▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը Թուրքիայից բանալի ստացավ

Թուրքագետները կարծում են, որ ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի կործանումը Էրդողանի անձնական նախաձեռնությունն էր.

«Սու-24 ռազմական ինքնաթիռի կործանումը Թուրքիայի կողմից աննախադեպ էր: Այս քայլով Թուրքիան փորձում է ավելի վճռական ու համարձակ երևալ ու ատամներ է ցույց տալիս, իսկ զինյալները, որոնք կրակ էին արձակում իջնող օդաչուների ուղղությամբ, բացառապես Թուրքիայի հատուկ ծառայությունների ակտիվ ջանքերով սնուցված շրջանակներն են, որոնք աճեցվեցին, զարգացան սիրիական ճգնաժամի պայմաններում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

Նրա խոսքով՝ հատկապես ԱԶԿ-ի(Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն) իշխանության տարիներին ռուս-թուրքական հարաբերությունների աննախադեպ զարգացումը էներգետիկ-տնտեսական ոլորտով էր պայմանավորված, որը շատ դեպքերում ազդեցություն էր ունենում քաղաքական հարաբերությունների վրա, և այն աշխարհաքաղաքական հակասությունները, որոնք կային, շրջանցում և փորձում էին խուսափել շահերի բախումից.

«Սակայն սա չհաջողվեց Սիրիայի պարագայում: Ռուսասատանը ինչ-որ կերպ կպատասխանի Թուրքիային, որը կլինի Սիրիայում ռազմական, իսկ ընդհանուր առմամբ՝ տնտեսական գործընթացներով»,-նշեց Լևոն Հովսեփյանը:

Անդրանիկ Իսպիրյանն էլ խոսեց թուրքական լրատվամիջոցներում և միջազգային մամուլում թմբկահարվող այդ հատվածի մասին, իբր թե ռուսական օդուժի և սիրիական բանակի կողմիցթուրքմենների են կոտորում.

«Այդ հատվածներում թուրքմեն տարրն ընդամենը 2 տոկոս է կազմում, իսկ մնացածը օսմանյան սուլթանների անուններով զորամիավորումներ են, ովքեր կոտորել են Սիրիայի գյուղերի բնակչությանը: Նրանք էին, որ հարձակվեցին Քեսաբի վրա»,-նկատեց թուրքագետը:

Ինչ վերաբերում է Սու-24—ին, ապա Անդրանիկ Իսպիրյանի կարծիքով այն  ռմբակոծելու որոշումը կայացվել էր օրեր առաջ.

«Թուրքիան ուղղակի հարմար պահի էր սպասում՝ հարվածելու Ռուսաստանին: Բայց սխալ հաշվարկներ կատարեց: Թուրքիան Սիրիայում հաստատվելու համար Ռուսաստանին բանալի տվեց՝ կորցնելով այդ տարածքներում իր հնարավոր ազդեցությունը: Թուրքիան չէր սպասում, որ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը անտարբեր կմնան այս քայլի նկատմամբ: Սա ցույց տվեց, որ նրանք չեն աջակցել Թուրքիային: ԱՄՆ-ն ասաց, որ դա Թուրքիայի և Ռուսաստանի խնդիրն է, ՆԱՏՕ-ն ստիպված հայտարարեց, որ Թուրքիան իր սահմանները պաշտպանելու իրավունք ունի: Այս ամենն արտացոլվեց Էրդողանի ելույթում.ամպագոռգոռ, կտրուկ, պահի տակ հայտարարություններ անող Էրդողանն իր ելույթում երեկ որևէ բառ չասաց Ռուսաստանի մասին, չպատասխանեց Պուտինի այն մեղադրանքին, որ աջակցում են ահաբեկիչներին, իսկ ինքնաթիռի մասին խոսելիս ասաց, թե անհայտ ծագման ինքնաթիռը խախտել է սահմանը: Սա ցույց է տալիս, որ Թուրքիան անելանելի վիճակում է»,-եզրափակեց թուրքագետը:

Հիշեցնենք, որ  ռուսական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի Թուրքմենդաղի շրջանում, որտեղ հիմնականում թուրքմեններ են բնակվում: Ինքնաթիռը  թռչելիս է եղել Սիրիայի Յամադի գյուղի վրայով: Թուրքական աղբյուրների պնդմամբ ինքնթիռը իբր խախտել էր Թուրքիայի օդային սահմանը: Մինչդեռ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, հաստատելով ռուսական SU-24 ռազմական ինքնաթիռի կործանման փաստը, հայտարարել է, որ ինքնաթիռը չի խախտել Թուրքիայի օդային տարածքը։

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին