▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեյրան Օհանյանը նույնիսկ իր տուն-տեղը վաճառելու դեպքում չի կարողանա գործունակ կուսակցություն ստեղծել.Քաղաքագետ

«Հայաստանում այդպես էլ ընդդիմադիր շրջանակներ չձևավորվեցին: Չկա: Մարդիկ գալիս են՝ առաջարկելով նույնը, ուղղակի ասում են, որ ավելի ազնիվ են աշխատելու: Իսկ ես ինչո՞ւ պետք է հավատամ դրան, եթե նախկինում եղել է իշխանական: Նրանք մոռացել են, որ իրենց սեփական ազգը լավ հիշողություն ունի: Մարդիկ նստում ու քաղաքական խոհանոցիկում ասում են՝ այս տարի դու ես ընդդիմություն խաղալու, դու էլ կձևանաս, թե վերադառնում ես մեծ քաղաքականություն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ապրիլի 2-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների ու դրա շուրջ ծավալվող գործընթացների մասին՝ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ հավելելով.

«Այժմ փորձում են մեր ուշքն ու միտքը բևեռացնել նախկին և ներկա պաշտպանության նախարարների վրա  ու մեկի վերաբերյալ տարածում են, թե կուսակցություն է ստեղծելու, բոլորին կմիավորի: Որոշ նախկին քաղաքական գործիչներ  էլ իբր աջակցում են այս առասպելին: Ես համոզված եմ՝ եթե Սեյրան Օհանյանը վաճառի ամեն ինչ, ինչ որ ունի, նույնիսկ իր  տուն-տեղը, չի կարողանա մի քանի ամսով գործունակ կուսակցություն ստեղծել: Այսինքն, սա թատրոն է: Ավելին, սկսել են տարածել, որ իրական վարչապետի թեկնածուն Սեյրան Օհանյանն է: Այս խաղը իզուր չի տարվում նախագահի կողմից: Երևի հաշվարկել է նախագահական լիզորությունների ավարտի դեպքում ավելի հավատարիմ մարդու նշանակի վարչապետ, եթե ինքը չլինի: Սա նորմալ է մարդու համար, որը չի ցանկանում կորցնել իշխանությունը, մտածում է, որ ՀՀ-ն նրա ընտանեկան կալվածքն է»:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությանը՝ քաղաքագետը նկատեց.

«Սա ոչինչ չի նշանակում: Նախագահի խորհրդով վերադառնում է, որպեսզի խեղճ ու կրակ շարքային քաղաքացիներին ավելի մոլորեցնի: Եթե Ծառուկյանի մտերիմներից ոչ ոք իշխանական համակարգում աշխատող չլիներ, կասեի՝ հա, կարող է հիշում է բացահայտ հնչած վիրավորանքները, ուզում է վրեժ լուծել: Բայց այդպես չէ»:

Ինչ վերաբերում է ստեղծվող դաշինքներին՝ Սերգեյ Շաքարյանցը դրանք անլուրջ է համարում:

«Ցանկացած երկրում եթե ասեք, որ 2-3 օր առաջ ստեղծված կուսակցությունը դաշինքի կորիզ է դարձել, ձեզ կասեն՝ դու մեզ էշի տե՞ղ ես դրել: Աշխարհը նման մեկ նախադեպ գիտի միայն: Դրանք Իսպանիայի սոցիալիստներն էին, որոնք ուժ դարձան դրսի ուժերի օգնությամբ»,-նշեց քաղաքագետը:

Մեր հարցին, թե այս դեպքում ի՞նչն է պատճառը, որ չունենք իրական ընդդիմություն Սերգեյ Շաքարյանցը պատասխանեց.

«Կա սկզբունք, որը գործում է ՀՀՇ-ի ժամանակներից՝ ոչնչացնել ցանկացած մեկին, որը կարող է թեկուզև 20 տարի հետո լուրջ հակակշիռ ունենալ: Եթե ընդդիմադիրները պարբերաբար մտնում են Բաղրամյան 26՝ իբր բանակցելու ու նրանց դուրս գալուց հետո տեսնում ես արդյունքները, շատ հեշտ է եզրակացնել, թե ի՚նչ է քննարկվել այդ ընթացքում»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին