▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե քաղաքական գործիչները պաղպաղակներ լինեին, որի՞ն կընտրեիք

«Այս ընտրություններում թերությունն այն է, որ ունենք վատ ու թույլ դերասաններ և ոչ՝ քաղաքական գործիչներ: Միայն մեկ դերասան կար, ով հայտ էր ներկայացրել, բայց ցավոք, ընտրություններին չմասնակցեց: Թե չէ, հավատացնում եմ, ընտրությունները շատ հետաքրքիր կլինեին: Խոսքը Սերգեյ Դանիելյանի մասին է: Նա հսկայական ձայներ էր փախցնելու»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «PR-ի զարգացման հայկական կենտրոնի» ղեկավար, PR-խորհրդատու Հայկ Կիրակոսյանը՝ հավելելով.

«Ֆրանսիայի PR արքաներից մեկն ասում է՝ ընտրում ենք անձին և ոչ կուսակցությանը, ընտրում ենք գաղափարը և ոչ խոստումները: Իսկ Հայաստանում այս ամենը բացակայում է: Նրան, ում անվանում ենք քաղաքական գործիչ, լավ կլիներ քաղաքական դերասան անվանեինք: Այս մարդկանց զգալի մասը տարիներ շարունակ իր գործով է զբաղվում՝ բիզնես, լրատվություն, IT ոլորտ, հետո գալիս են ընտրություններն ու արագ վերածվում են քաղաքական գործիչների: Նրանք սնկի պես աճում են: Մի մասի դեմքերից անգամ նկատելի է, որ զոռով են ուղարկել ընտրություններին մասնակցելու: Պետք է վաղուց ունենայինք հաստատություն, որտեղ քաղաքական դերասանություն են սովորեցնում: Սա առանց հեգնանքի: Պետք է մեզ հարց տանք՝ եթե քաղաքական գործիչները պաղպաղակներ լինեին, մենք նրանցից ո՞ւմ կընտրեինք: Եթե լինի պատասխան՝ կունենանք ընտրության իրական պատկերը»,-նկատեց Հայկ Կիրակոսյանը:

PR-խորհրդատուի խոսքով՝ քաղաքական գործիչների մոտ միայն «կոկորդիլոսի արցունք» թափելն է լավ ստացվում:

«Այնպես են լացում ու ասենք որոշ ժամանակ իրենց անհետանալն հիմնավորում, որ քիչ է մնում հավատանք, թե ճիշտ են վարվել, որ հեռացել են, կամ սեփական կառույցը լքելն ու նորը հիմնելը ճիշտ էր»: Ինչ վերաբերում է խոստումներին՝ PR-խորհրդատուն նշեց.

«Նկատե՞լ եք՝ բոլորի խոստումները ինչպիսի՞ն են.ոչ մի մասշտաբային հարցի չեն անդրադարձել: Ասում են՝ հաց, ջուր, զգեստ: Բոլորի կարգախոսը մեկ բառով կարելի է ասել՝ «ընտրե՛ք մեզ, լավ կլինի, չե՛նք խաբում»: Բայց այստեղ դուք պետք է որոշեք, թե ստորակետ որտեղ դնեք»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին