▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զվարթնոցում մեկին բռնել էինք` զենքով և կրիստալով, բայց դատարանը կալանք չտվեց. Վահե Ղազարյան

Զվարթնոցում մեկին բռնել էինք` զենքով և կրիստալով, բայց դատարանը կալանք չտվեց. Վահե Ղազարյան

***

Որքան էլ փորձենք հիմնավորել, որ հանցավորության պատկերը մեղմ է, թվերի նվազում ունենք, այդուհանդերձ պատկերն այդպիսին չէ. այս մասին Հայաստանում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
Դիմելով ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին՝ Խամոյանն ընդգծեց. «Թմրանյութերի շրջանառության հետ կապված՝ 2-3 տարի է՝ լսում ենք, որ թելեգրամյան ալիքներով, նաև փոխանցման մեխանիզմներով, թմրանյութը տեղադրողի և դա վերցնողի միջև ֆիզիկական կապի բացակայության պատճառով այդ հանցագործությունները դժվար է բացահայտել, բայց այս 2-3 տարիների ընթացքում չենք տեսնում արմատական փոփոխություններ, քայլեր և ռազմավարություն՝ այդ ամենի դեմ պայքարելու համար: Մենք ունենք թղթի վրա ռազմավարություն: Ինչո՞ւ է այս պատկերը»:

Պատգամավորը նաև նշեց, որ կառավարությունը բացասական կարծիք է հայտնել իր կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է իրավական բլոկի ներկայացուցիչներին՝ տարեկան երկու անգամ թմրանյութի թեստ հանձնել: «Ինչո՞ւ պարեկը կամ դպրոցի տարածքներում ծառայություն իրականացնող ոստիկանը գոնե մեկ անգամ չպիտի հանձնեն թմրանյութի թեստ»,- հարցրեց պատգամավորը:

Վահե Ղազարյանը պատասխանեց. «Հիմա մենք սկսել ենք ոստիկանության ծառայողների ատեստացիա և ցանկացած ոստիկան պարտադիր պետք է անցնի թմրամիջոցների օգտագործման հետ կապված թեստը: 47 դեպք ունենք. թմրամիջոց օգտագործելու պատճառով համակարգից հեռացրել ենք 47 ոստիկանի»:

***

Վերջին 5 տարիներին գրանցված դեպքերի գերակշիռ մասը՝ 83 տոկոսը կազմել են ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունները: Այս մասին Ազգայն ժողովում ներկայացնելով Հայաստանում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների վերաբերյալ զեկույցը, նշեց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:
Նրա խոսքով՝ հիմնական հանցատեսակներից, հաշվետու ժամանակահավածում, աճել են սպանությունները (միջինում աճը՝ 12,1%), սպանության փորձերը (միջինում աճը՝ 18,4%), զենք-ռազմամթերքի ապօրինի շրջանառությունը (միջինում աճը՝ 15,6%), ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը (միջինում աճը՝ 13,9%), խուլիգանությունը (միջինում աճը՝ 23,2%), թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը (միջինում աճը՝ 46,6%) և խարդախությունները (միջինում աճը՝ 10,4%)։
«Հանցավորության վրա որոշակի ազդեցություն են ունենում նաև հայտարարված համաներումները: Յուրաքանչյուր համաներումից հետո արձանագրվում է հանցավորության աճ: Օրինակ` 2018 թվականի նոյեմբերին հայտարարված համաներումից հետո 2019-2021թթ. ընթացքում համաներված 4.976 անձանցից հետագայում հանցանք են կատարել 1,152-ը, նրանցից 249-ը` երկու և ավելի անգամ, այդ թվում՝ 1-ական` սպանության և սպանության փորձի, 3-ը` սպանության սպառնալիքի, 4-ական` ավազակության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 197-ը` գողության, այդ թվում՝ 33-ը` բնակարանային և այլն»,- ասաց Ղազարյանը:

***

Ներկայացված վիճակագրության մեջ քաղաքական նպատակահարմարությամբ, քաղական պատվերով ավտոմեքենաների բերման ենթարկելու դեպքերի մասին ոչինչ չկա. այս մասին Հայաստանում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամվոր Գեղամ Մանուկյանը:

Դիմելով ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին՝ պատգամավորը նշեց. «Շուրջ 40 ավտոմեքենա ամիսներ շարունակ գտնվում է պարեկային ծառայության տարածքում: Պատճառաբանությունն ամենաաբսուրդայինն է… Քաղաքային նպատակահարմարությամբ ե՞րբ է պարեկային ծառայությունը դադարեցնելու նման արատավոր գործունեությունը»:
Նախարարը պատասխանեց, որ եթե տրանսպորտային միջոցն անցնում է տարբեր քրեական վարույթներով, այդ հարցով պետք է դիմել Քննչական կոմիտեին:
Մանուկյանը հակադարձեց. «Ես ձեզ ցանկը կտամ այն մեքենաների, որոնք որևէ քրեական վարույթով չեն անցնում, բայց պլաշադկայում են»:

***

Տպավորություն կա, որ թմրամիջոցների շրջանառության ավելացումն անհնարին է՝ առանց ուժային կառույցներում բարձրաստիճան հովանավորչության: Այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ Հայաստանում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ:
Ի պատասխան այս դիտարկման՝ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը նշեց. «Մենք ունեցել ենք դեպք, երբ պարեկային ծառայողը թմրամիջոցի իրացմամբ է զբաղվել. ունենք նաև բացահայտված դեպք, երբ փրկարար ծառայողն է զբաղվել: Ինչ վերաբերում է բարձրաստիճան հովանավորչությանը, չկա նման բան»:

***

Այդ 1 տոննա թմրանյութն ինչպե՞ս կարող էր մտնել ՀՀ, արդյո՞ք սա միջգերատեսչական աշխատանքի թերության արդյունքում չէ, արդյո՞ք այստեղ չկա հովանավորչություն. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն այս հարցն ուղղեց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին՝ Հայաստանում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ:
Պատգամավորը նաև հետաքրքրվեց՝ հանցագործությունների աճի արդյունքում կարելի՞ է եզրակացնել, որ հանցագործությունների կանխարգելման, բացահայտման մեթոդները բավարար չեն:
«Մենք կարծում ենք, որ ճիշտ կլինի՝ ծանր հանցագործություններով զբաղվի կրիմինալ ոստիկանությունը, իսկ ոչ մեծ և միջին ծանրությամբ հանցագործություններով` համայնքային ոստիկանությունը: Մենք ձևավորել ենք կրիմինալ ոստիկանություն և համայնքային ոստիկանություն, վստահեցնում եմ՝ մոտ ապագայում կունենանք նոր պատկեր»,- արձագանքեց նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more