▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալյանս» կուսակցության փոխնախագահը գտնվում է ազատության մեջ. նա հեռացվել է կուսակցությունից

Արդեն տեղեկացրել ենք, որ «Ալյանս» կուսակցության փոխնախագահ Սարգիս Հարությունյանը  խարդախության մեղադրանքով 4 տարվա ազատազրկման է դատապարտվել և տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Սակայն Asekose.am-ի ընթերցողներից մեկը մեզ տեղեկություն էր հաղորդել, ըստ որի` Սարգիս Հարությունյանը շարունակում է ազատության մեջ մնալ և  ազատ ու անկաշկանդ շրջում է Երևանի փողոցներով, քաղաքական հանդիպումներ ունենում,  ավելին` օրեր առաջ հատել է ԱԺ անցագրային կետը և մուտք գործել խորհրդարանի շենք:

Ստորև ներկայացնում ենք  «Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ՝ Վ. Քոչարյանի պարզաբանումը:

«Մի շարք լրատվամիջոցներում «Ալյանսի» փոխնախագահի դատավճիռի վերաբերյալ հրապարակումների մասով հայտնում եմ, որ տարիներ առաջ առանձնապես խոշոր չափի խարդախության համար չորս տարվա ազատազրկման դատապարտված «Ալյանսի» վարչության անդամ Սարգիս Հարությունյանի վճիռը անցած տարվա վերջում Վճռաբեկ դատարանը (№ ԵԿԴ/0236/01/14) օրինական ուժի մեջ մտցրեց: Այդ պահից Սարգիսը սկսում է կոմպրոմատներ հավաքել կուսակցության առանցքային գործիչների և նախագահի վերաբերյալ, պառակտիչ ու քայքայիչ գործողություններ կատարում կուսակցության մեջ, զրպարտում գործընկերներին՝ պահանջելով, որպեսզի կուսակցությունը փոխի ընդդիմադիր քաղաքական կուրսը և իշխանություններից խնդրի չեղարկել օրինական ուժի մեջ մտած դատավճիռն ու փրկի իրեն բանտից, միաժամանակ պահանջելով ֆինանսավորում և սպառնալով փոխել իր տված մի շարք ցուցմունքները այն քրեական գործերով, որոնցով նա անցնում է վկայի կարգավիճակով: Կապի մեջ մտնելով քաղաքական հակառակորդների և մի քանի քրեական գործով անցնող պետությանը վնաս պատճառած անձանց հետ, նրանց տրամադրել է կուսակցությանը վերաբերող գաղտնի տեղեկություններ և կուսակցության նախագահին ու մի շարք վարչության անդամներին վարկաբեկող սուտ ու կեղծ տվյալներ: Կուսակցության և կուսակցության նախագահի վստահությունը չարաշահած, բարձր դիրքի, լիազորությունների ու չափազանց շոշափելի խրախուսանքի արժանացած այդ անձը, կատարելով քրեական հանցագործություն, ավտոմատ կերպով ենթակա է հեռացման կուսակցությունից կանոնադրության թիվ 10.11 կետի համաձայն: Այսուհետ Սարգիս Հարությունյանի կողմից «Ալյանս» կուսակցության բնականոն գործունեությանը խոչընդոտելը դիտվելու է քրեական օրենսգրքի շրջանակներում և ձեռնարկվելու են համապատասխան միջոցներ: «Ալյանս» կուսակցության վարչությունը Սարգսին կուսակցությունից հեռացնելու որոշում է կայացրել, միևնույն ժամանակ որոշում է կայացրել ՀՀ դատական դեպարտամենտից հրատապ պատասխան ստանալու, թե որ հիմքով է ազատազրկման դատապարտված այդ անձը գտնվում ազատության մեջ՝ օրինական վճռի ուժի մեջ մտնելուց հետո»:

Asekose.am-ը պատրաստ է  հրապարակել նաև Սարգիս Հարությունյանի ներկայացուցչի կամ փաստաբանի տեսակետը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին