▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շիրինօղլու. «Պետությունը Բեքչյանին չի ճանաչում որպես Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ»

Թուրքիայի իշխանությունները Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին չեն ճանաչում որպես Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ: Նման պնդում է արել Պոլսի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն: Նա նշել է, որ այդ մասին հայտնել է տեղապահին՝ նշելով, որ պետության այդպիսի վերաբերմունքի պատճառը Բեքչյանի՝ 2016 թվականին գերմանական թերթերից մեկին տված հարցազրույցն է:

«Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ Շիրինօղլուն նաև ներկայացրել է պատրիարքական ընտրական գործընթացին վերաբերյալ պետության դիրքորոշումը: Շիրինօղլուն նշել է, որ իրեն իշխանությունները հետևյալ ուղերձն են փոխանցել. «Ստամբուլում 2 եպիսկոպոս ունեք՝ Աթեշյանը և Մաշալյանը: Մեկը թող տեղապահ լինի, մյուսը հոգևոր խորհրդի ատենապետ դառնա, թող դիմեն, 6 ամսվա ընթացքում ընտրությունը կանենք, գործը կավարտենք»:

Շիրինօղլուի խոսքերով՝ թեմայի շուրջ խոսել է նաև Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինի հետ, որը նույնպես հայտնել, թե Բեքչյանին տեղապահ չեն ճանաչում: Այնուհետև Շիրինօղլուն ընդգծել է, թե Բեքչյանին ինքն է բերել Ստամբուլ, նրան Աթաթուրքի անվան օդանավակայանում դիմավորել է հասարակ ուղևորների համար փակ տարածքում, ինչի համար հատուկ թույլտվություն է անհրաժեշտ:

Դիմավորումից մեկ օր հետո իրեն զանգել են և ասել, որ իրավունք չուներ օդանավակայանի հատուկ տարածքում դիմավորել մի մարդու, որը ծանր խոսքեր է ասել Թուրքիայի և Աթաթուրքի հասցեին: Շիրինօղլուի հայտարարություններին անդրադարձել է Պոլսի Հայոց պատրիարքության տեղապահ Գարեգին Բեքչյանը: Նա նշել է, որ Շիրինօղլուի կողմից պետության անունից հնչեցված հայտարարությունները պատրիարքարանը պաշտոնապես չի ստացել: «Պետական որևէ հաստատությունից ես այդպիսի բովանդակությամբ պաշտոնական փաստաթուղթ չեմ ստացել: Եթե պետությունն այդպիսի պահանջներ ունի, ապա դրանք ուղղակիորեն մեզ կարող են ուղարկել: Մենք մեր ներքին կանոնադրությամբ ենք առաջ շարժվել և որևէ սխալ թույլ չենք տվել»:

Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին