▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաղաղության և անվտանգության ստուգացուցակ Կովկասի համար․ Րաֆֆի Հովհաննիսյանի հոդվածը  Newsweek -ում

Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հոդվածը  Newsweek ամսագրում, 6 հունվարի 2023

26 օր է, ինչ նեղլիկ ու ոլորապտույտ ճանապարհը, որը միացնում է Հայաստանը չճանաչված Արցախի Հանրապետության հետ (նաև անվանում են Լեռնային Ղարաբաղ կամ «Նագոռնի Կարաբախ»), փակված է պետական հովանի ունեցող ադբեջանցի ակտիվականների կողմից։ Ռուս խաղաղապահները, որոնք լիազորված են անխափան պահպանելու մարդասիրական միջանցքը, չեն միջամտում։ Եվրոպացի դիտորդներ չեն հայտնվում։ Սննդի և դեղորայքի մուտքը Արցախ արգելված է։ Հանրապետությունը ոչ միայն չճանաչված, նաև մեկուսացված է աշխարհից։

Լաչինի միջանցքը,- այդպես կոչվում է այն բանից հետո, երբ 1992-ին՝ որպես ՀՀ առաջին արտգործնախարար, բանակցեցի դրա բացման շուրջ,- միակ, վերջին ու անհետացող վայրն է, որի միջոցով Արցախի 150.000 հայերը, նրանցից 30.000-ը՝ երեխաներ, գոյատևում են 2023 թվականի այս անողոք ձմռան օրերին։

Մինչ Ռուսաստանը և Արևմուտքի շերտերը՝ յուրաքանչյուրն իր հերթին, կձիավարեն Ուկրաինայում և անդին՝ հետաձգման կամ ամփոփման համար, բնականաբար, ուշադրության նվազ պաշարներ են մնում այս վաղնջական հայկական երկրամասի համար, որը մեկ դար առաջ «բաժանիր, որ տիրես» եղանակով Ստալինը նվիրեց Խորհրդային Ադրբեջանին, ապաև վերականգնվեց հայ մեծամասնության կողմից՝ 1991 թվականին Հայաստանի և Ադրբեջանի անկախության հռչակմանը զուգահեռ։

2020թ. սեպտեմբերին Ադրբեջանը խախտեց միջազգային երկարատև զինադադարը և Թուրքիայի զինված ուժերի, Սիրիայից իսլամական պետության զինյալների, պակիստանցի վարձկանների և իսրայելական թռչող անօդաչու սարքերի օգնությամբ նախաձեռնեց անակնկալ ու արյունոտ մի զավթողական պատերազմ թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի դեմ։

Շարունակվելով մինչ օրս, ի հեճուկս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ 2020թ. նոյեմբերին կնքված հրադադարի, Բաքվի՝ «Հրո երկրի» (արդարև, Արցախի կուսական բնությունը տեղ-տեղ հրո ճարակ դարձավ արգելված քիմիական նյութով՝ սպիտակ ֆոսֆորով ռմբահարվելու հետեւանքով) զինված ագրեսիան պատճառեց ավելի քան 5000 հայ զոհեր, Հայաստանի և Ղարաբաղի ինքնիշխան տարածքների հարյուրավոր քառակուսի մղոնների բռնազավթում՝ ներառյալ տասնյակ քաղաքներ, գյուղեր, դպրոցներ, հիվանդանոցներ, եկեղեցիներ և մշակութային ժառանգության այլ արժեքներ, ինչպես նաև ցայսօր Բաքվում պահվող անթիվ ռազմագերիներ ու առևանգված քաղաքացիներ։

Ռուս խաղաղապահ զորախմբի ներկայությունը, մշտադիտարկման փորձնական եվրոպական առաքելությունը և մրցակից ռուսական ու արևմտյան թվացյալ խաղաղության ծրագրերն ապացուցեցին միայն դեպի առաջ ընդհանուր ճամփա դարբնելու սեփական անկարողությունը՝ մանավանդ հաշվի առնելով Ադրբեջանի՝ չափ ու սահման չունեցող առավելապաշտությունը և զգետնված, կապիտուլացված հայկական վարչախմբի թուլամորթությունը, որը պատրաստ է իր իշխանությունը պահելու համար հանձնել ամեն ինչ:

Թեկուզև անհավանական՝ հակասությունների մեջ, բայց պատասխանատու միջազգային հանրությունը միգուցե կարողանա հաղթահարել իր իսկ գերխտացումը՝ լինի դա մարտավարական, թե տեկտոնիկ, և դիտարկել հետևյալ քայլերը.

- Առաջարկել և գործադրել Լեռնային Ղարաբաղի համար ՄԱԿ-ի մանդատը՝ ապահովելու նրա ազատությունը, ազգային ինքնությունն ու ինքնորոշումը, և նրան փրկելու առերեւութորեն մոտալուտ ցեղասպանությունից։

- Դատարանի առջև կանգնեցնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ հայ և այլազգի ժողովուրդների դեմ ապացուցված պատերազմական ոճիրների, ինչպես նաև մարդկության դեմ հանցագործությունների համար։

- Դադարեցնել Հայաստանի դեմոկրատ դարձած մանր բռնապետ Նիկոլ Փաշինյանի արհեստական շնչառությունը և բացել այս բազմաչարչար երկրում քաղաքացիական իրավունքների, օրենքի իշխանության և մարդկային հույսի մի ճշմարիտ դարաշրջան։

- Հարգել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և երաշխավորել բոլոր օտար ուժերի դուրսբերումը նրա տարածքից, Ադրբեջանից բոլոր ռազմագերիների վերադարձը և մշակութային ժառանգության վերականգնումը հարևան երկրներում։

- Վերալիցքավորել ԵԱՀԿ Մինսկի խմբի օպերատիվ հովանավորությունը և եռակողմ համագործակցությունը, որը կենթադրեր առաջխաղացում՝ համաշխարհային ճգնաժամերի առավել լայն վերաքննման ճանապարհով:

- Խրախուսել Թուրքիայի հաջորդ վարչակազմին (գործողը ցույց է տվել իր ակնհայտ անճարակությունն ու ուրացող չկամությունը)՝ ճանաչելու հայ ժողովրդի Ցեղասպանությունն ու Հայրենազրկումը, հատուցելու դրա համար, ապաև կանոնակարգելու հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ։

- Իրանի հետ կյանքի կոչել աշխարհաքաղաքական խոսույթի մի նոր մակարդակ, մինչ իր վարչակազմը հաղորդակցության նույն վերափոխումը կկատարի անմիջապես և համապարփակ, իր իսկ հասարակության հետ։

Լեռնային Ղարաբաղն իր 150.000 քաղաքացիներով այժմ մահվան դռան մոտ է՝ աշխարհի անտարբեր հայացքի ներքո: Իրականում քաղաքակրթությունն ինքն է դարձյալ բարձրանում զոհաբերության խորանը։

Ինչպես 1453 թվականին էր՝ Կոնստանդնուպոլսի պաշարման ժամանակ, տարածաշրջանների, երկրամասերի և արժեքային համակարգերի ճակատագիրը ճոճվում է հավասարակշռության փխրուն նժարի վրա։

Պահը դարակազմիկ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more