▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դմիտրի Մեդվեդևը առաջ է քաշում երեք սկզբունքային մոտեցում

Ռուսաստանն ի դեմս վարչապետի հերթական ուղերձն է հղում Արևմուտքին և Կիևին` պայմանավորված Ուկրաինական ճգնաժամով: Երեկ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հարզացրույց է տվել Bloomberg հեռուստաընկերությանը և անդրադաձրել մի շարք հարցերի:

Պատասխանելով, սակայն, ամերիկացի լրագրողի այն հարցին, թե արդյոք Մոսկվան պատրաստ է երաշխավորել, որ Դոնեցկի և Լուգանսկի մարզերում չի կրկնվի Ղրիմի հետ կատարվածը, Մեդվեդևը շատ հստակ ներկայացրել է ՌԴ ընդհանրական դիրքորոշումը ասելով հետևյալը. «Մենք որևէ մեկին որևիցե բան երաշավորել չենք պատրաստվում, քանի որ նախկինում էլ ոչ մի պարտավորություն մեզ վրա չենք վերցրել: Ավելի ճիշտ կլիներ, եթե մեր գործընկերները, այդ թվում Եվրամիությունն ու ԱՄՆ-ն, իրենք հանդես գային երաշխիքներով: Լավ կլիներ, եթե նրանք երաշխավորեին, որ չեն խառնվի Ուկրաինայի ներքին գործերին, Ուկրաինան չի ներքաշվի Հյուսիսատլանտյան դաշինքի կազմի մեջ, որ երկրի արևելքում ապրող մարդիկ չեն կորցնի ռուսերեն խոսելու հնարավորությունները, որ ինչ որ խենթ «Աջ սեկտոր» հանկարծ չի գա ու չի սկսի նրանց կոտորել»:

Ռուսաստանը սրանով շատ պարզ տեքստով ասում է, որ իր դիրքորոշումը Ուկրաինական հակամարտության լուծման վերաբերյալ բնավ չի փոխվել: Ընդամենը մեկ պարբերության մեջ Մեդվեդևը առաջ է քաշում երեք սզբունքային մոտեցում:

Առաջին հերթին նա հերթական անգամ մեղադրում է Արևմուտքին ուկրաինական ճգնաժամի խորացման և ընդլայնման համար: Երկորդ և երրորդ կետով մատնանշում է Ռուսաստանի վաղուց հնչեցրած տեսլականը խնդրի կարգավորման վերաբերյալ:

Ինչպես հասկացաք, երբ խոսվեց ռուսների անվտանգության, ընդ որում, թե´ ֆիզիկական, թե´ լեզվա-մշակութային առումով, ՌԴ վարչապետը ակնարկեց երկրի դաշնայնացման կարևորությունն, ինչպես նաև ռուսաց լեզվի պատշաճ դերն ու տեղը օրենքով ամրագրելու անհրաժեշտությունը: Մեդվեդև նաև հասկացնել տվեց, որ Ուկրաինայի` որպես չեզոք երկիր լինելը ևս անվերապահ պայման է հակամարտության կարգավորման համար, երբ մեղադրեց Արևմուտքին Ուկրաինան Հյուսիսատլանտյան դաշինքի կազմի մեջ ներքաշելու մեջ:

Կարճ ասած` ստացվում է այսպես (ըստ Ռուսաստանի)` մենք մեր դիրքորոշումը չենք փոխել և մեր կողմից առաջ քաշված սզբունքներն անսակարկելի են: Ճգնաժամը կհանգուցալուծվի այն դեպքում, երբ հաշվի կառնվեն Ռուսաստանի համար առանցքային նշանակություն ունեցող այս հանգամանքները:

Ինչպես հասկանում եմ, Ռուսաստանը, մեծ հաշվով, դեմ էլ չի լինի, եթե Ուկրաինան «ասոցացվի» ԵՄ-ի հետ: Իհարկե, դա անցանկալի կլինի, քանի որ Ռուսաստանի գերնպատակը Ուկրաինան Եվրասիական միության մեջ տեսնելն է, սակայն առավել կարևոր է, որ այդ երկիրը ոչ մի դեպքում չհայտնվի ՆԱՏՕ-ի կազմում, որն ինչքան էլ նույն ինքը ՆԱՏՕ-ն կամ էլ բազմաթիվ արևմտյան փորձագետներն հերքում են, բայց եղել է և մնում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական հակառակորդը: Այնպես որ առայժմ լուծումը միայն սա է: Դժվար է ասել Ռուսաստանն ի վերջո կկարողանա, պայմանականորեն ասած հաղթել այս պայքարում, թե` ոչ, բայց փաստը մնում է փաստ, որ առայժ, համենայնդեպս, չի պարտվում…

Տիգրան Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին