▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵԽԽՎ-ն միացավ Ադրբեջանին ԵԽ-ից հեռացնելու գործընթացին

Հոկտեմբերի 13-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոն կոչ է արել Ադրբեջանի քաղբանտարկյալ Իլգար Մամմադովի գործը հնարավորինս շուտ հետ ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հարցով, թե արդյոք Ադրբեջանը չի կատարել ՄԻԵԴ դատավճիռը:

Բյուրոն, Ադրբեջանի կողմից  «Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ վճռի շարունակական չկատարման պատճառով, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կողմերին՝ ԵԽ անդամ երկրներին, կոչ է անում հնարավորինս շուտ Ադրբեջանի նկատմամբ կիրառել Կոնվենցիայի 46.4 հոդվածը:

Այսպիսով ԵԽԽՎ իր աջակցությունն է հայտնում Եվրոպայի խորհրդի մյուս կանոնանդրական մարմնի՝ Նախարարների կոմիտեի որոշմանը,  ով մինչև հոկտեմբերի 25-ը ժամանակ է տվել Ադրբեջանին, նախքան Կոնվենցիայի նշված հոդվածով ընթացակարգը սկսելը: Իսկ այդ ընթացակարգի մեկնարկը կարող է նշանակել ԵԽ-ին Ադրբեջանի անդամակցության կասեցման սկիզբ: Ճիշտ է, այս փուլում քիչ հավանական է, որ Ադրբեջանի անդամակցության հարցը դրվի, բայց ԵԽ երկու հիմնական մարմինների կողմից նման հեռանկարի քննարկումն անգամ արդեն իսկ աննախադեպ է:

Տպավորությունն այն է, որ ԵԽ-ում Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն սկանդալների ֆոնին այդ երկրի կողմից մարդու իրավունքների շարունակական ոտնահարումները բերել են մի իրավիճակի, երբ հասունացել է կտրուկ որոշումների ընդունման պահը:

Հետաքրքրականն այն է, որ ԵԽ խորհդարանական վեհաժողովը, որը նախկինում ավելի մեղմ էր վերաբերվում Ադրբեջանին, սկսել է հանդես գալ ավելի արմատական դիրքերից: Հիշենք միայն 2013թ. Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ Շտրասերի հայտնի զեկույցը, որը քվեարկությամբ մերժվեց ԵԽԽՎ-ում կամ Ադրբեջանի տարատեսակ ընտրություններին ԵԽԽՎ տված դրական գնահատականները, որոնց անգամ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրաժավում էր դիտորդական առաքելություն ուղարկել: Ի հակադրություն սրա, այս տարվա աշնանային նստաշրջանում ընդունվեց երկու քննադատական բանաձև և Բյուրոյի նշված հայտարարությունը:
Դիրքորոշման նման փոփոխությունը մասամբ կարող է բացատրվել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի լոբբիզմի կատաստրոֆիկ ձախողմամբ: Հրաժարական տվեցին ադրբեջանամետ մոտեցումներով հայտնի ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը, իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ալան Դեստեքսը, ԵԺԿ խմբակցության ղեկավար Աքսել Ֆիշերը: Վեհաժողովում ստեղծվել է կոռուպցիան հետքննող հանձնաժողով, որի եզրակացությունները սպասվում են մինչև այս տարվա վերջը: Ադրբեջանական շահերի վերջին բաստիոն է դարձել վերջերս ստեղծված քաղաքական նոր՝ Ազատ դեմոկրատների խմբակցությունը, որում միավորված են ադրբեջանցի ու թուրք պատգամավորները և մի քանի իտալացիներ, ինչպես նաև տխրահռչակ Միլիցա Մարկովիչը:

Պարզամիտ թվալու ռիսկով հանդես՝ կարելի է ենթադրել, որ ԵԽԽՎ-ում սկսվել է ինքնամաքրման գործընթաց, որով փորձ է արվում ազատվել «ադրբեջանական քաղցկեղից», որը քանի տարի է ԵԽԽՎ-ին վերածել էր անմեղսունակ մի կառույցի, որի ընդունած կողմնակալ փաստաթղթերը ծառայում էին ադրբեջանական ղեկավարության արկածախնդիր ներքին ու արտաքին քաղաքականության արդարացմանը:

Բայց դե հայտնի ճշմարտություն է, որ ամենինչ այս աշխարհում փոփոխական է: Շատ չեն անցել այն օրերից, երբ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը քրտնաջան պաշտպանում էր ԵԽԽՎ-ին և նրա ընդունած բանաձևերը՝ գովելով նրանց արդարամտությունը: Իսկ արդեն երեկ հայտարարում էր, որ «Եվրոպայի խորհուրդը որպես կազմակերպություն վարկաբեկել է իրեն» և որ «այն մոռացել է իր արժեքների մասին ու զբաղվում է պոլիտիկանությամբ» ու եզրահանգում է, որ այս ամենի մեղավորը նաև ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն է: Դյուրին չէ Սեիդովի գործը. բոլորը քննադատում են, բոլորը մեղադրում են, և պետք է ինչ որ կերպ դուրս գալ այս ամենի տակից: Նրա մասին դիպուկ ասաց բրիտանացի պատգամավոր Ռոջեր Գեյլը. «Սեիդովը մեր ընկերն է, բայց նա փորձում է պաշտպանել անհերքելին»։

Սպասենք հետագա զարգացումներին այն ակնկալիքով, որ Ադրբեջնաը կդադարի գոնե Լեռնային Ղարաբաղի հարցում իր ագրեսիվ ու ոչ ադեկվատ քաղաքականությունը հիմնավորելիս հղում կատարել, իրենց իսկ խոսքերով ասած, «վարկաբեկված» ԵԽԽՎ-ի «կողմնակալ» բանաձևերին:

 

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Աղբյուրը` Panorama.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին