«Խոր ափսոսանքով եմ հայտնում, որ պետք է մերժեմ վարչապետի խնդրանքը»․ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը վայր չի դնի մանդատը։
«Խոր ափսոսանքով եմ հայտնում, որ պետք է մերժեմ վարչապետի խնդրանքը»,-հայտարարել է նա։
Պատգամավոր Հովիկ Աղազարյանն ընկերների, մասնավորապես, իր ասած ընկերոջ հետ խորհրդակցելուց հետո վերջնական որոշում է կայացրել․ «Խորը ափսոսանքով եմ նշում, որ ստիպված եմ մերժել վարչապետի խնդրանքը։ Իմ կյանքի ծանրագույն որոշման համար հիմք են հանդիսացել հետևյալ երկու հանգամանքը․ առաջին՝ ԱԺ լսումների ժամանակ պարոն Քյարամյանը հրապարակավ հայտարարեց, որ իրեն միջնորդել են որդուս մասնակցությամբ քրեական վարույթի գործով, այդ միջադեպի առիթով հարուցված է քրեական վարույթ։ Երկրորդ՝ քրեական վարույթ է հարուցված նաև մանր եղջերավոր անասունների արտահանման հետ կապված ինչ-որ գործով, որտեղ ես ներգրավված եմ որպես վկա։ Եթե ընդունեի վարչապետի խնդրանքը, ապա հետագայում երբ այդ վարույթների արդյունքում պարզվի, որ մեղավորություն չունեմ, ապա հասարակության մեջ կարող է տպավորություն ստեղծվել, որ ինձ ինչ-որ գործարք է առաջարկվել և ես գնացել եմ այդ գործարքին։ Իսկ եթե այդ վարույթներից մեկի ավարտման արդյունքում ապացուցվի, որ ես մեղավոր եմ, բնականաբար կզրկվեմ պատգամավորական մանդատից»,- ասաց Աղազարյանը։
***
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը 24TV-ի հետ զրույցում հայտնել է, որ մանդատը դնել-չդնելու հարցը դեռ ծանրութեթև է անում, առաջիկայում վերջնական որոշում կկայացնի։ Նրա խոսքով, իր վրա ճնշումներ չկան, կան միայն խորհուրդներ՝ լսելու վարչապետի խնդրանքը։
Դիտարկմանը, թե մանդատը չդնելու դեպքում, ըստ լուրերի, Գլխավոր դատախազն է ԱԺ մտնելու՝ անձեռնմխելիությունից զրկելու համար, Աղազարյանը պատասխանեց․ «Ինձ համար այդ տարբերակը երևի թե ավելի նախընտրելի է, որովհետև դա իրավական գործընթացների մի էտապ կարող է հանդիսանալ։ Եթե ես խոչընդոտում եմ գործերի քննությանը, չեմ ներկայանում կամ վտանգ եմ հանդիսանում հասարակության համար, հիմնավորումը կբերվի և այդ հիմնավորումների հիմքով ԱԺ-ն կզրկի ինձ անձեռնմխելիությունից, որը հնարավորություն կտա իրավապահներին ինձ կալանավորելու։ Դա նորմալ իրավական գործընթաց է, որը չի վիրավորում իմ անձը, չի նսեմացնում ինձ։ Ես դրան պատրաստ եմ»,- ասաց Աղազարյանը:
***
Քիչ առաջ «ԱրմԼուր»-ը հարց է ուղղել Գլխավոր դատախազություն և հետաքրքրվել՝ արդյո՞ք գլխավոր դատախազը կգա Ազգային ժողով՝ Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով։ Ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից ասել են, որ նման բան չկա։
***
Քաղաքական, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այլևս ակնհայտ է, որ դեկտեմբերի 3-ից մեկնարկող Ազգային ժողովի հերթական նիստերի ընթացքում Գլխավոր դատախազը միջնորդություն կներկայացնի Ազգային ժողովին` Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու, գործող քրեական վարույթում նրան մեղադրանք առաջադրելու և կալանքը` որպես խափանման միջոց, կիրառելու համար։
Այս ճակատագիրը սպառնում է բոլոր ՔՊ-ական պատգամավորներին, եթե հակառակն իրենք չանեն։
Հովիկ Աղազարյանի օրինական և տրամաբանական որոշումը կլինի այն, որ նա այսօր նախաձեռնի Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնից անվստահություն հայտնելու գործընթաց»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet