Ecolur.org-ը գրում է. Վիճակագրությունը չի համապատասխանում իրականությանը. Մեղրիում հիվանդությունները շատացել են: «Այսօր շատ դժվար է իրական ցուցանիշ տալ Մեղրիում հիվանդությունների տոկոսի վերաբերյալ: Վիճակագրական տվյալներով այդ ցուցանիշը Մեղրիում շատ ցածր է, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այդ ցուցանիշը իրական չէ: Հիվանդացության մակարդակը մեզ մոտ բարձր է»,- ասել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի անդամ, բժշկուհի Նվարդ Խաչատրյանը: Իրական ցուցանիշ չունենալու պատճառն այն է, որ Մեղրիի բնակիչներից շատերը հետազոտվում և բուժվում են ոչ թե Մեղրիում, այլ Երևանում, որտեղ նրանք չեն կանգնում հաշվառման: Ըստ Նվարդ Խաչատրյանի` շատ մտահոգիչ են այն գանգատները, որոնք ունեն մինչև 30 տարեկան երիտասարդները:«Հիվանդները նշում են, որ իրենք Երևանում իրենց վատ չեն զգում, իրենք վատանում են Մեղրիի տարածքում: Մենք բնակչության շրջանում հարցում անցկացրեցինք հասկանալու՝ կողմ են մարդիկ հանքարդյունաբերությանը, թե դեմ: Տուն առ տուն մտել ենք և հարցրել... շատ քչերն էին կողմ…»,- ասել է Նվարդ Խաչատրյանը:
«Մեղրիում հիվանդությունները շատացել են… բոլորը հանքեր են շահագործում` Ագարակի կոմբինատը, ոսկու գործարանը, Տաշտունի հանքավայրը, այդ բոլորը թույն է, չէ՞... ժողովուրդը վիճակ չունի, ղեկավարությունը շատ լավ գիտի, բայց ժողովրդի մասին մտածող չկա»,- բողոքում են ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի բնակիչները: Բնակիչների կարծիքով` իրենց տարածաշրջանում շահագործվող հանքավայրերի թունավոր արտանետումներից և թափոններից ոչ միայն ոչնչանում է Մեղրիի բնությունը, այլև ավելանում են հիվանդությունները, այդ թվում ` թոքերի հիվանդություններ, սրտի անբավարարվածություն, ճնշման տատանումներ: Խնդիրը լուրջ մտահոգություն է առաջացրել բնակչության շրջանում:
Մանրամասները՝ Ecolur.org-ի տեսանյութում