիայն մարդկայինը: Այն, ինչը  սահմանից դուրս չէ, ինչը  չափի մեջ է:  Ինչպես ասում են՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:

 -Ի՞նչ է հարկավոր կնոջը լիարժեք երջանիկ լինելու համար:

-Նախ և առաջ առողջություն՝ քեզ և քո շրջապատին, սեր  և հաջողություն:

- Այսօր հայ կինն ազդեցիկ է իր հասարակական դերով, առաջընթաց նկատո՞ւմ եք:

-Իհարկե,  նկատում եմ,  կինը 21-րդ դարում  արդեն կարողանում  է  իր  խոսքն  արտահայտել, ներկայացնել:

-Ձեզ ոգևորո՞ւմ է ժամանակակից հայ կնոջ կերպարը: Ինչպիսի՞ն է 21-րդ դարի հայ կնոջ Ձեր կատարելատիպը:

-Կինը նախ և առաջ պետք է լինի կանացի, ուժեղ, զիջող, բարի: Ես չեմ կարծում,  որ զիջելը թուլություն է, և որպեսզի կինը կարողանա ընտանիք պահպանել, պետք է լինի խորամանկ`  իհարկե լավ իմաստով, համբերատար, ներող, ինչը կնոջն է տրված: Կինը համարվում է ընտանիքի կրակ-ճրագ պահողը,  իսկ ամուսինը՝ տան որսորդը:

-Ձեզ համարո՞ւմ եք հաջողակ կին:

-Այո՛,  համարում եմ,  իսկ ինչո՞ւ ոչ:

-Ի՞նչը կարող է Ձեզ վհատեցնել:

-Ինչպես բոլոր մարդիկ,  այնպես էլ ես երբեմն վհատվում եմ տարբեր առիթներով, օրինակ՝ հիվանդության, մարդկային հարաբերությունների դավաճանության պատճառով:

-Երբևէ  պատկերացրե՞լ  եք  Ձեզ  քաղաքական ոլորտում:

-Ես  տեղեկացված եմ քաղաքական անցուդարձից, բայց  գտնում եմ, որ ամեն մարդ իր աշխատանքը պետք  է կատարի, ու ամեն մարդ իր տեղում պետք է լինի, որպեսզի  կարողանա արդյունք ստանալ իր կատարած աշխատանքից:

-Մարդկային մեղքը, որը սկզբունքորեն աններելի և անընդունելի է Ձեր կողմից:

-Ես Աստված չեմ որ ներեմ, կամ դատավոր չեմ,  որ դատեմ: Ամեն ոք իր մեղքը ինքը թող կրի իր  Աստծու առջև:

-Ինչպե՞ս եք վերաբերվում ձախողումներին:

-Նորմալ. կա վերելք, վայրեջք, կյանք է:  Կյանքում ամեն ինչ կարող պատահել, ամեն ինչ մարդու համար է: Ամեն դեպքում  ոչնչից չեմ հուսահատվում: Միշտ առաջ, այլապես չենք կարող այս կյանքը շարունակել: Եթե լավատեսությունը չլինի,  ապա ոչնչի չես հասնի ու ոչինչ  չես ունենա:

-Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն է մեր ժամակի երգարվեստը:

-Ես միայն իմ փոխարեն կարող եմ պատասխանել, դատողը ժողովուդն է: Ես  փորձում եմ ոչ ոքի չքննադատել և կարողանում եմ անել այն, ինչը մարդու ներաշխարհն է թույլ տալիս:

-Ի՞նչ  կմաղթեք Ձեր հանդիսատեսին:

-Կմաղթեմ, որ լինեն առողջ, հաջողակ, երջանիկ, ուժեղ և երբեք ոչնչից չհուսահատվեն:

Հարցազրույցը` Երվանդ Մարեյանի

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more