▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞րն է հայ-ռուսական միացյալ զորախմբի նպատակը.ՀՀ պաշտպանության նախկին նախարարը պարզաբանում է

Օրերս Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանն ու Սերգեյ Շոյգուն ստորագրեցին հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը։

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ միացյալ զորախմբի կազմում կընդգրկվեն Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան և հայաստանյան ռազմական ստորաբաժանումներ։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի խոսքով՝ այս փաստաթուղթը բազայի պայմանագրի, ՀԱՊԿ-ի շարունակությունն է: Բազայի խնդիրը ագրեսիայի դեպքում ՀՀ անվտանգությունն ապահովելն է, նույնը՝ ՀԱՊԿ պայմանագրի դեպքում:

«Սա նոր բան բացահայտող փաստաթուղթ չէ: Նորությունն այն է, որ եթե այն ժամանակ նախարարությունների մակարդակով էին այս խնդիրները լուծվում, ապա հիմա 2 փոփոխություն կա.առաջինը սա բերվել է միջպետական մակարդակի, ավելի հստակեցվել են բոլոր հարցերը, և երկրորդ՝ այս պահին է ի հայտ եկել, որովհետև ձևավորվում է կոլեկտիվ անվտանգության կովկասյան տարածաշրջանային խմբավորում»,-մանրամասնեց Վաղարշակ Հարությունյանը;

Անդրադառնալով հնչող մի շարք մտահոգություններին՝ նկատեց.

«Այս ամենը գործում է միայն ՀՀ-ի դեմ ագրեսիայի դեպքում: Այս զորամիավորումը չի կարող գնալ Սիրիա կամ այլ պետություն: Սա չի գործում նաև Արցախի դեպքում, քանի որ այն Հայաստանի կողմից ճանաչված չէ, ՀՀ կազմում չէ»:

Ինչ վերաբերում է վերջնական որոշմանը, ապա ՀՀ պաշտպանության նախկին նախարարի փոխանցմամբ՝  դա հայկական կողմինն է լինելու.

«Բերեմ օրինակ: ՆԱՏՕ-ն միավորված ուժեր ունի Եվրոպայում: Գիտե՞ք, թե ով է ղեկավարում: Ամերիկյան գեներալը, այն էլ՝ մշտապես, որովհետև ՆԱՏՕ-ի ֆինանսավորման 70 տոկոսն ու հիմնական ուժերը, միջուկային զենքն ունի ԱՄՆ-ն: Բնական է՝ միջուկային զենքի օգտագործումն ինչպե՞ս կարող է վստահել գերմանացուն»:

Վաղարշակ Հարությունյանը խոսեց նաև ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում իր նշանակման մասին՝ ասելով.

«Չեմ ուզում սա մեկնաբանել, փակ հարց է: Նշեմ միայն այն, որ որոշում է կայացվել՝ այն պետք է ռոտացիոն կարգով լինի: Առաջիկայում նիստ կգումարվի, իսկ, թե ինչ որոշում կկայացնեն՝ չեմ կարող ասել»:

Հարցին, թե գուցե հետաձգման պատճառը մյուս պետությունների կողմից ճնշումնե՞րն են,  Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց.

«Եթե որևէ պետություն այսօր դեմ է Հայաստանին, մեր երկիրն էլ վաղը իրենց դեմ կխոսի»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին