Կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի։ Հայաստանի կառավարությունն այսօր՝ հունիսի 11-ին կայացած արտահերթ նիստում որոշում է կայացրել՝ ուժի մեջ թողնել պարտադիր բաղադրիչը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իրենք ունեին մի քանի տարբերակ՝ ընդհուպ համակարգը չեղարկելու։ «Բայց համակարգը հատելէ անդառնալիության կետը։ Ովքեր վճարում են, հետաձգման պարագայում տասնյակ հազարավոր մարդիկ շարունակել էին վճարել, իսկ 80 հազար մարդու համար հետաձգվելու էր, ինչն անարդարացի է»,- ասել է վարչապետը եւ հավելել, որ նոր կարգավորում են մտցրել, որով 7,5 տոկոսը կվճարի կառավարությունը, 2,5 տոկոսը՝ քաղաքացին։ «Միջին հաշվարկով յուրաքանչյուրը ամեն ամիս հինգ հազար դրամ պակաս կվճարի, քան վճարում էր նախկինում։ Փաստացի մենք 200 հազար քաղաքացու աշխատավարձը բարձրացնում ենք։ Սա ցավոտ լուծում է, բայց բոլոր լուծումներից ամենապակաս ցավոտն էր։ Ըստ էության, մարդիկ իրենց գումարները չեն կորցնում։ Նաեւ ստանձնում ենք մեկ այլ պարտավորություն, որ փոփոխություններ կատարենք եկամտահարկի դրույքաչափերի մեջ։ Որեւէ բեռի ավելացում հետագայում եւս չի լինելու։ Պարզապես, այն ինչ վճարվում է կուտակային վճարի մասով, եկամտահարկը կիջնի, կուտակայինը կիջնի»։
Ըստ վարչապետի, սա նուրբ հարց է, եւ հուսով է՝ քաղաքացիները ըմբռնումով կմոտենան այս հարցին. «Սա այն լուծումն է, որը բխում է ՀՀ շահերից, եւ մեր քաղաքացիների շահերից։ 200 հազար քաղաքացիները քիչ գոհ կմնան մեզանից, բայց գոհ կմնան։ Սա հնարավորություն կտա խուսափել ցնցումներից»։
Կառավարության անդամներից համակարգին դեմ է արտահայտվել ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը, նշելով, որ ընդունում է, որ որոշումը պարտադրված է, սակայն ինքը դեմ է։ Փաշինյանը պատասխանեց, որ իրենք կառավարության նիստում են, ոչ՝ խորհրդարանում ընդդիմադիր, իսկ որոշումն ընդունում են թիմային պատասխանատվությամբ։ «Այս որոշումը կամ մենք թիմով ընդունում ենք, իսկ մենք պիտի գնանք այդ լուծմանը։ Ովքեր այս պատասխանատվությունը վերցնում են, մեզ հետ են, ովքեր չեն վերցնում, մեզ հետ չեն»։
Մինասյանը արձագանքել է, որ որպես կոլեգիալ մարմնի անդամ ինքը կատարելու է որոշումը։ «Այլ բան չէր էլ կարող լինել»,- արձագանքել է Փաշինյանը։
Դեմ էր նաեւ Մանե Թանդիլյանը, որը նշել է, թե ովքեր դեմ են, կարող են իրենց քվեարկությամբ ցույց տալ այդ հանգամանքը, ինչը հարուցեց վարչապետի զայրույթը։ Նա նշել է, որ պետք է ընդունել որոշումը, ապա շարունակել դրա քննարկումները։ «Մենք ոչ կոռուպցիոն, ոչ բարոյական պարտավորություններով կաշկանդված չենք»,- ասել է Փաշինյանը։
Արդյունքում, քվեարկության ժամանակ որեւէ դեմ ձայն չարձանագրվեց, որոշումն ընդունվեց։
Կառավարության որոշման մեջ ասվում է, թե պարտադիր կուտակային համակարգի շահառուների գերակշիռ մասն արդեն իսկ ներառված է համակարգում եւ շահառուների միայն փոքր մասն է, որի ներառումը համակարգում նախատեսվում է հուլիսի 1-ից հետո:
«Այս պահի դրությամբ կուտակային ֆոնդերում հավաքված է 120 միլիարդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ:
Այս պրոցեսն անցել է անդառնալիության կետը, եւ տվյալ խնդրի շուրջ որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել այն ռիսկերը, որոնք կարճաժամկետ եւ երկարաժամկետ առումով կարող են աղետալի հետեւանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար, ինչպես նաեւ այն դրական արդյունքը, որը կարող ենք ունենալ համակարգի ամբողջական ներդրմամբ»,- նշել են կառավարությունից: