ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հրաչյա Աղաջանյանն ազատվել է Դանիայի Թագավորությունում եւ Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել Ալեքսանդր Արզումանյանը:
ՀՀ նախագահի հրամանագրերում, մասնավորապես, ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Հրաչյա Աղաջանյանին ազատել Դանիայի Թագավորությունում եւ Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից»:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Ալեքսանդր Արզումանյանին նշանակել Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Կոպենհագեն)»:
Ստորեւ ներկայացնում ենք Ալեքսանդր Արզումանյանի կենսագրությունը
Ալեքսանդր Արզումանյանը ծնվել է 1959թ. դեկտեմբերի 24-ին Երևանում:
1986թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը:
Մինչև 1990թ. Քաղաքի կառավարման ավտոմատացված համակարգերի Երևանի գիտահետազոտական և նախագծային ինստիտուտում (ՔԿԱՀԵՆԻ) աշխատել է ճարտարագետ-ծրագրավորող:
1988-1990թթ. ղեկավարել է Հայոց համազգային շարժման լրատվական կենտրոնը, հրատարակել կենտրոնի տեղեկագրերը:
1990-1991թթ. եղել է ՀՀ ԳԽ նախագահի օգնական: 1991թ. ՀՀ ԳԽ նախագահության և Նախարարների խորհրդի համատեղ որոշմամբ գործուղվել է ԱՄՆ (ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնելու նպատակով):
1992-1993թթ. եղել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
1992-1996թթ.` ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ:
1996-1998թթ.` ՀՀ արտաքին գործերի նախարար:
1988թ-ից մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը:
2000-2002թթ. եղել է Հայոց համազգային շարժման վարչության նախագահ:
2001-2004թթ. Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամ (հայ և թուրք ականավոր գործիչներից կազմված անկախ խումբ):
2002թ. հուլիսին Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հանձնարարությամբ Նյու Յորքի Անցումային արդարադատության միջազգային կենտրոնը կատարել է Հայոց եղեռնի նկատմամբ ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման վերաբերյալ կոնվենցիայի կիրառելիության իրավաբանական վերլուծություն:
2002թ. աշխատել է մարդու իրավունքների, ժողովրդավարության, տարածաշրջանային համագործակցության հարցերով զբաղվող ոչ կառավարական կազմակերպություններում:
2008թ. նախագահական ընտրություններում եղել է նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական նախընտրական շտաբի պետ:
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից:
Ամուսնացած է, ունի մեկ զավակ: