▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղարաբեկյանին էլ չընկալեցին ու դրդեցին հեռանալ Հայաստանից

Արամ Ղարաբեկյանի հետ 2009 թվականին ինձ ծանոթացրեց իմ շատ սիրելի ընկերներից մեկը` սփյուռքահայ Սոնա Համալյանը: Այդ ժամանակ մաեստրոն նախաձեռնել և իրականացնում էր «Open Music Fest» փառատոնը, որն անցկացվեց Մոսկվա կինոթատրոնի բացօթյա դահլիճում, և որի շնորհիվ գրեթե մեկ ամիս շարունակ երևանյան երեկոները լցվեցին բարձրաճաշակ երաժշտությամբ` ինչպես հայ, այնպես էլ իտալացի, ֆրանսիացի, ամերիկացի, ռուս անվանի երաժիշտների կատարմամբ:

Հիշում եմ, Ղարաբեկյանից հարցազրույց վերցրեցի փառատոնի մասին: Շատ ոգևորված էր, ասում, էր, որ մենք, ունենալով հարուստ մշակութային ժառանգություն ու ավանդույթներ, չունենք երաժշտական մի փառատոն, որը մեկ հարկի տակ համախմբի հայ և օտարազգի երաժիշտներին, մեկտեղի մշակութային այդ պոտենցյալը և,  ի վերջո, մեր ամառային կյանքը մշակութային ոգով լցնի: Ասում էր, որ ի տարբերություն աշխարհի շատ երկրների մայրաքաղաքների` Երևանն ամռան ամիսներին մշակութային լռություն է ապրում, և քաղաքացիներն ու օտարազգի հյուրերն իրենց երեկոյան հանգիստն անցկացնում են հիմնականում սրճարաններում, և մեր մշակույթը, երաժշտությունը դառնում է սրճարանային, մինչդեռ պետք է երևանցիներին ու հյուրերին բարձրարվեստ երաժշտական ժամանց մատուցել:
Նա կարևորում էր, որ օտարերկրացի հյուրերը  Հայաստանի մշակութային կոթողները տեսնելուց հետո  շփվեն նաև հայկական բարձրաճաշակ երաժշտության հետ և հայ երաժշտական արվեստի մասին կարծիք չկազմեն միայն սրճարանային երաժշտությունից…

Արամ Ղարաբեկյանն իրականացրեց իր մտահղացումը և որպես բարձրակարգ արվեստագետ` այդ գործն արեց պրոֆեսիոնալ:

Ցավոք, ինչպես հաճախ է մեր իրականության մեջ պատահում, նրան էլ հայաստանյան որոշ խավեր չընկալեցին, քանի որ նրա աշխատելաոճը, նրա սկզբունքները, նրա աշխարհայացքը էապես տարբերվում էին ընդունված չափորոշիչներից:

Անվանի դիրիժորը Հայաստանից հեռացավ` կիսատ թողնելով իր հրաշալի նախագծերը, որոնք լրջորեն կարող էին վերափոխել այսօրվա ցածրաճաշակ երաժշտության դիմապատկերն ու ստեղծել որակյալ երաժշտության պահանջարկ:

Չգիտեմ` փոխարենը ի՞նչ շահեցին այն մարդիկ, որոնք փորձեցին արատավորել նրա անունը և դրդեցին նրան այդ քայլին…

Ի դեպ, Ղարաբեկյանը Լոս Անջելեսում հիմնել էր «Openmusicsociety» հիմնադրամը, որի նպատակն էր բարձրարվեստ երաժիշտներին մեկ հարթակում հավաքելը, տաղանդավոր երիտասարդների համար  երաժշտական կրթական ծրագրեր իրականացնելը, երաժշտարվեստը զարգացնելը…Ափսոս, դա էլ կիսատ մնաց…

Աղբյուրը` ani.ankakh.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more