▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրապարակվել է ՀՀ Կառավարության ծրագիրը

 

ՀՀ կառավարության կայքում հրապարակվել է կառավարության ծրագիրը, որը պետք է ներկայացվի հունիսի 7-ին ԱԺ հատուկ նիստում: Նշենք, որ փաստաթղթում խոսվում է արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին: Նշվում է, որ այն պետք է անցկացվի մեկ տարվա ընթացքում: Փաստաթղթում որեւէ թվային ցուցանիշ չկա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ստորեւ ներկայացնում ենք ծրագիրն ամբողջությամբ.

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ՈՒՂԵՆԻՇԵՐԸ

ՀՀ կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային եւ ազգային հարաբերությունների հիմք եւ հեղափոխության գաղափարների իրագործումը` որպես մշտական քաղաքական իրողություն:

 

 

 

 

 

 

 

Այս իմաստով առանցքային նշանակություն ունեն․

Իշխանության ձեւավորումը բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով:

Իրավունքի գերակայության եւ օրենքի առաջ բոլորի հավասարության վրա հիմնված ազգային միասնությունը եւ քաղաքացիական համերաշխությունը:

Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին անվտանգության ապահովումը, Հայաստանի եւ Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը:

Կոռուպցիայի հանրային մերժումը եւ կոռուպցիայից զերծ հանրությունը, քաղաքականության եւ բիզնեսի գործնական տարանջատումը:

Մարդու իրավունքների պաշտպանվածությունը եւ մարդու ազատ ստեղծագործելու, արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմանների ստեղծումը:

Արհեստական տնտեսական մենաշնորհների բացառումը, տնտեսական մրցակցության պաշտպանությունը, տնտեսական որեւէ գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորությունը:

Տնտեսության ներառական աճի ապահովումը, աշխատատեղերի ստեղծումը, աղքատության հաղթահարումը:

Հանրության կրթական եւ սոցիալական ապահովության մակարդակի շարունակական բարձրացումը:

Բռնությունից զերծ հանրության հաստատումը եւ բռնության հանրային մերժումը։

Շրջակա միջավայրի պահպանությունը եւ բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործումը:

ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության հաղթանակից հետո ակնհայտ դարձավ, որ վեցերորդ գումարման Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանի ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունները, նախապատվությունները եւ ուժերի իրական հարաբերակցությունը։ Այս իրողությունը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անվիճելի անհրաժեշտություն է առաջացնում։

Կառավարությունը արձանագրում է նաեւ, որ Հայաստանում կառավարման եւ վստահության համակարգային ճգնաժամը մեկնարկել է այն պահից, երբ հիմք է դրվել ընտրողների ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու, քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցություններ գործադրելու, ընտրությունների արդյունքները կեղծելու արատավոր եւ կործանարար պրակտիկային։

Այս առումով կառավարությունը կարեւորում է այնպիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը կլինի իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական։ Այդպիսի ընտրություններ անցկացնելու եւ ընտրությունների՝ հանրության կողմից չվիճարկվող արդյունքեր արձանագրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Ընտրական օրենսգրքի եւ ընտրական համակարգի էական բարեփոխումներ: Այդ փոփոխություններով անհրաժեշտ է․

Հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից եւ անցնել լիարժեք համամասնական համակարգի,

Ձեւավորել նոր՝ իրական պատկերն արտացոլող ընտրական ցուցակներ, որոնք հետագայում կթարմացվեն ինքնաշխատ եղանակով,

Բացառել կրկնաքվեարկության հնարավորությունը՝ քվեարկած ընտրողների մատնահետքերի համաժամանակյա եւ ինտեգրված ստուգման ցանց ստեղծելու կամ համարժեք այլ եղանակով,

Օրենքով երաշխավորել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին անվճար եւ վճարովի հիմունքներով տրամադրվող եթերաժամերի տեղադրումը ամենադիտվող ժամերին,

Բացառել քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցությունների գործադրումը, ճնշումներն ու ընտրակաշառքը։ Այդ նպատակով իրավապահ համակարգում ստեղծել ընտրողների կողմնորոշման վրա ստիպողաբար կամ սպառնալիքներով գործադրվող ազդեցության, ընտրակաշառքների եւ օրենքով արգելված նյութական նվիրատվությունների, ծառայությունների մատուցման, ապօրինի խոստումների եւ ընտրարշավի ապօրինի ֆինանսավորման դեմ պայքարի ստորաբաժանում,

Իրականացնել Ընտրական օրենսգրքի՝ ընտրողների ազատ կամարտահայտումը երաշխավորող այլ փոփոխություններ։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում։

ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

Հայաստանի արտաքին եւ ներքին անվտանգության ապահովման կարեւորագույն նախապայմանը իրավունքի եւ օրենքի վրա հիմնված ազգային միասնության մթնոլորտն է, ժողովրդի վստահությունը վայելող կառավարության գոյությունը։

Նման պայմանների առկայությունը հնարավորություն է տալիս ազգային լավագույն ներուժը համախմբել Զինված ուժերի արդիականացման ու մարտունակության բարձրացման, սահմանների պաշտպանության, ներքին անվտանգության ապահովման եւ արտաքին քաղաքականության արդյունավետության բարձրացման համար։ Հենց այդ մթնոլորտն է, որ կարող է ապահովել հայրենիքի պաշտպանության եւ անվտանգության գործում բոլորի ներգրավվածության անհրաժեշտության համընդհանուր գիտակցումը եւ քաղաքացի-բանակ իրական եւ արդյունավետ կապը։ Զուգահեռաբար այդ մթնոլորտն է, որ կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել նաեւ քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման, իրավապահ մարմինների նկատմամբ վստահության ձեւավորման, քաղաքացի-իրավապահ մարմիններ անհրաժեշտ համագործակցության համար։

 

 

Զինված ուժեր

Զինված ուժերի մարտունակության եւ արդյունավետության բարձրացման կարեւորագույն միջոցը բանակաշինության եւ զինվորական ծառայության շուրջ հաստատված մթնոլորտի ու մոտեցումների արմատական փոփոխությունն է։

Ամբողջ պետական համակարգում, առավել եւս բանակում, արհեստավարժ անձնակազմի եւ զորակոչիկների շրջանում անհրաժեշտ է պարտականության զգացողությունը փոխարինել առաքելության զգացողությամբ։ Յուրաքանչյուր սպա, ենթասպա եւ շարքային պետք է առաջնորդվի պետության եւ ժողովրդի առաջ  ունեցած պատմական առաքելության գիտակցումով։ Զինված ուժերի յուրաքանչյուր հրամանատար եւ պաշտոնյա պետք է առաջնորդվի այդ առաքելությունը լավագույնս իրականացնելու նպատակով հասարակության եւ պետության կողմից հատկացված մարդկային, նյութական, ֆինանսական եւ այլ ռեսուրսները պետության եւ հասարակության անվտանգության ապահովմանը առավելագույն արդյունավետությամբ ծառայեցնելու գիտակցումով։ Յուրաքանչյուր հրամանատար պետք է գիտակցի ծնողների կողմից իրեն վստահված զորակոչիկների կյանքի եւ անվտանգության ապահովման բարձր պատասխանատվությունը։ Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի, որ հասարակության կողմից Զինված ուժերին հատկացված նյութատեխնիկական եւ ֆինանսական ռեսուրսները քաղաքացիների՝ սեփական սոցիալական, կրթական, առողջապահական եւ մյուս ոլորտներից խնայված եւ անվտանգության ապահովման առաջնահերթությունից ելնելով իրեն տրամադրված ռեսուրսներ են։ Եվ այս գիտակցության տարածումը կառավարությունը պետք է ապահովի սեփական գործունեության օրինակով։

Զինված Ուժերը պետք է գործնականում զերծ մնան քաղաքական եւ ընտրական գործընթացների վրա որեւէ հնարավոր ապօրինի ազդեցությունից: Զինված ուժերի անձնակազմը՝ շարքայինից մինչեւ գեներալ, պետք է հնարավորություն ունենա որպես Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացի ընտրություններում իր կամքը արտահայտել առանց ապօրինի ներգործությունների։

Քաղաքական նոր իրողություններից ելնելով՝ անհրաժեշտ է ճշգրտել ՀՀ Զինված ուժերի զարգացման պլանը եւ Սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը՝ հաշվի առնելով Զինված ուժերի մարտունակության բարձրացման գերակայությունը եւ  ուշադրություն դարձնելով առաջնահերթ լուծում պահանջող հետեւյալ խնդիրներին․

Անհրաժեշտ սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով եւ նյութատեխնիկական միջոցներով համալրվածությամբ, ռազմական կառավարման արդիական համակարգերի ներդրմամբ, ինչպես նաեւ անձնակազմի մարտական վարպետության բարձրացման նոր չափանիշների սահմանմամբ ՀՀ Զինված ուժերի մարտունակության մակարդակը բարձրացնել այնպես, որ այն համապատասխանեցվի ռազմական սպառնալիքների գնահատված (կանխատեսվող) մակարդակին եւ հավանական պատերազմի բնույթին՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ զինված ոտնձգությունը զսպելու եւ կանխելու, իսկ պատերազմի ժամանակ՝ ռազմական գործողությունները հնարավորինս վաղ փուլում եւ ՀՀ համար շահավետ պայմաններով դադարեցնելու նպատակով:

Առաջնագիծը շարունակաբար համալրել արդիական տեխնիկական միջոցներով եւ մարտական հերթապահության արդյունավետությունն ու անվտանգությունը բարձրացնել այնպես, որ հակառակորդի կողմից դիտարկվող հատվածները հասնեն նվազագույնի, իսկ հերթապահությունում ընդգրկված անձնակազմի անվտանգության աստիճանը՝ առավելագույնի։

Անձնակազմի հետ տարվող աշխատանքների որակը եւ արդյունավետությունը բարձրացնել այնպես, որ էականորեն բարձրանա Զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածության մակարդակը, կարգապահությունը, ապահովվի Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը, նվազագույնի հասնեն ոչ կանոնագրային հարաբերությունները, դրանց հետեւանքով զինծառայողների արժանապատվության խոցումը, ինքնավնասման եւ ինքնասպանության (ինքնասպանության փորձերի) դեպքերը։

Այս նպատակի իրագործման համար կարեւորագույն խնդիր է նաեւ ժամկետային զինծառայողների կրթության շարունակականության ապահովումը զինվորական ծառայության ողջ ընթացքում։ Զինվորի կրթական ցենզի բարձրացումը եւ ինտելեկտուալ մակարդակի աճը պետք է լինի Զինված ուժերի զարգացման ռազմավարության կարեւորագույն ուղղություն։

Ժամկետային զինծառայողների պատշաճ եւ ամբողջական նյութական բավարարումը կազմակերպել այնպես, որ ժամկետային զինծառայողների ծնողները ստիպված չլինեն շոշափելի մասնակցություն ունենալ այդ գործընթացին։ Շարքային կազմի իրավունքների պաշտպանությունը, թիկունքային, նյութատեխնիկական եւ բժշկական ապահովումը պետք է լինի Զինված ուժերի ղեկավարության հոգածության ու ուշադրության առարկա եւ մնան հասարակության վերահսկողության ուշադրության կենտրոնում:

Բարձրացնել զինծառայողների սոցիալական պաշտպանվածության մակարդակը, իրականացնել բնակարանային եւ բժշկական ապահովման եւ այլ ծրագրեր ՝ պետական եկամուտների աճի ծավալներին զուգընթաց։ Զինված ուժերի կարեւորագույն խնդիրներից է նաեւ բանակի ապաքաղաքականացման եւ չեզոքության պահպանման սահմանադրական պահանջի իրագործումը։

Միջազգային ինտեգրման եւ հավաքական անվտանգության գործող ընթացակարգերի հնարավորություններն ընդլայնելու նպատակով զարգացնել ռազմաքաղաքական դաշինքներն ու գործընկերությունները՝ պահպանելով ՀՀ ազգային շահերից բխող եւ առկա ռազմաքաղաքական ընդհանրությունների վրա հիմնված հարաբերությունների ձեւավորման հավասարակշռությունը:

Արտաքին քաղաքականություն

Կառավարության վարած արտաքին քաղաքականության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությունն է, Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովումը, Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության բարձրացումը, բոլոր պետությունների հետ փոխշահավետ հարաբերությունների հաստատումը, միջազգային ու տարածաշրջանային գործընթացներին Հայաստանի ներգրավվածության ավելացումը, երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում Հայաստանի կայուն զարգացմանը եւ տնտեսության արդիականացմանը, նոր շուկաների ձեռքբերմանը եւ դեպի Հայաստան եւ Արցախ ներդրումային ծրագրերին նախաձեռնմանը միտված ակտիվ գործունեությունը։

Արտաքին քաղաքականություն իրականացնելիս կառավարությունն առաջնորդվելու է Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի հավաքական շահերով։

Արտաքին քաղաքականության ոլորտում կառավարությունը ջանքեր է գործադրելու՝

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ․ գործընթաց, որի հիմքում պետք է ընկած լինեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես` ժողովուրդների իրավահավասարությունը եւ ինքնորոշման իրավունքը։ Արցախի կարգավիճակը եւ անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են:

Կառավարությունը համոզված է, սակայն, բանակցությունների արդյունավետության բարձրացման նպատակով էական նշանակություն ունի խաղաղության հաստատման համար համապատասխան մթնոլորտի առկայությունը եւ կողմերի ագրեսիվ հռետորաբանության բացակայությունը։

Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը որպես հակամարտության հիմնական կողմ պետք է որոշիչ ձայն եւ ներգրավվածություն ունենա իրական եւ տեւական խաղաղ հանգուցալուծման գործընթացում:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման գործընթացի շարունակականությունն ապահովելու ուղղությամբ․ կառավարությունը համոզված է, որ միայն ոճիրի ճանաչման միջոցով է հնարավոր կանխարգելել նման հանցագործությունները։ Մարդկության դեմ հանցագործությունների եւ ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերում Հայաստանը շարունակելու է առաջամարտիկի դեր խաղալ։

Եվրասիական տնտեսական միությանը եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ։

Ռուսաստանի Դաշնության հետ ամենատարբեր բնագավառներում ռազմավարական-դաշնակցային հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ՝ այս նպատակը դիտարկելով մեր գլխավոր առաջնահերթությունների թվում։ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները պետք է հիմնված լինեն բարեկամության, իրավահավասարության, հարցերը համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամության վրա։ Կառավարությունը Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցությունը դիտարկում է որպես Հայաստանի անվտանգության ապահովման համակարգի կարեւոր բաղկացուցիչ։

ԱՄՆ-ի հետ տարբեր ոլորտներում բարեկամական գործընկերությանը զարկ տալու ուղղությամբ։ Կառավարությունը նպատակադրված է խորացնելու գործակցությունը Միացյալ Նահանգների հետ՝ Հայաստանի զարգացման ու բարեփոխումների օրակարգին աջակցելու ուղղությամբ։

ԵՄ-ի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման եւ ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու ուղղությամբ։ Եվրոպական երկրների հետ համագործակցության խորացումը կառավարության արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից է։

Իրանի եւ Վրաստանի հետ այնպիսի առանձնահատուկ հարաբերություններ զարգացնելու ուղղությամբ, որոնք հատուկ են ամենատարբեր ոլորտներում սերտորեն համագործակցող անմիջական հարեւաններին եւ որոնք հնարավորինս զերծ կլինեն այլ աշխարհքաղաքական ազդեցություններից։ Չինաստանի, Հնդկաստանի եւ Ճապոնիայի հետ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու ուղղությամբ։

Ընդլայնելու փոխգործակցությունը Մերձավոր Արեւելքի գործընկեր երկրների հետ:

Զարգացնելու համագործակցությունը Ամերիկայի, Ասիայի, Աֆրիկայի եւ Օվկիանիայի պետությունների հետ:

 

Ամբողջական  ծրագիրը` այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին