▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՄ-ն ցանկանում է Հայաստանի հետ սերտ կապեր պահպանել. Անրի Ռենո

Այսօր Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն հանդիպել է լրագրողների հետ, առիթն էլ այն է, որ դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը:

Հանդիպման ժամանան Անրի Ռենոն նշել է, որ իր գործունեության այս չորս տարվա ընթացքում հայ-ֆրանսիական երկխոսությունն ավելի է խորացել: Ըստ դեսպանի` իր դիվանագիտական առաքելության ընթացքում իրականացրել է այն բոլոր նախանշված ծրագրերը, որոնք առանձնացրել էր:

Միաժամանակ Անրի Ռենոն արդյունավետ է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունները տնտեսական ոլորտում, քանի որ հայ գործընկերների օժանդակությամբ և շահագրգռվածությամբ իրականացվել են բազմաթիվ ծրագրեր և նախագծեր:

Այս համատեքստում լրագրողները հետաքրքրվեցին` որքանով  է հավանական տնտեսական բնույթի հետագա համագործակցությունները` հաշվի առնելով, որ  օրեր առաջ ստորագրվել  է Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը: Այս  առնչությամբ Անրի Ռենոն նշեց, որ հետագայում եւս ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու հայկական կողմից մտադրություն է հնչեցվել, որն արտացոլվել է Վիլնյուսի գագաթնաժողովի ընթացքում ընդունված հայտարարության մեջ: 

Ինչ վերաբերում է  բուն Ֆրանսիային, ապա ըստ դեսպանի` Հանրապետության նախագահը Երեւան կատարած իր այցի շրջանակներում  հստակ հայտարարել է Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու անհրաժեշտության մասին՝ չմոռանալով առաջնահերթությունները, որոնցից ելնելով, Հայաստանն ընդունել է ԵՏՄ-ին միանալու որոշում: Անրի Ռենոն նաև հավելեց, որ ԵՄ-ն ցանկանում է Հայաստանի հետ սերտ կապեր պահպանել:

Դեսպանն նաև անդրադարձավ ղարաբաղյան կարգավորման խնդրին` ասելով, որ այն եղել և մնում է Մինսկի խմբի ձևաչափի բացառիկ իրավասության ներքո: Իսկ առաջիկայում Փարիզում  կայանալիք գագաթնաժողովը և Սարգսյան-Օլանդ-Ալիև եռակողմ հանդիպումը ևս մեկ անգամ փաստում են այդ: Անրի Ռենոն միաժամանակ նաև հերքեց այն տեսակետը, որ վերջին շրջանում Ֆրանսիան բավականին պասիվ է արձագանքում Արևելյան գործընկերության երկրներում տեղի ունեցող քաղաքական կամ ռազմական գործողություններին:

Հիշեցնենք, որ Անրի Ռենոն ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն է իրականացնում 2010 թ. հոկտեմբերի 25-ից:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին