▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է լավագույն լուծումը Ղարաբաղում

Lragir.am-ը գրում է. Ռադիո Վատիկանին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն անդրադարձել է Ղարաբաղյան կարգավորմանը. «Մինչև ապրիլյան իրադարձությունները մենք խոսում էինք այն մասին, որ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա: Այժմ մարդիկ մի քիչ դժվար են ընկալում, թե ինչպես կարելի է փոխզիջումների գնալ մի երկրի հետ, որը խախտեց իր միջազգային պարտավորությունները: Բայց, այնուհանդերձ, ես համոզված եմ, որ մենք պետք է գտնենք լավագույն ճանապարհը: Լավագույնը ոչ թե Ադրբեջանի համար, լավագույնը ոչ թե Հայաստանի համար, այլ լավագույնը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, և գտնելու ենք այդ լավագույն լուծումը, ես համոզված եմ դրանում, ինչը կբերի իհարկե մեծ զարթոնքի՝ ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում և սփյուռքում», ասել է Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանն իհարկե այդքան էլ ճիշտ չէ: Մինչեւ ապրիլյան իրադարձություններն էլ մարդիկ խիստ «դժվար էին ընկալում», թե ինչու պետք է փոխզիջումների գնալ Ադրբեջանի հետ: Խոսքն իհարկե Հայաստանի քաղաքական դասի մասին չէ, սա միշտ էլ պատրաստ է եղել ամեն ինչի՝ հանուն իր դիրքերի, մանդատների, բիզնես-քվոտաների եւ այլն: Բանն այն է, որ փոխզիջում չկա եւ չի կարող լինել, այս եզրն ընդհանրապես հնարվել է հակամարտ կողմերին քաղաքական «բարեկրթության» մեջ պահելու եւ մանիպուլյացիաների համար: Նույնը վերաբերվում է Ղարաբաղին, եւ այստեղ իսկապես դժվար է ընկալել, թե ինչու եւ ինչպես հայկական կողմը պետք է փոխզիջման գնա Ադրբեջանի հետ: Նախ, Ադրբեջանը որեւէ «փոխզիջման» չի ցանկանում գնալ եւ պահանջում է ամբողջը: Պետք է ասել, որ Ադրբեջանի պահվածքը քաղաքական է, հստակ քաղաքական դիրքորոշում է առկա, թեեւ Ադրբեջանը պատերազմում պարտված կողմն է:

Այս ֆոնին, անհասկանալի է, թե ինչ է ուզում Հայաստանը, անհասկանալի է Հայաստանի իշխանությունների պահվածքը երկու տասնամյակների ընթացքում: Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, համաձայնություն է տալիս այն ամենին, ինչ դրվում է սեղանին, չնայած առաջին պատերազմի արդյունքներին: Ավելորդ է ասել, որ սա քաղաքականություն չէ, այլ լիովին այլ բան, որը հայկական քաղաքական դասը փորձում է ներկայացնել որպես քաղաքականություն: Իրականում, Ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի պատճառը խոշոր հաշվով ոչ թե Ադրբեջանն է, չնայած նրա նախահարձակ բնույթին, այլ Հայաստանը՝ իր «փոխզիջումային» պահվածքով: Հայաստանի նման պահվածքը ոգեշնչում է Ադրբեջանին, եւ ինչպես պնդում են հայ փորձառու հրամանատարները՝ նման պահվածքը նպաստել է նրան, որ Ադրբեջանը հաղթահարել է հայկական կողմի հանդեպ վախը եւ կոշտացրել իր դիրքորոշումը:

Ադրբեջանի տնտեսական հնարավորությունները, կարգավորման անբարենպաստ տարբերակները եւ այլն երկրորդական հանգամանքներ են, ընդամենը՝ արդարացում: Այդ ամենն ածանցյալ է հայկական կողմի վարած «քաղաքականության»: Երկու տասնամյակ հայկական կողմն այդպես էլ դուրս չեկավ «փուլային, թե փաթեթային», «պատերազմ, թե խաղաղություն» եւ այս կարգի այլ անհեթեթ քննարկումների ու հարցադրումների շրջանակներից:Այս ամենն ընդամենը վկայում է հայկական իշխանությունների, հայկական քաղաքական դաս կոչվածի անզորության, մերկանտիլ մոտիվացիաների մասին: Այսպես երեւի հեշտ է՝ գանգատվել աշխարհից ու Ադրբեջանից, քողարկելու եւ արդարացնելու համար այդ անզորությունն ու մոտիվացիաները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին