▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանում եկեղեցական գործիչները ժողովրդի հետ են, իսկ մեր Կաթողիկոսը՝ իշխանության, օլիգարխիայի հետ...

ԱՐԹՆԱՑԻՐ, ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԵԿԵՂԵՑԻ


Գիտեմ, որ իմ այս մտորումները շատերը սրերով են ընդունելու, որ իբրև թե եկեղեցասեր մի խումբ մարդիկ հարձակվելու են ինձ վրա, սակայն չեմ երկնչում և չեմ վախենում արտահայտվել՝ ինձ համարելով քրիստոնյա և Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ... Հարյուրամյակներ շարունակ, երբ գետնած էր մեր պետականությունը, երբ հայ ժողովրդի համախմբման և գոյատևման միակ հենարանը եկեղեցին էր, մեր սրբազան հայրերն ամեն ինչ արել են, որպեսզի եկեղեցին հայկական դառնա հայի տուն ու հայի հայրենիք, համախմբումի առհավատաչյա: 1915-ից հետո, երբ ձևավորվեց նորագույն Սփուռքը, եկեղեցին դարձավ նաև հայապահպանության, օտար ափերում, տարբեր գաղթավայրերում լեզվի ու կրթության, մշակույթի ու ազգային հիշողության պահպանման գլխավոր հանգրվանը... Նույն եկեղեցին Խորհրդային Հայաստանում կարողացավ մեծ հաջողությունների հասնել, կամուրջ նետել Հայրենիքի և Սփյուռքի միջև, նպաստել ազգային գաղափարների ամրակայմանն ու տարածմանը... Հատկապես երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսը, նրան հաջորդած երջանկահիշատակ Գարեգին Ա-ն դարձան մեր նորոգ համախմբումի ճարտարապետները, ջանքեր գործադրեցին հաշտեցնելու Էջմիածնական և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունները, սերտացնել կապերը Նվիրապետական աթոռների հետ... Վերջին տարիներին նորից գլուխ են բարձրացրել անհամաձայնությունները, Կ.Պոլսի և Երուսաղեմի Պատրիարքությունները կիսով չափ հեռացել են Մայր Աթոռ սուրբ Էջմիածնից՝ հենց Էջնմիածնի ոչ եկեղեցական կեցվածքի պատճառով: Այսօր լուրջ խմորումներ են տեղի ունենում, Սփյուռքի մի շարք թեմերում, որտեղ Մայր Աթոռը վարում է յուրօրինակորեն զավթողական, եթե չասենք, նյութապաշտական քաղաքականություն... Ուրեմն, արդեն վտանգվում են կապերը Սփյուռքի թեմերի հետ, այդ թեմերից շատերն անվստահությամբ են վերաբերում Մայր Աթոռին...
Սակայն ողբերգությունը, Մայր Աթոռի ոչ եկեղեցանպաստ գործունեությունն արտացոլվում է նաև բուն Հայաստանում, քանզի մեծ խզում է առաջացել եկեղեցու և հոտի միջև, եկեղեցին անտարբերության է մատնել հոտի խնդիրներն ու մտահոգությունները, չի ուզում կանգնել ժողովրդի կողքին, մտահոգվել Հայաստանի ճակատագրով... Արտագաղթը, սոցիալական կեղեքումները, մարդկանց մեջ բույն դրած հոռետեսությունը մեր սրբազան հայրերից շատերի և հատկապես Ամենայն Հայոց կաթողիկոսի հետաքրքրության ,,դաշտում,, չեն: Եկեղեցին վերածվել է գիշատչի հոգեբանությամբ գործող մի կառույցի, որի առաջնորդներից շատերը մտահոգված են հարստանալու մոլուցքով... Վերջին շրջանում արձանագրվող բազմաթիվ փաստեր ասվածի վկայությունն են... Մեր հարևան Վրաստանում եկեղեցին ու եկեղեցական գործիչները ժողովրդի հետ են, իսկ մեր Կաթողիկոսը՝ իշխանության, օլիգարխիայի հետ... Սա ամոթալի է, սա պատիվ չի բերում Գրիգոր Լուսավորչի հիմնած գահին, Հայաստանյայց եկեղեցուն...
Ժամանակ առաջ Սփյուռքի բարեկամներիցս մեկը մի ցավալի փաստ ներկայացրեց. մի խմբով եկել էին Հայաստան, այցելել Վեհափառ Հայրապետին: Անտարբեր ընդունելով պատվիրակությանը, որը հիմնականում կազմված էր մտավորականներից, Վեհափառը հետաքրքրվել է, թե ե՞րբ է ժամանելու այսինչ փողատերը: Հետո դարակից հանել է հեռախոսների համարներ գրանցող գրքույկը, զանգահարել ,,Անի-Պլազա,, հյուրանոց և դիմել հյուրանոցի աշխատակցուհուն. ,,Աղջիկ ջան, այսինչը չի՞ իջևանել ձեզ մոտ,,: Բացասական պատասխան ստանալով, Վեհափառ Հայրապետը ,,կարճել,, է հանդիպումը, որովհետև մտավորականները, ժողովրդի շարքային ներկայացուցիչները նրան չեն հետաքրքրում...
Բայց պիտի հետաքրքրեն, պիտի հետաքրքրի Հայաստանի ներկան, քանզի վտանգվում է ապագան... Ուրեմն, արթնացիր, Հայաստանյայց եկեղեցի, ականջալուր եղիր քո իսկապես նվիրյալ հայրերին, ժողովրդին և ստանձնիր հոտի ճշմարիտ առաջնորդի դերը...

 

Լևոն  Մութաֆյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more