▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազգովի գիտենք, որ սատանայի անիվ կոչված սարքը փչացած է, բայց տոմսերն առել, հերթ ենք կանգնել

«Ազգովի գիտենք, որ սատանայի անիվ կոչված սարքը փչացած է, բայց տոմսերն առել, հերթ ենք կանգնել, որ նստենք ու հերթական անգամ ընկնենք: Հանուն Հայրենիքի, հանուն մեր ապագայի պայքար չեմ տեսնում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ սպասվող խորհրդարանական ընտրությունների մասին՝ ասաց  երաժիշտ Եղիշե Պետրոսյանը:

Նրա հետ մասամբ համաձայնեց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը.

«Լրիվ ապարանցու անեկդոտն է.Ասում է ՝ այս կինոն ինչո՞ւ ես նայում, պատից պատ է թռնում, կընկնի, պատասխանում է՝ կարող է այս անգամ չընկնի: Չկա գաղափարական պայքար: Մարդիկ պետք է հավատով ընտրեն»,-նշեց պատգամավորը: 

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ ներկայացրեց Հայաստանի 100 բնակավայրում անցկացված հարցման արդյունքները, որոնք վերաբերել են կուսակցությունների հեղինակությանը:

Նրա խոսքով՝ հաշվի են առել կուսակցությունների ռեսուրսները, ինչպես նաև առաջին դեմքերին: Ըստ այդմ՝ ամենաբարձր գործոնն ունի ՀՀԿ-ն՝ 15 տոկոս, ապա ԲՀԿ-ն՝ 9 տոկոս, ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը՝ 7-ական տոկոս, ՀԱԿ-ը՝ 5 տոկոս, «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան»՝ 4 տոկոս, «Ազատ դեմոկրատներ»՝ 2 տոկոս, և «ԵԼՔ»՝ 2 տոկոս:

Նրա խոսքով՝ պակաս դեր չեն խաղում կուսակցության խարիզմատիկ դեմքերը. «Օրինակ՝ ԲՀԿ-ում դա Գագիկ Ծառուկյանն է, նրանից բացի ոչ ոքի չգիտեն: ՀՀԿ-ի դեպքում Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանն են, երբեմն էլ՝ Գալուստ Սահակյանը:

Խնդիր ունի ՀՅԴ-ն, որովհետև կոլեկտիվ է ներկայանում, «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքում երեքն էլ խարիզմատիկ են:

«Ամենավատ վիճակում «ԵԼՔ»-ն է, քանի որ այնտեղ լուրջ խարիզմատիկ դեմք չկա: Միայն Նիկոլ Փաշինյանն է, ով միայն լավ խոսում է: Նրանք հարց լուծող չեն, հարց լուծողը Ծառուկյանն է, ով ասում է՝ այսքան մարդկանց խաղողը 20 դրամով ավել եմ գնել: Ծափ են տալիս, գնում են նրա հետևից»,-ընդգծեց սոցիոլոգը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին