Պարոն, Շարմազանո´վ, խնդրում եմ ուշադրություն դարձրեք Ձեր հայտարարությունների բովանդակությանը, ոճին և կեցվածքին:
Երեկ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, խոսելով շաբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքի մասին, ասել է, որ ԱԺ չորս խմբակցություններն այդ օրը բեք վոկալի դերում էին և ծաղրանքով արտահայտվել առնվազն դռանցից երեքի մասին: Նա նաև արել է մի քանի, լավագույն դեպքում, անզգույշ արտահայտություններ: Այդպես եմ ասում, քանի որ ինքս հակված չեմ մտածել, որ դրանք անզգույշ էին: Շարմազանովն ընդհանրապես խոսելու ընթացքում, երևի չի նկատում, բայց շատ անտակտ և բարձրաստիճան պաշտոնյային ոչ վայել կերպով է խոսում:
1-ին՝ անդրադառնալով վերջին հանրահավաքին՝ նա ասել է հետևյալը. «մենք տեսանք, որ ընդդիմության պասիվության, անգործության արդյունքում ակտիվ քաղաքացիական հասարակությունը միավորվում է ոչ թե քաղաքական ուժերի, այլ՝ քաղաքացիական հասարակության գլխավորությամբ: Երեկվա հանրահավաքը մի բան ցույց տվեց. չնայած չորս խմբակցությունների ղեկավարների առկայությանը, այնուամենայնիվ, միտինգը ղեկավարում էր ոչ թե կուսակցություններից մեկը, այլ՝ քաղաքացիական հասարակությունը: Քաղաքացիական հասարակությունը ցույց տվեց, որ իրենք են իրենց խնդիրները լուծողները»: Տեսեք մի կողմից այս մարդը քննադատում է և փորձում է փոշիացնել ընդդիմության կշիռը, բայց մյուս կողմից՝ փաստացի խոստովանում, որ կա լրջագույն խնդիր, որ դրդել է քաղաքացիական հսաարակությանը ոտքի կանգնել և միավորվել ընդդեմ իրենց առջև ծառացած խնդրի:
2-րդ՝ լրագրողի այն հարցին, թե իշխանությունն անհանգստանալու որևէ առիթ չունի՞ ստեղծված իրադրության պայմաններում, Շարմազանովը պատասխանել է հետևյալ կերպ. «Նախ՝ միասնականություն չկա, որ մտահոգվենք: Կրկնում եմ՝ նրանք միասնական չեն անգամ՝ ներքին հարցերում, բայց իշխանությունը դրական է վերաբերում դժգոհություններին, հարգանքով է վերաբերում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, հասարակության դժգոհությանը և քննադատությանը:» Ի՞նչ ասել է թե չենք մտահոգվում, քանի, որ միասնականություն չկա: Ինչ է, եթե մի պահ պատկերացնենք, որ հասարակությունը չի կարողանում միասնական կերպով ուղղորդել այդ ընդհանուր խնդիրը, ուրեմն իշխանություները պետք է հանգիստ նստեն և զվարճանա՞ն, փոխարենն առկա խնդիրը փորձեն լուծել: Կամ ի՞նչ ասել է, թե իշախանությունները «դրական են վերաբերվում դժգոհություններին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:» Նրանք ի՞նչ է, մարդկանց հոգեկան հիվանդի տե՞ղ են դրել: Մարդիկ բողոքում են, իսկ ստանում են պատասխան, որ հանգիստ բողոք եք, մենք Ձեզ մեծ լավություն կանենք և Ձեր հանդեպ «դրական» կտրամադրվենք, այսինքն ջարդ չենք կազմակերպի և դեռ մի բան էլ «կինոթատրոնում» նստած, ադիբուդի ուտելով, կհետևենք զարգացումների՞ն:
3-րդ՝ վերջում խոսելով այն մասին, որ ընտրություններից տարիներ առաջ միասնական թեկնածուի մասին խոսելը քաղաքական անգրագիտություն է, իսկ այն քաղաքական գործիչը, որը կփորձի այսօր հանդես գալ որպես ապագայում միասնական թեկնածու, կիրականացնի քաղաքական «ֆալշ ստարտ» երևի ցույց է տվել սեփական քաղաքական անգրագիտությունը, քանի որ բոլոր նորմալ երկրներում, ընտրություններից բավական երկար ժամանակ առաջ մարդիկ հիմնականում տեղեկանում են, թե ով էլ լինելու գործող Նախագահի հիմնական հակառակորդը, լինի դա բազմակուսակցական, թե երկկուսակցական համակարգում (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ և այլն): Այլ բան է, որ երևի Շարմազանովին ծանոթ չէ նման քաղաքակիրթ երկրների պրակտիկան, ի վերջո նման կուսակցության ներսում նման պրակտիկա բնավ հարկավոր չէ:
Պարոն Փոխխոսնակին որպես ՀՀ քաղաքացի ընդամենը մեկ խնդրանք ունեմ: Խնդրում եմ ուշադրություն դարձրեք Ձեր հայտարարությունների բովանդակությանը, ոճին և Ձեր կեցվածքին, երբ փորձում եք արտահայտել գուցե անմեղ և դրական մտքեր, բայց ամեն ինչ ստացվում է շատ ագրեսիվ և ցինիկ տոնայնությամբ: Դու´ք, ի վերջո հանրային դեմք եք և ներկայացնում եք, որոշ առումներով Հայաստանի Հանրապետությունը:
Հ.Գ. Իմիջիայլոց հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ, անդռադառնալով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցներից մեկին, Շարմազանովը ինքն էր մի քիչ նեղվել, որ երկրորդ Նախագահն, ըստ վերջինիս, վիրավորական տոնայնությամբ էր խոսել: Փոխխոսնակը չէր զլացել և մեկնաբանել էր՝ ասելով բառացիորեն հետևյալը «վիրավորական տոնայնությանն անցնելը խոսում է փաստերի բացակայության մասին»: